«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2008-04-05 | #66, 2008-04-08 | #67, 2008-04-09


ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՉԵԶՈՔ ՎԱՐՉԱՊԵՏ ԳՏՆԵԼՈՒ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈՐՁԵՐԸ

Ժողովրդական կուսակցության, «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանը, որ երեկ «Հայացք» ակումբի հյուրն էր, լրագրողներին տեղեկացրել է, որ դեռեւս նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդման արարողությանը մասնակցելու հրավեր չի ստացել, բայց ստանալու դեպքում արարողությանը կմասնակցի: Արարողությանը մասնակցելը դեռեւս չի նշանակի, թե Կարապետիչն ընդունում է նախագահական ընտրությունների արդյունքները, որովհետեւ «մինչեւ կեղծիքները, հատկապես դրամական ձեւով ընտրակեղծիքները չվերանան, բարեկեցիկ վիճակ չի ստեղծվի: Տիգրան Կարապետյանը մնացել է իր նախկին կարծիքին եւ համոզված է, որ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ են բաժանել բոլոր առաջատար 4 թեկնածուները:

Տիգրան Կարապետիչը ողջունել է իշխանությունների` չեզոք վարչապետ գտնելու մոտեցումը. «Ողջունում եմ, որ իշխանությունները վարչապետի պաշտոնի համար փնտրում են այնպիսի մարդու, որը ներքաշված չէ ներկա տնտեսական կլանների մեջ», հավելելով, որ ինքն այդ պաշտոնի համար տեսնում է Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին, «որը օլիգարխիկ դաշտում չեզոք է»:

Չեզոքությունը լավ է, բայց ԺԿ ղեկավարը վստահ է, որ չեզոք մարդը կարող է լավ աշխատել, եթե վերացվեն գերհզորները. «Ես համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը խելացի մարդ է եւ մարտի 1-ի դեպքերը կընդունի որպես ազդակ, որ պետք է որոշակի բաներ փոխվեն»: Կուսղեկավարը կարծում է, որ եթե նորընտիր նախագահի քայլերն ուղղված լինեն պետականության հզորացմանը, 5 տարի հետո նման իրավիճակ կարող է եւ չկրկնվել:

Կարապետիչը չի մոռացել նաեւ նորընտիր նախագահին հուշել, որ նրա լավագույն քայլը կլինի խորհրդարանի լուծարումը, քանի որ դա ցույց կտա, որ իշխանությունը պատրաստ է հիմնել նորը. «Իշխանությունը պետք է հասկանա, որ ազգային համաձայնության կարիք կա»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4