«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2008-04-01 | #62, 2008-04-02 | #63, 2008-04-03


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԵՐԿՈՒ ԾՐԱԳՐԵՐՙ ՀԱՂԹՈՂ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Համաշխարհային բանկի կողմից Հայաստանում իրականացված երկու ծրագրեր երեկ հաղթող են դարձել Համաշխարհային բանկի «Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում մարդկանց կյանքի բարելավման» առաջին տարեկան մրցանակաբաշխությունում: Դրանք են Հայաստանի պատվարների անվտանգության ծրագիրը եւ աղքատության ծրագրային մոնիթորինգը: Այս մասին տեղեկացանք Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակից:

Ինչպես նշել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Դոննա Դոուսենթ-Քոյրոլոն, Համաշխարհային բանկի ներգրավումն այս ոլորտում անմիջական արձագանք էր կառավարության այն մտահոգությանը, որ երկրի պատվարների համակարգը գտնվում էր ֆիզիկապես բարձիթողի վիճակում եւ դիմակայում էր փլուզման վտանգին: «Տեխնիկական զննությունները բացահայտեցին, որ միջազգային չափանիշերով Հայաստանի պատվարների մեծ մասը չի բավարարում անվտանգության ընդունելի նորմերը: Հետեւաբար, այս ծրագրի ամենակարեւոր խնդիրն այն է, որ ծրագիրն ապահովեց պատվարների ջրահոսքի ստորին հատվածներում բնակվող Հայաստանի գրեթե կես միլիոն ազգաբնակչության անվտանգությունը», ասել է նա:

Ըստ ՀԲ երեւանյան գրասենյակի, վերոնշյալ ծրագրով վերականգնվեց փլուզման առավել բարձր ռիսկայնություն ունեցող 26 պատվար: Այժմ այդ պատվարների ջրահոսքի ստորին հատվածում բնակվող 375 հազար մարդ պաշտպանված է: Մարմարիկի պատվարի ընթացող վերականգնումը կապահովի ջրահոսքի ստորին հատվածում բնակվող եւս 162 հազար մարդու անվտանգությունը: Բոլոր տեղանքների համար մշակվել են արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրեր, իսկ 156 գյուղում տեղադրվել են վթարների նախազգուշացման համակարգեր: Ջրահոսքի ստորին հատվածում գտնվող համայնքներում արտակարգ իրավիճակների վարչությունը շարունակում է իրականացնել իրազեկման քարոզարշավները:

Ինչ վերաբերում է հաղթած մյուս ծրագրինՙ աղքատության ծրագրային մոնիթորինգին, ապա Դոննա Դոուսենթ-Քոյրոլոն այն կարծիքն է հայտնել, որ օբյեկտիվ, փաստացի տվյալներն անչափ կարեւոր են կենսամակարդակի մոնիթորինգի ու քաղաքականության գիտելիքահենք մշակման համար, հատկապես` առողջապահության, կրթության եւ սոցիալական պաշտպանության ոլորտներում: Վիճակագրական ծառայության տրամադրած տվյալներն ազդում են կառավարության քաղաքականության եւ մարդկանց կյանքի վրա: Որպես սոցիալական քաղաքականության գծով որոշումների կայացման ներդրում` Ազգային վիճակագրական ծառայությունն իրականացնում է տնային տնտեսությունների համապարփակ ամենամյա ուսումնասիրություններ: Օրինակ, ուսումնասիրությունների տվյալներն առանցքային են եղել հասցեական սոցիալական օժանդակության եւ անվճար բուժօգնության մշակման ու բյուջետավորման հարցում: Կենսամակարդակի ցուցանիշները եւ «ՀՀ սոցիալական պատկերը եւ աղքատությունը» զեկույցն ամեն տարի հրապարակվում են հայերեն եւ անգլերեն լեզուներով:

Տեղեկացվում է նաեւ, որ Համաշխարհային բանկի մրցավարների խումբն ընտրել էր Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի (ԵԿԱ) տարածաշրջանի 22 ծրագիր:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4