Ընթացիկ մրցաշրջանում Լեւոն Արոնյանի վստահ ելույթներն իրենց արտացոլումն են գտել ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում հայ գրոսմայստերի ցուցանիշներում: «Ազգը» չէր բացառել, որ Լեւոն Արոնյանի վարկանիշը հնարավոր է գերազանցի նրա ռեկորդային ցուցանիշը: Եվ ահա, ՖԻԴԵ-ի դասակարգման նոր ցուցակում Լեւոն Արոնյանը հասել է իր համար ռեկորդային վարկանիշի (2763)ՙ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: Շախմատասերներին հիշեցնենք, որ մարզական իր կարիերայի ընթացքում ամենաբարձր վարկանիշը (2761) Լեւոնն ունեցել է 2006-ի հուլիսի 1-ին:
Դասակարգման նախորդ ցուցակի (հունվարի 1-ի դրությամբ) համեմատ Արոնյանը վարկանիշը բարձրացրել է 24-ով եւ չորս հորիզոնականով առաջադիմել է: Եթե Արոնյանը շարունակի իր վստահ ելույթները նաեւ առաջիկա մրցաշարերում, ապա ընդհուպ կմոտենա 2800-ի սահմանագծին, որն առայժմ հաջողվել է հատել միայն աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդին (2803): Իսկ ահա մյուս երկու շախմատիստները զգալի հետընթաց են ունեցել: Վլադիմիր Հակոբյանը 27-ով նվազեցրել է վարկանիշը (2673) ու 23-րդ տեղից նահանջել է 49-րդ հորիզոնական: Գաբրիել Սարգսյանն էլ 33-ով իջեցրել է վարկանիշը (2643) ու 43-րդ տեղից նահանջել է 77-րդ հորիզոնական: Իսկ ահա Կարեն Ասրյանը կրկին տեղ է զբաղեցրել 100 լավագույնների շարքում: Նա 2630 վարկանիշով 92-րդ տեղում է: Հակոբյանն ու Սարգսյանն ամենազգալի հետընթացն ունեցած շախմատիստներն են:
Նախորդ ցուցակի համեմատ ամենամեծ առաջընթացն ունեցել է նորվեգացի Մագնուս Կառլսենը: Նա իր վարկանիշն ավելացրել է 32-ով (2765) եւ 13-րդ տեղից տեղափոխվել է 5-րդ հորիզոնական: Լավագույն հնգյակում տեղ զբաղեցրած շախմատիստներից Կրամնիկը (-11) եւ Թոփալովը (-13) նվազեցրել են վարկանիշները, իսկ Անանդը (+4) եւ Մորոզեւիչը (+9)ՙ ավելացրել:
Կանանց դասակարգման ցուցակում 50 լավագույնների ցանկում Էլինա Դանիելյանը 2479 վարկանիշով 17-րդ տեղում է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 2413 վարկանիշով բաժանում է 50-53-րդ տեղերը: Ցուցակը նախկինի պես գլխավորում է հունգարուհի Հուդիթ Պոլգարը: Մինչեւ 20 տարեկան երիտասարդների ու աղջիկների 20 լավագույնների թվում Հայաստանը կրկին ներկայացուցիչ չունի: Երիտասարդների ցուցակը 2765 վարկանիշով գլխավորում է Մագնուս Կառլսենը, աղջիկներինըՙ Հոու Յիֆանը (2549):
Երկրների մեջ Հայաստանը 2625 վարկանիշով 6-րդ տեղում է: Ցուցակը նախկինի պես գլխավորում է Ռուսաստանը (2719), որին հաջորդում են Ուկրաինան (2684), Իսրայելը (2635), Չինաստանը (2635) եւ ԱՄՆ-ն (2634):
Ներկայացնում ենք տղամարդկանց եւ կանանց դասակարգման ցուցակների լավագույն տասնյակները:
Տղամարդիկ
1. Վիշվանաթան Անանդ | Հնդկաստան | 2803 |
2. Վլադիմիր Կրամնիկ | Ռուսաստան | 2788 |
3. Ալեքսանդր Մորոզեւիչ | Ռուսաստան | 2774 |
4. Վեսելին Թոփալով | Բուլղարիա | 2767 |
5. Մագնուս Կառլսեն | Նորվեգիա | 2765 |
6. Լեւոն Արոնյան | Հայաստան | 2763 |
7. Շահրիյար Մամեդյարով | Ադրբեջան | 2752 |
8. Թեյմուր Ռաջաբով | Ադրբեջան | 2751 |
9. Պյոտր Սվիդլեր | Ռուսաստան | 2746 |
10. Պետեր Լեկո | Հունգարիա | 2741 |
Կանայք
1. Հուդիթ Պոլգար | Հունգարիա | 2709 |
2. Համպի Կոներու | Հնդկաստան | 2603 |
3. Հոու Յիֆան | Չինաստան | 2549 |
4. Պիա Կրամլինգ | Շվեդիա | 2539 |
5. Անտոանետա Ստեֆանովա | Բուլղարիա | 2538 |
6. Չհաո Հուե | Չինաստան | 2523 |
7. Ալեքսանդրա Կոստենյուկ | Ռուսաստան | 2523 |
8. Մարիա Սեբագ | Ֆրանսիա | 2521 |
9. Չժու Չեն | Քաթար | 2521 |
10. Մոնիկա Սոչկո | Լեհաստան | 2505 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ