«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2008-04-03 | #64, 2008-04-04 | #65, 2008-04-05


ՉՈՐՍ ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐ ՌԴ ԱԿՈՒՄԲԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Չորս հայ շախմատիստներ տարբեր թիմերի կազմերում մասնակցում են Դագոմիսում ընթացող շախմատի Ռուսաստանի ակումբային առաջնությանը: Չեմպիոնի տիտղոսը վիճարկում են 12 թիմեր, որոնք մրցում են շրջանաձեւ մրցակարգով: Բացի այդ, առաջին չորս տեղերը զբաղեցրած թիմերը կմասնակցեն Եվրոպայի ակումբային առաջնությանը: Այս տարի լեգեոնականների սահմանափակում է մտցվել: Յուրաքանչյուր թիմում նրանց թիվը չպետք է գերազանցի երեքը:

Կարեն Ասրյանը հանդես է գալիս Մոսկվայի ՇՍՄ թիմում, որտեղ խաղում է 2-րդ խաղատախտակի վրա, իսկ 4-րդ խաղատախտակի վրա հանդես է գալիս Սերգեյ Գրիգորյանցը: Սերգեյ Մովսիսյանը Սանկտ Պետերբուրգի ՖԻՆԷԿ-ի կազմում է, իսկ Վլադիմիր Հակոբյանն ընդգրկված է Եկատերինբուրգի «Ուրալի» կազմում:

Առաջին տուրում ՇՍՄ-ն ոչ-ոքի (3-3) խաղաց «64-ի» հետ, ՖԻՆԷԿ-ը 2,5-3,5 հաշվով պարտվեց «Շատարին», ընդ որում Սերգեյ Մովսիսյանը հաղթեց Տրեգուբովին, «Ուրալը» հաղթեց «Սպասիոյին» (4-2, Հակոբյանը չմասնակցեց խաղին): 2-րդ տուրում մեր բոլոր շախմատիստներն էլ հաշտություն կնքեցին: Ընդ որում, Հակոբյան-Շապոշնիկով պարտիայում ընդամենը 13 քայլ կատարվեց: 20 քայլ կատարվեց Սակաեւ-Ասրյան պարտիայում: Մովսիսյանն ու Կուռնոսովը հաշտություն կնքեցին 29-րդ քայլում, իսկ Գրիգորյանց-Վոլոկիտին պարտիայում ոչ-ոքի գրանցվեց 33-րդ քայլին:

ՇՍՄ-ն 4-2 հաշվով հաղթեց ՏՊՍ-ին, «Ուրալը» մեծ առավելության հասավ «Էկոնոմիստ-2»-ի նկատմամբ (4,5-1,5), ՖԻՆԷԿ-ը հաղթեց «Յուժնի Ուրալին» (3,5-2,5): 2 տուրից հետո 4-ական միավորով աղյուսակը գլխավորում են «Ուրալը» եւ «Էկոնոմիստ-1»-ը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4