«Ուրբաթ» ակումբում երեկ հյուրընկալված Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը խոսելով կանանց իրավունքներից` նշեց, որ իր համար դժվար է տարբերություն դնել կնոջ իրավունք եւ տղամարդու իրավունք հասկացությունների միջեւ: Նրա համար այսօր գերակա խնդիր է ընդհանրապես համամարդկային իրավունքը, իսկ կանայք ու տղամարդիկ իրենց իրավունքներում հավասար են: Ինչ վերաբերում է կանանց միամսյակին, ապա Թուխիկյանը համամիտ չէ այն կարծիքին, որ կանանց մեկ ամիս են նվիրում եւ սահմանափակվում դրանով. «Ընդհանրապես չեմ ընդունում. սատանիզմի ակնհայտ դրսեւորում կա մարտի 8-ի մեջ: Ի՞նչ է նշանակում մեկամսյակ կանանց համար: Ձեւեր թափել, թե որոշակի դրական վերաբերմունք են ցուցաբերում կանանց նկատմամբ»:
Իսկ ժամանակակից հայ կնոջ կերպարը, ըստ Թուխիկյանի, այն է, որ կինը պետք է լինի կիրթ, բարոյական, ազնիվ: Իսկ այսօր, Թուխիկյանի կարծիքով, հայ կինը ջղային է, չռեալիզացված եւ շատերն էլ ընկել են ձեւի հետեւից. «Հեռացել ենք մեր ճշմարտությունից, էպոսից, քրիստոնեությունից: Հոգեւոր վերականգնման կարիք ունենք, արժեքների գնահատման եւ տարածման կարիք կա»:
Ու նաեւ նշում է Թուխիկյանը, որ հասարակության մեջ, սեղանի մոտ շատ հաճախ են ճառեր ասում` սուտ ու հաճոյախոս, որից հետո սկսում են բամբասել ու կեղծավորաբար իրար ժպտալ:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ