«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2008-04-01 | #62, 2008-04-02 | #63, 2008-04-03


ՈՒՂԵԳՐԵՐԻ ՏԵՐԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱՆ ՊԱՏԱՍԽԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի գավաթի քառորդ եզրափակիչ առաջին հանդիպումներն աչքի ընկան անհաշտ մրցապայքարով: Թիմերից եւ ոչ մեկը պատասխան հանդիպումներից առաջ իրեն չի կարող հանգիստ զգալ:

Մեծ հետաքրքրություն էր ներկայացնում «Փյունիկ»-«Գանձասար» հանդիպումը: Խաղասկզբում ավելի ակտիվ էին փյունիկցիները, որոնք գոլային երկու լավ պահ ստեղծեցին: 3-րդ րոպեին Գալուստ Պետրոսյանը ներխուժեց տուգանային հրապարակ, սակայն չկարողացավ գրավել դարպասը: 10 րոպե անց Հենրիխ Մխիթարյանը ձախ թեւով անցում կատարեց եւ գնդակը փոխանցեց Գալուստ Պետրոսյանին, սակայն վերջինս կրկին չկարողացավ հաղթող դուրս գալ դարպասապահի հետ մենամարտում: «Գանձասարից» էլ գոլային պահը չօգտագործեց Ալեքսանդր Պետրոսյանը: Խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում: Դարպասները մնացին անառիկ:

«Միկան» 1-0 հաշվով հաղթեց «Կիլիկիային»: Հանդիպման ելքը վճռեց 23-րդ րոպեին Նարեկ Բեգլարյանի խփած միակ գոլը: «Բանանցի» ֆուտբոլիստներն էլ միայն խաղավարտից մեկ րոպե առաջ վճռեցին Գյումրիում «Շիրակի» հետ կայացած մրցավեճի ելքը: Միակ գոլն իր օգտին գրանցեց Սարգիս Կարապետյանը: Միակ գնդակը վճռեց նաեւ Աշտարակում կայացած «Արարատ»-«Ուլիս» հանդիպման ելքը: Ուլիսցի Գոռ Աթաբեկյանը հաղթանակ պարգեւեց իր թիմակիցներին: Պատասխան հանդիպումները կկայանան ապրիլի 10-ին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4