«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2008-04-04 | #65, 2008-04-05 | #66, 2008-04-08


ՅՈՒՐԻ ՊԱՏՐԻԿԵԵՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՊԱՐԳԵՎԵՑ

Հայ ըմբիշներին չհաջողվեց օլիմպիական ուղեգիր նվաճել

Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որում բացի մեդալներից, խաղարկվում էին նաեւ Պեկինի օլիմպիադայի ուղեգրեր: Դրանք բաժին պետք է հասնեին քաշային յուրաքանչյուր կարգում լավագույնը ճանաչված ըմբիշներին:

Ինչպես եւ ազատ ոճային ըմբիշները, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներին էլ չհաջողվեց օլիմպիական ուղեգրեր նվաճել: Ճիշտ է, ի տարբերություն ազատ ոճայինների, հունահռոմեական ոճի մեր ըմբիշներից երկուսը դարձան մրցանակակիր: Առավել հաջողը Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի գերծանրքաշային ըմբիշ Յուրի Պատրիկեեւի ելույթն էր: Նա հիանալի անցկացրեց իր բոլոր մենամարտերը եւ մտավ եզրափակիչ: Այստեղ նրա մրցակիցն իր հայրենակից, ռուսաստանցի անվանի ըմբիշ, Աթենքի օլիմպիադայի չեմպիոն, 25-ամյա Հասան Բարոեւն էր: Պատրիկեեւը հաղթեց 7-1 հաշվով եւ դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն: Առաջին երկու տիտղոսները նա նվաճել էր ՌԴ հավաքականի կազմում, իսկ Տամպերեում նա իր առաջին ոսկե մեդալը նվաճեց Հայաստանի դրոշի ներքո հանդես գալով: Հիշեցնենք, որ անցած տարի Բաքվում կայացած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Պատրիկեեւն արժանացել էր բրոնզե մեդալի եւ օլիմպիական ուղեգիր էր նվաճել:

Մեր հավաքականին 2-րդ մեդալը պարգեւեց Ռոման Ամոյանը: Մինչեւ 55 կգ քաշային ըմբիշների մրցավեճում Ռոմանը հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ մրցեց ադրբեջանցի Ռովշան Բայրամովի հետ: Մեր ըմբիշը պարտվեց ու գրավեց 2-րդ տեղըՙ զրկվելով օլիմպիական ուղեգրից:

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը, որ վաղուց արդեն հանդես է գալիս Բուլղարիայի հավաքականում, մինչեւ 60 կգ քաշային կարգում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոնՙ եզրափակիչում զիջելով ֆինն Ալախայկուին: Ուկրաինան ներկայացնող հայազգի ըմբիշ Վարդանյանը չեմպիոն հռչակվեց մինչեւ 66 կգ քաշային կարգումՙ վճռորոշ գոտեմարտը շահելով ռումինացի Պանաիտից: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի մյուս անդամներին, ապա Արման Ադիկյանը (66 կգ), որ օլիմպիական ուղեգիր ունի, առաջին փուլում պարտվեց: 74 կգ քաշային Էդգար Բաբայանը եւս մեկնարկում անհաջողության մատնվեց: Նույն բախտին արժանացավ նաեւ Տիգրան Սահակյանը (84 կգ): Արման Գեղամյանը (96 կգ) հասավ մինչեւ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց վրացի Ռամազ Նոզաձեին: Խոսրով Մելիքյանն էլ (60կգ) 1/8 եզրափակիչում զիջեց ՌԴ ներկայացուցիչ Ասլան Աբդուլինին:

Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացրած Կարինե Շադոյանը (72 կգ) առաջին փուլում հաղթելով հունգարուհի Ռիտա Սուսին, հաջորդ գոտեմարտում պարտվեց շվեդուհի Ջենի Ֆրենսոնին ու դուրս մնաց հետագա պայքարից:

Այսպիսով, կարելի է փաստել, որ մեր ըմբիշների համար Եվրոպայի առաջնությունը հաջող չէր, հաշվի առնելով, որ մրցագորգ դուրս եկած 15 ըմբիշներից եւ ոչ մեկն օլիմպիական ուղեգիր չնվաճեց: Ճիշտ է, դեռեւս վարկանիշային երկու մրցաշար կա:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4