Արդեն շուրջ մեկ շաբաթ Երեւանում է թեթեւագույն քաշային կարգում IBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը: Նա հայրենիքում ֆիզպատրաստության մարզիչ Ջեյք Պերեսի հետ նախապատրաստվում է հունիսի 7-ին IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Դմիտրի Կիրիլովի հետ մենամարտին: Ինչպես տեղեկացրեց երեկ լրագրողների հետ հանդիպմանը ներկա Վախթանգ Դարչինյանը, մոտ օրերս կճշտվի առաջիկա մենամարտի անցկացման վայրը: Ներկայում քննարկվում է Լաս Վեգասի եւ Մոսկվայի թեկնածությունը:
Վախթանգ Դարչինյանը Հայաստան է ժամանել իր նախկին մարզիչ Վազգեն Բադալյանի մոտ մարզվելու համար: Ցավոք, վերջինս ոտքի վնասվածք է ստացել եւ պետք է վիրահատվի, ուստի առայժմ հնարավորություն չունի օգնելու Վախթանգին: Վերջինս մարզվում է Էջմիածնում եւ հույս ունի լավագույն մարզավիճակ ձեռք բերել: Այնուհետեւ Վախթանգը կմեկնի Ավստրալիա, որտեղ էլ կշարունակի նախապատրաստությունը` մարզումների ժամանակ ստուգողական մենամարտեր անցկացնելով:
Դարչինյանը լրջորեն է նախապատրաստվում Կիրիլովի հետ մենամարտին, որում պետք է վիճարկի IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի Վախթանգի համար, ապա հետագայում նա կպայքարի աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար: Այդ բարձունքին հասնելուց հետո Դարչինյանը մտադիր է եւս մեկ քաշային կարգ բարձրանալ եւ փորձել այնտեղ էլ որեւէ վարկածով չեմպիոնական գոտի նվաճել: Այդ դեպքում, ըստ հայ բռնցքամարտիկի, ինքն Ավստրալիայում կլինի միակը, որը քաշային երեք կարգերի աշխարհի չեմպիոնի տիտղոսները նվաճած կլինի: Իսկ առաջիկա մենամարտում հաղթանակը Վախթանգը կնվիրի որդուն` 8 ամսական Ռուբենին: Անվանի բռնցքամարտիկը ցանկանում է, որ որդին էլ մարզիկ դառնա, սակայն առայժմ չգիտի, թե նա ինչ մարզաձեւ կընտրի:
Անդրադառնալով ֆիլիպինցի Զեդ Գորեսի հետ մենամարտին, որում մրցավարները տարօրինակ ձեւով ոչ-ոքի արձանագրեցին, Վախթանգը նշեց, որ արդյունքն իր համար էլ էր անսպասելի: Նրանք որոշել էին նույնիսկ բողոքարկել մենամարտի արդյունքը, բայց դա շատ ժամանակ կպահանջեր: Ի դեպ, այդ մենամարտի մրցավարը սրտի նոպա էր ունեցել, իսկ IBF-ի ֆեդերացիան էլ որակազրկել էր նրան եւ Կիրիլովի հետ մենամարտելու իրավունքը տվել էր Դարչինյանին:
Ինչպես հայտնի է, Վախթանգ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում առայժմ մեկ պարտություն է կրել: Անցած տարվա հուլիսի 7-ին նա ԱՄՆ-ում 5-րդ ռաունդում նոկաուտի էր ենթարկվել ֆիլիպինցի Նոնիտո Դոներից: Վախթանգն այդ պարտությունը պատահական է համարում եւ մեղադրում է իրեն մեկ ակնթարթ հարվածն ուշացնելու համար, այլապես իր փոխարեն ռինգի հատակին կարող էր հայտնվել մրցակիցը: Նա նաեւ մեղադրեց այժմ արդեն նախկին մենեջերին, որը Դոների հետ մենամարտ անցկացնելու պայմանագրում չէր նշել ռեւանշի հնարավորության մասին: Վախթանգը հենց մենամարտի ավարտից հետո էր հայտարարել, որ պատրաստ է կրկին ձեռնոց նետել Դոներին, սակայն վերջինս առայժմ ամեն կերպ խուսափում է նոր հանդիպումից:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հանրապետության նախագահի թեկնածուներից որեւէ մեկին սատարելու հայտարարություն ինքն արե՞լ է, թե ոչ, Վախթանգը նշեց, որ Սերժ Սարգսյանն իրեն հրավիրել էր Դիլիջան եւ լավ ընդունելության արժանացրել, որտեղ էլ հայտարարել է, որ կսատարի նրան, ում կընտրի ժողովուրդը: Վախթանգը նաեւ ավելացրեց, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ