«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2008-04-03 | #64, 2008-04-04 | #65, 2008-04-05


ՆԱՎՐԱՏԻԼՈՎԱՅԻՆ ԿՐԿԻՆ ՉԵԽԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ ՀԱՆՁՆՎԵՑ

Համաշխարհային թենիսի լեգենդներից մեկը` Մարտինա Նավրատիլովան կրկին Չեխիայի քաղաքացիություն է ստացել: Նա 30 տարի առաջ հեռացել էր երկրից` մեկնելով ԱՄՆ, որտեղ ամերիկյան քաղաքացիություն էր ստացել: Հունվարի 9-ին լեգենդար թենիսիստուհին Չեխիայի անձնագիր է ստացել: 51-ամյա Նավրատիլովան ներկայում երկքաղաքացիություն ունի:

Պրահայում ծնված Նավրատիլովան ԱՄՆ էր փախել 1975-ին: Կոմունիստական իշխանությունները նրան անմիջապես զրկել էին քաղաքացիությունից: 6 տարի անց Նավրատիլովան ԱՄՆ-ի քաղաքացիություն էր ստացել: Անցած տարի թենիսիստուհին հայտարարել էր, որ եթե նախկինում ամաչում էր Չեխոսլովակիայի իշխանությունների վարած քաղաքականության եւ երկրում տիրող վարչակարգի համար, ապա այժմ նույնպիսի զգացում ունի ԱՄՆ-ի եւ նրա նախագահ Ջորջ Բուշի հանդեպ: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ մեկնելու հիմնական պատճառն այն էր, որ Չեխոսլովակիայի իշխանություններն իրեն արգելում էին մրցաշարերի մեկնել ամերիկյան մայրցամաք:

ԱՄՆ մեկնելը վճռորոշ դեր խաղաց Մարտինա Նավրատիլովայի մարզական կենսագրությունում: Նա դարձավ թենիսի «գերաստղերից» մեկը: Իր երկարատեւ մարզական կարիերայի ընթացքում անվանի թենիսիստուհին հաղթող է ճանաչվել «Մեծ սաղավարտի» շարքին դասվող 18 մրցաշարերում` Ուիմբլդոնում (9 անգամ), ԱՄՆ-ի բաց առաջնությունում (4), Ավստրալիայի բաց առաջնությունում (3) եւ «Ռոլան Գարոսում» (2):

Նավրատիլովան 1994-ին հրաժեշտ էր տվել թենիսին, սակայն 2000-ին կրկին կորտ վերադարձավ` հանդես գալով զուգախաղում ու նույնիսկ մի քանի մրցաշարերի հաղթող ճանաչվեց: Միայն 2006-ի դեկտեմբերին նա վերջնականապես ավարտեց ելույթները մեծ թենիսում: Ընդհանուր առմամբ Նավրատիլովան հաղթող է ճանաչվել 354 մրցաշարում, ինչը յուրօրինակ ռեկորդ է: Ներկայում նա մտադիր է Չեխիայում պատանի թենիսիստների համար թենիսի ակադեմիա հիմնել:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4