«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2008-04-01 | #62, 2008-04-02 | #63, 2008-04-03


«ՈՉ ԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՂԹԻ, ԱՅԼՙ ԲՈԼՈՐՍ»

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ, գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանը երեկ «Փաստարկ» ակումբի հյուրն էր եւ կարծում էր, որ հասարակությունը շատ է բեւեռացված եւ այս դեպքում, միայն փոխադարձ անկեղծությունը կարող է օգնել. «Ամենամեծ չարիքներից մեկը հասարակության մեջ կեղծավորությունն է, որ դրսեւորվում է միմյանց նկատմամբ: Եթե հասարակությունն է կեղծավորության մեջ թաղված, վտանգավոր երեւույթ է մեզ համար: Ամենավատ երեւույթներից մեկն այն էր, երբ մենք ժողովրդին սկսեցինք ընտրազանգված անվանել: Մենք պետք է մտածենք, որ մենք ժողովուրդ ենք, ազգ ենք եւ կարող էինք այդ բեւեռացվածությունից խուսափել»:

Ըստ հրապարակախոսի` Դաշնակցությունը ճիշտ վճիռ է կայացրել` կոալիցիայի մաս կազմելով. «Ես նույնպես սպասողական վիճակի մեջ եմ այնպես, ինչպես նրանք, ովքեր կոալիցիայի մաս չեն: Սպասողականության մեջ բացասական էներգիա չեմ կրում: Ես ուզում եմ, որ այս թիվը եւս մենք հաղթենք: Ոչ թե Սերժ Սարգսյանը հաղթի, այլ մենք հաղթենք: Մենք բոլորս սպասողական վիճակում ենք` Արցախի, սոցիալական եւ այլ հարցերում»:

«Այս երկրում տեղի ունեցող բոլոր գործողությունները, ինչպես նաեւ մարտի մեկի դեպքերը, սեւ ու սպիտակի չպետք է բաժանել. դրան էլ կատեգորիկ դեմ եմ: Ոչ թե պետք է հետապնդենք, այլ հետամուտ լինենք, որպեսզի մարտի մեկի դեպքերի մասին հասարակությունը իմանա. մինչեւ չիմանա` չի հանգստանալու»:

Ալվարդ Պետրոսյանին ավելի շատ մտահոգում է ոչ թե դրսի, այլ ներքին վտանգը` երկրում առաջացող պառակտվածությունը. «Հաղթահարենք եւ մարդկային ձայնով միմյանց հետ խոսենք»:

Իսկ թե ի՞նչ լուրջ փոփոխություններ են սպասվում նոր կոալիցիայի ձեւավորումիցՙ բանախոսը նշեց. «Լուրջ փոփոխություններ սպասվում են մեր երկրում, եթե իմանամ, որ Վարդանիկ Ղուկասյանը Գյումրու քաղաքապետը չէ: Այսօր էլ մարդիկ կան, ովքեր ինձ եւ իմ մի քանի հազարամյակ ապրած ժողովրդին վիրավորում են... Շատ դժվար խնդիր է դրել իր առջեւ Սերժ Սարգսյանը, եթե կարողանա հաղթահարել` բռավո: Ուրեմն ճիշտ էինք, որ իրեն ընտրեցինք: Այսօր Սերժ Սարգսյանի ամենամեծ թշնամիները նրանք են, ովքեր նրան խաբում են»:

Ըստ բանախոսի` այն քաղաքական երկրպագուները, ովքեր հավաքվել էին Լեւոն Տեր-Պետրոսյանի միտինգներին, իրավունք պահանջող, սոցիալապես անապահով մարդիկ էին, ովքեր այլընտրանք չունեին. «Իսկ ես ոչ էի ասում Լեւոնին` 96-ին ձայնս տալով Վազգեն Մանուկյանին»:

Ինչ վերաբերում է մտավորականներին, ապա Ալվարդ Պետրոսյանը կարծում է, որ վերջիններս այսօր վարկաբեկված են. «Իսկական մտավորականությունը մի քիչ ավելի շատ է մտածում, այսօր բոլորը ասում են` ո՞ւր է մտավորականությունը... Երբեմն ոչ թե վախից են լռում կամ հարվածողականությունից, այլ երկար են մտածում, թե ո՞րն է ճիշտը»:

«Ես դեռ ինձ համար շատ հարցեր ունեմ պարզելու: Սա շատ լուրջ պրոբլեմ է: Վրեժխնդրությունը սեփական երկրում սարսափելի բան է, դրանից մենք ինքներս ենք տուժելու` ոչնչացնելով մեզ»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4