Զարգացման հայկական գործակալության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) նախաձեռնությամբ երեկ կայացավ սեւծովյան առեւտրի եւ ներդրումների խրախուսման ծրագրի շնորհանդեսը:
Շնորհանդեսի նպատակն է` նպաստել սեւծովյան տարածաշրջանում առեւտրի եւ ներդրման կապերի զարգացմանը, ընդլայնմանը, ինչպես նաեւ հայրենական արտադրանքի արտահանման խթանմանը: Ծրագրի շրջանակներում տարին 2 անգամ սեւծովյան տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներում կկազմակերպվեն տարբեր ձեւաչափերով գործարար միջոցառումներ` համաժողովներ, ցուցահանդեսներ:
«Ծրագիրն այնպիսին է, որ պետք է փորձենք համատեղ աշխատել, որովհետեւ ռեսուրսներ են պահանջվելու թե՛ միջազգային կազմակերպություններից, թե՛ կառավարությունից եւ թե՛ աջակցող կառույցներից: Այս ծրագիրը այնպիսին չէ, որ բոլոր միջազգային կառույցները խնդիրները լուծեն, ռեսուրսները դնեն եւ մենք միայն օգտվենք: Այստեղ համատեղ մասնակցության խնդիր է. ինչքան մենք կարողանանք համատեղ ջանքեր գործադրել, այնքան արդյունքները խոստումնալից կլինեն: Համոզված եմ, որ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունն էլ կաջակցի մեր խնդիրներին, համատեղ կաշխատենք եւ կունենանք արդյունք:
Սա բացի տնտեսական բովանդակությունից, նաեւ արտահանմանն ուղղված ծրագիր է, որն ունի ընդգրկուն, լայն նպատակ` սեւծովյան տարածաշրջանային երկրների համագործակցության համար», իր ելույթում նշեց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Տիգրան Դավթյանը:
Ծրագրին մեծ աջակցություն է ցուցաբերում նաեւ արտաքին գերատեսչությունը; Շնորհանդեսին ներկա արտգործփոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը նշեց. «Քանի որ սա համատեղ առաջին ծրագիրն է, որ իրականացվում է Հայաստանում, յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ առաջինը դժվար է լինում, բայց տարիներ շարունակ մենք բազմաթիվ ծրագրերի մասնակցել ենք եւ իսկապես այս ծրագիրը կուզենայինք, որ շարունակական լինի: Հայաստանը այս ծրագրի շրջանակներում պետք է ապացուցի, որ փոքր եւ միջին բիզնեսի ծրագրերը կապված են այսօրվա հետ, կապված են նաեւ մեր երկրի ապագայի հետ: Ամեն ինչ կանենք, որ այս շնորհանդեսը իր լավագույն ավանդույթները սկսի եւ շարունակի»:
Գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյան. «Սա սեւծովյան համագործակցության երկրներում բացառիկ համագործակցության ձեւ է. հետաքրքրական միջոց է խթանելու արտահանումը: Արտահանում, որը տնտեսության զարգացման ամենակարեւոր ուղղությունն է: Ծրագիրը հնարավորություն է տալիս ինֆորմացիայի փոխանակման, գործարար հանդիպումների իրականացման եւ ապրանքատեսակների ու ծառայությունների խթանմանը, որոնք հարեւան շուկաներում կկարողանան զարգանալ: Ծրագիրը, որ հովանավորում է ՄԱԿ-ը, հնարավորություն է տալիս շատ արգելափակոցներ հաղթահարել, արտահանման ծավալները մեծացնել, որպեսզի մեր հարեւանները մեզ հետ հաշվի նստեն»:
ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն էլ իր հերթին ընդգծեց. «Բազմաթիվ խնդիրներ ունենք: Պետք է կարողանանք առեւտրի ռեժիմը դարձնել մատչելի` տնտեսվարող սուբյեկտների համար: Ավելի մեծ խնդիրներ ունենք զարգացած շուկաները հասկանալու: Մասնավոր հատվածը եթե մասնակցի այս ծրագրին, կկարողանանք ունենալ ավելի լուրջ հիմնադրումներ, որը նպատակաուղղված է մասամբ ապրանքը ներկայացնելու տարածաշրջանում: Կառավարությունն էլ մեզ հետ ամբողջությամբ օժանդակում է այս ծրագրին»:
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մեկնարկային հանդիպումը տեղի է ունեցել 2007-ի դեկտեմբերի 3-4-ը Հունաստանում: ՍԾՏՀ-ին անդամակցում են 12 երկրներ` Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Թուրքիա, Հայաստան, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Ուկրաինա եւ Սերբիա/Մոնտենեգրո:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ