«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2008-04-05 | #66, 2008-04-08 | #67, 2008-04-09


ԱԼԱՎԵՐԴԻՆ ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՒՆԻ

Ալավերդու քաղաքապետի ապրիլի 6-ին տեղի ունեցած ընտրություններին քաղաքի 20 հազար բնակչությունից մասնակցել է շուրջ 9 հազար ընտրողՙ ընտրելու իրավունք ունեցողների 50 տոկոսը: Քաղաքապետի թեկնածուներից ՀՅԴ անդամ Ալբերտ Սարգսյան եւ ՀՀԿ անդամ Արթուր Նալբանդյան, ընտրվել է վերջինը: Ձայների բաշխումը եղել է 84 եւ 16 տոկոս հօգուտ 37-ամյա հանրապետական Արթուր Նալբանդյանի: Նա Ալավերդու քաղաքապետի պաշտոնում աշխատել է նախորդՙ 2005 թվականի մայիսի 8-ին կայացած ընտրություններում հաղթելուց հետո եւ հաջորդ 4 տարիներին էլ նույն պաշտոնավարման իրավունքը ստացել է ալավերդցի ընտրողներից:

«Ալավերդին միշտ դրականապես տարբերվել է իր ընտրություններով եւ այս անգամ էլ տարբերվեց: Մեր չարչարանքն ու ճիշտ, արդյունավետ համագործակցությունը «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերության հետ բերեցին իրենց արգասիքըՙ ժողովուրդն այդքան մեծ վստահության քվե տվեց», Ալավերդիում հրավիրված ասուլիսին ասաց հին ու նոր քաղաքապետ Արթուր Նալբանդյանը: Նա վստահեցրեց, որ վերջին երեք տարիներին ոլորտ չի եղել, որում Ալավերդին դրական տեղաշարժ չարձանագրի: Քաղաքապետը մտադիր է նույնկերպ շարունակել առավել ուշադրություն կենտրոնացնելով որոշակի ոլորտներիՙ զբոսաշրջության, քարամշակման, փայտամշակման վրա: Ալավերդիում գործում է քարամշակման 11 արտադրամաս, որոնցում մշակվում է տեղական լալվարիտը, որն այդ անունն է կրում Լալվար լեռան լանջից արդյունահանվելու պատճառով: Մինչ այժմ այն օգտագործվել է հիմնականում որպես տապանաքար, սակայն լիովին հնարավոր է եւ արդեն իսկ սկսել են օգտագործել նաեւ շինարարությունում: Ալավերդիում զբոսաշրջության զարգացման հեռանկարներն էլ ռեալ են թվում քաղաքապետին` տեսարժան վայրերը շատ են, բնությունըՙ հարուստ, բայց դա շատ քիչ է: Ճանապարհներ, հյուրանոց, սրճարաններ եւ ենթակառուցվածքների ողջ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը տեսանելի է Արթուր Նալբանդյանին: Նա նաեւ մթնոլորտի մաքրությունը կարեւորեց եւ այդ տեսանկյունից շահեկան համարեց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը. «Հազար ու մի քննարկումներից հետո Թեղուտը կբացվի: Ալավերդու ձուլման արտադրամասը կկանգնի եւ մթնոլորտի մաքրության հարցը կլուծվի: Մեր քաղաքի աշխատատեղերը չեն պակասիՙ մի քանի հարյուր մարդ կաշխատի Թեղուտում ու կապրի տեղում կառուցվող հանրակացարանում», տեղեկացրեց քաղաքապետն ու ընդգծեց, որ առավել կարեւորում է խնդրի լուծումը, քան բյուջեում 50-60 միլիոն դրամի առկայությունը բնապահպանական խնդրի լուծման համար: Պաշտոնական տվյալներովՙ Ալավերդու 20 հազար բնակչության 20 տոկոսը գործազուրկ է եւ 1050 աշխատատեղ ապահովող «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերության գործունեության սահմանափակումը Ալավերդիում չի անհանգստացնում Արթուր Նալբանդյանին, քանի որ կա Թեղուտի հանքավայրում ալավերդցի մասնագետներին աշխատանքով ապահովելու եւ Ալավերդու զարգացմանն ամենայնս նպաստելու մասին «Վալլեքս» խումբ ընկերությունների (որի կազմում է «ԱՔՓ»-ն) նախագահ Վալերի Մեջլումյանի վստահեցումը:

Ի դեպ, քաղաքապետի ընտրություններին հաջորդած գեղեցկության եւ մայրության տոնը Ալավերդու եկեղեցամերձ հրապարակում բացօթյա համերգով ու հրավառությամբ նշվեց, որը նույնպես քաղաքապետարան-«Վալլեքս» համագործակցության արդյունք էր:

Պ. Ն.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4