«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2008-04-02 | #63, 2008-04-03 | #64, 2008-04-04


ԱԴՐԲԵՋԱՆԸ ԹՅՈՒՐ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄ ՈՒՆԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԼՂՀ Ազգային ժողովում ղարաբաղյան կարգավորման նոր քննարկումների փուլ է սկսվել: Խորհրդարանական լսումներ նախաձեռնողը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն էր: Հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի խոսքով` քննարկումները շարունակությունն են 2006 թվականի գարնանը տեղի ունեցած խորհրդարանական լսումների: Դրանք ավելի ընդարձակ կազմով, որին կմասնակցեն նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, կկազմակերպվեն առաջիկայում, իսկ ավելի ուշՙ այս ամսվա վերջերին, քննարկումներ տեղի կունենան արդեն ՀՀ խորհրդարանական պատվիրակության մասնակցությամբ:

Ապրիլի 2-ին տեղի ունեցած լսումները դռնփակ էին լրատվամիջոցների համար, սակայն դրանց ավարտից անմիջապես հետո Վահրամ Աթանեսյանը եւ ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը հանդիպեցին լրագրողների հետ ու պատասխանեցին նրանց հարցերին:

Լսումների թեման, ըստ բանախոսների, Կոսովոյի նախադեպն էր` դրանից արտածվող միտումների առնչությամբ: Արտաքին գերատեսչության ղեկավարը, որ լսումներում հիմնական զեկուցողն էր, գտնում է, որ Կոսովոյի նախադեպը մյուս հակամարտությունների, մասնավորապես ղարաբաղյան կարգավորման համար միանգամայն կիրառելի է: Խնդիրը ստույգ դեպքում այն է, որ Ղարաբաղը չդարձնեն չճանաչելու նախադեպ:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի համոզմամբ` բանակցային գործընթացում վիճակն արմատապես փոխվել, եւ ԼՂՀ խորհրդարանը որպես ներկայացուցչական մարմին պետք է հստակեցնի իր վերջնական վերաբերմունքը, դրանով իսկ ուղի հարթելով գործադիր մարմնի համապատասխան քայլերի համար: Պատգամավորը չի գտնում, թե ԼՂՀ-ն պարտավոր է իր կարծիքը համաձայնեցնել ՀՀ-ի հետ: Չկան թույլատրելի կամ անթույլատրելի միջոցներ, կա ժողովրդի կամք, որով պիտի առաջնորդվի ներկայացուցչական մարմինը: Իր իսկ բնութագրմամբ` այս ոչ դիվանագիտական ձեւակերպմանը Վ. Աթանեսյանը նաեւ հավելեց. «Լեռնային Ղարաբաղն անկախություն հռչակել է Կոսովոյից 16 տարի առաջ, եւ այժմ խնդիրն այդ անկախությունը պաշտպանելն է»: Պատգամավորի տեսակետով` միակողմանի քայլերի դիմելու իրավունքը ԼՂՀ-ից ոչ ոք չի վերցրել: Միեւնույն ժամանակ, Ղարաբաղը որեւէ մակարդակով չի հաստատել մադրիդյան սկզբունքների ընդունելի լինելը: Ինչ մնում է Ադրբեջանի կոշտ մոտեցումներին, ապա հարեւան երկրում պարզապես թյուր պատկերացում ունեն Լեռնային Ղարաբաղի դիրքորոշման մասին:

Հայաստանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու հնարավորության վերաբերյալ Վ. Աթանեսյանն ասաց, որ գոնե առաջիկա 1-2 ամիսներին դրա հավանականությունը չի տեսնում: Խնդրո առարկայի առնչությամբ «Ազգի» այն հարցին, թե ճանաչման պարագայում ինչպե՞ս կգնահատվի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատմական որոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն ասաց, որ ճանաչման իրավական ձեւակերպումից առաջ, անշուշտ, խնդիրը լուրջ կուսումնասիրվի: Իսկ Վահրամ Աթանեսյանը դեկտեմբերի 1-ի որոշումն անվանեց պարզապես ազգային իղձերի խորհրդանիշ եւ նշեց, որ ԽՍՀՄ-ի հետ անցյալ է գնացել նաեւ հիշյալ որոշումը: ՀՀ եւ ԼՂՀ սահմանադրություններում նման դրույթ չկա, ու չպիտի կարեւորել ՀԽՍՀ ԳԽ երբեմնի որոշումը:

Գեորգի Պետրոսյանը լրագրողներին իրազեկեց, որ հաջորդ օրը մեկնելու է Երեւան` խորհրդատվությունների: Բնականաբար, թեման դարձյալ լինելու է նոր ստեղծված իրավիճակում Ղարաբաղի մոտեցումների հստակեցումը:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4