«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2008-04-01 | #62, 2008-04-02 | #63, 2008-04-03


ԵԹԵ ՀԱՆՐՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՉԿԱՅԱՑՆԵՆ ՀՈՎԻԿԸ, ՍՈՒՐԻԿԸ, ՎԱՐԴԱՆԸ, ԱՐՄԵՆԸ...

Մի՞թե այս «կադրերն են որոշում ամեն ինչ»

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի նախագահ դառնալու երդմնառության արարողությունն, ըստ էության, թեկուզ առերեւույթ, բայց եւ այնպես նոր իրականության սկիզբ կդնի Հայաստանի համար: Եվ այն պարզունակ մտայնությունը, որ ավելի հաճախ հետագա ոչ ճիշտ քայլերի հետեւանքներն արդարացնելու համար որպես հիմնավորում է ներկայացվում, թե նախորդների թողած ժառանգությունն է անզարգացում ներկայի պատճառը, պետք է չհնչի: Անմխիթար իրականություն ժառանգել իմացողը իր տեղում հանգիստ կնստի...

Պայքարը, որ տարվում էր ու դեռ ավարտին չի հասել նախագահի պաշտոնը ստանձնելու հարցում, բնականաբար, ենթադրում է նաեւ պարտականություններ, որոնց վստահաբար քաջատեղյակ էին եւ են պայքարի մասնակիցները: Բայց, այնուամենայնիվ, այն իրավիճակը, որ կա այսօր, որոշ նախապայմաններ է պահանջում` նախագահական լիազորությունների ստանձնումը հնարավորինս նորմալ ու արդյունավետ իրականացնելու համար:

Առաջին թերթոնը, որ հայտնվեց հասարակության մեջ ընդդեմ Սերժ Սարգսյանի, որպես առաջին էջ ընթերցողին է ներկայացնում վարչապետի եղբոր, ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի լուսանկարը: Եվ դա դեռ վարչապետի եղբորից դժգոհության բնավ էլ ոչ միակ արտահայտությունն էր:

Հասկանալի է, որ ամենից առաջ ակնկալելի կլինի, որ այդ մարդը չհայտնվի հիմնական դերակատարումներից որեւէ մեկում, ավելին, արդեն իսկ ունեցածը բավական է սեփական գործունեությունը զուտ տնտեսական շահերով սահմանափակելու ցանկությունն իրագործելու համար` չխառնվելով քաղաքականությանը եւ առավել եւս «չհարստացնելով» հանրային տեղեկատվությունը սեփական դատողություններով: Ընդ որում, եթե նախագահական ամբիցիաները Սերժ Սարգսյանին ոչ վաղ անցյալում են բնորոշ դարձել, ուրեմն եղբոր պատգամավոր լինելու հանգամանքն այնքան էլ տեղին քայլ չէր ի սկզբանե: Ամեն դեպքում, սա վարչապետի որոշելիքն է:

Հետեւելով հասարակության տրամադրություններին` քաղաքականության մեջ բնավ էլ ցանկալի ֆիգուր չէ ամենից առաջ Հովիկ Աբրահամյանը, որը տարածքային կառավարման նախարար է, փոխվարչապետ: Ինչ ասել կուզի, բայց եթե մարդը որեւէ կերպ, որեւէ ձեւով հասարակական ամենափոքր իսկ վստահություն չի վայելում, ուրեմն բնավ էլ քաղաքականությամբ, քաղաքական պաշտոններով չպետք է զբաղվի:

Իսկ եթե թեկուզ որեւէ պահի հավանական կարելի է համարել Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը որպես ապագա փոխվարչապետի, նույնիսկ նախարարի, ապա ակնհայտ է, որ վերեւներում շախմատ խաղալու հետ գլուխ չունեն ու չեն էլ ուզում ունենալ: Այնպիսի վարկանիշ ունեցող գործիչը, ինչպիսին Հովիկ Աբրահամյանն է, նույնքան հեռու պետք է լինի հասարակությանն առնչվող որոշումների կայացումից, որքան, օրինակ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի դերակատարումը Հանրապետական կուսակցության, առավել եւս այդ իշխանական կուսակցության խորհրդում բնավ չի սահմանազատվում նրա անվանն առնչվող «կրակոցային» որակումներից: Եվ բնավ էլ պետք չէ մատնացույց անել, թե Գյումրու ընտրովի քաղաքապետի հետ վարչապետն առնչվելու հարց չունի...

Հայաստանում ընտրությունները ցայսօր չեն անցել «ժողովրդավարության չափանիշներին մեծապես համապատասխան» պիտակումից` «կես աչք» դիտարկման արդյունքում: Եվ եթե այնուամենայնիվ, ընտրովի մարմնին իշխանական լծակներից հեռացնելը իսկապես կարող է վեր լինել գործադիր իշխանության ներկայացուցչի լիազորություններից այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, ուրեմն գոնե Զանգեզուրում պետք է զբաղվել մթնոլորտի «մաքրմամբ»: Սյունիքի մարզպետն էլ հաստատապես ընտրովի չէ, եւ փառք Աստծո, այլապես Սուրիկ Խաչատրյանի պարագան էլ կարող էր անկարելիության սահմաններում տեղավորվել:

Հաջորդ հրատապ խնդիրը, որ հե՜չ կապ չունի իշխանական բուրգում գտնվողների անձնական որպիսության հետ, բոլորիս ականջին անընդհատ հնչող, նյարդային ու համբերության բոլոր հնարավոր պաշարները սպառած, հասարակական աղետ ու չարիք, դժբախտություն ու էլ չգիտեմ ինչ դարձած կոռուպցիան է: Ու չնայած տվյալ դեպքում խոսում են երկրում տիրող իրավիճակի մասին, բայց կարելի է սկսել այդ հարցի լուծման միջոցների կիրառումը նաեւ, ասենք, երկրի սահմանից...

Մաքսային պետական կոմիտեն այնպես հրաշալիորեն է մարմնավորում կոռուպցիայի առնչությամբ վերը նշված բոլոր բնութագրությունները, որ կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանին առնվազն թոշակի ուղարկելու ժամանակն է, թեեւ այդ թոշակը «վաստակած» ոչ մի կերպ չես կոչի: Մյուս կողմից էլ, եթե հավատալու լինենք որոշ լուրերի, իր վաստակը Ավետիսյանը վաղուց է ապահովել: Այնպես որ Սերժ Սարգսյանին թերեւս պատմական հնարավորություն է տրվել իսկապես պայքար սկսելու կոռուպցիայի դեմ, եւ սկսելու այնպես, որ հասարակության համար վստահությունը առ իշխանություն չշարունակի մնալ պակասելու տրամաբանության մեջ: Սա էլ, մյուսներից քիչ տարբեր, վարչապետի պարտականությունն է, ընդ որում, այսօրինակ մարդկանց ցուցակը կարելի է բավականին երկար ձգել, բայց եղածն էլ բավարար է` հարցի լրջությունն ընդգծելու համար:

Բայց այս ամենից առաջ պետք է կրկին հասարակությունը բերել հանդարտության վիճակին, այս կիսապայթած ռումբի իրողությունը չի կարող երկար ձգվել: Չի կարելի ձգել նաեւ անդեմ ու անֆիգուր քառակողմ «աննախադեպ» կոալիցիայի բերած անորոշությունը ճիշտ այնպես, ինչպես անորոշության մեջ է պահվում նույն հասարակությունը ԼՏՊ-ին սպասվող ճակատագրի առումով: Ի՞նչ է, մի՞թե մեր իրավապահների համար այդքան բարդ խնդիր է որոշակի հստակեցմամբ հարցը հասարակությանը մատուցել այն դեպքում, երբ մարդորսությամբ են փորձում սեփական անկատարության «բացերը» լրացնել... Ինչպես ռուսը կասեր` եթե ցանկություն լինի...

Այս ամենն այն ակնհայտն է, որ պետք է, շուտափույթ պետք է բարեփոխել Հայաստանում: Այս ամենն այն նվազագույնն է, որ պետք է նախաձեռնել` ապահովելու առանց այն էլ համախմբման հանդեպ ցանկություն չդրսեւորող ազգին պառակտումից ազատելու համար: Այս ամենն այն դերն է, որ պետք է ուժեղ ու վստահելի կատարող ունենա կամ այնպիսի կատարող, որ այդօրինակ քայլերով կստանա ինչպես հասարակական աջակցություն, այնպես էլ վստահություն: Եվ եթե ելնենք այն մոտեցումից, որ հազարավոր մարդկանց փետրվարյան օրերին Ազատության հրապարակ էր տանում դժգոհությունը երկրում տիրող իրավիճակից, ուրեմն պետք է փոխել այդ իրավիճակը` ալիքի կատարին հայտնված ու հատակ իջած պարապ մարդկանց ալիքներով կրկին հրճվելու հնարավորությունը բացառելու համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4