«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2008-04-05 | #66, 2008-04-08 | #67, 2008-04-09


ՎՐԱՍՏԱՆՈՒՄ` ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Ջավախքն էլ խնդիրներ ունի` վրացերենի հետ առնչվող

Երեկ «Հայելի» ակումբ հրավիրված ԱԺ պատգամավոր, «Հզոր հայրենիք» կուսակցության փոխնախագահ Շիրակ Թորոսյանն ու Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը անդրադարձան Վրաստանի խնդիրներին եւ մասնավորապես` անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Շիրակ Թորոսյանը նշեց, որ Վրաստանը արեւմտամետ քաղաքականություն էր վարում դեռեւս անկախացման օրվանից` Գամսախուրդիայի ժամանակներից մինչեւ Սաակաշվիլի. «Այս քաղաքականությունը մի կողմից կարելի է բնութագրել արեւմտամետ, մյուս կողմիցՙ հակառուսական: Երկու հիմնական կարգախոս առաջ քաշեց Սաակաշվիլին. առաջինՙ ինքը ուղիղ գնում է ՆԱՏՕ` հեռահար նպատակ ունենալով անդամակցելու Եվրոմիությանը` համարելով, որ վրացիները եվրոպական ազգ են, եվրոպական մենթալիտետ ունեն: Երկրորդ` նա հայտարարեց, որ պետական կառույցները, պետական մեքենան չեն աշխատում, եւ կոռուպցիայի դեմ պայքարելով պետք է աշխատեցնի պետական մեքենան: Եվ այդ քաղաքականությունը բուռն կերպով շարունակվում է` ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»:

Ինչ վերաբերում է Բուխարեստում տեղի ունեցած գագաթաժողովին, որտեղ բարձրացված էր ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հարցը, ապա Շիրակ Թորոսյանը նկատեց, որ Վրաստանի չանդամակցելու պատճառներից է չափանիշներին չհամապատասխանելը. «Այն է` ռազմատեխնիկական, քաղաքական, ժողովրդավարության բացակայությունը: Ժողովրդավարության բացակայության բացահայտ դրսեւորումն էլ նկատելի դարձավ հունվարի հինգի նախագահական ընտրություններից, երբ ընդդիմությունը հանդես եկավ կոչով, որ Սաակաշվիլին ընտրվել է ոչ լեգիտիմ»:

Երկրորդ կարեւոր խնդիրը, ըստ Թորոսյանի, ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները` հատկապես Ջավախքի հայ բնակչության պարագայում. «Ջավախքում մեծ խնդիրներ կան տեղի հայության վրացերենին չտիրապետելու հարցում»:

Թորոսյանը նաեւ ուշադրություն է հրավիրում Թբիլիսիում բնակվող հայերի վրա, որտեղ, իր համոզմամբ, չկա այնպիսի մի հայ, որ չտիրապետի վրացերենին. «Բայց արի ու տես` ոչ մի հայ պաշտոնյա Թբիլիսիում չկա»:

Սերգեյ Մինասյան. «Լուրջ խնդիրներից մեկը իրոք լեզվական խնդիրն է: Վրացերենի իմացությունը առավելություն է վրաց հասարակության մեջ: Քանի որ մեր հայրենակիցները կտրված են վրացական քաղաքական կյանքին վերաբերող հարցերից, ապա նրանց չի հետաքրքրում` Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը: Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ եթե պետության մեջ 15-20 տոկոսը ազգային փոքրամասնությունն է, ապա լեզուն պետք է լինի փոքրամասնության լեզուն: Իսկ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին` Վրաստանին ոչ մի մտահոգության տեղիք չի տալիս, քանի որ Աբխազիայից, Օսիայից բացի ոչ մի կորցնելու բան չունի. ինչ որ կորցրել է` արդեն կորցրել է: Մենք Վրաստանից կարող ենք ավելի շուտ մտնել ՆԱՏՕ եւ ոչ միայն ՆԱՏՕ: Մենք ունենք լավ հարաբերություններ ե՛ւ ՆԱՏՕ-ի, ե՛ւ Միացյալ Նահանգների հետ»:

Ջավախքի բնակչությունը մի շարք նախաձեռնություններ է ցուցաբերել այս վերջին մեկուկես տասնամյակների ընթացքում:

Շիրակ Թորոսյանն էլ նշեց. «Նախՙ ստորագրահավաքը. բազմահազար ստորագրահավաք, որը ներկայացվում է վրացական պառլամենտինՙ խնդրելով հայոց լեզվին տալ տարածաշրջանային կարգավիճակ: Եվրոպայում ընդունված օրինակ է, եւ նման օրինակ կա Եվրոպայի 22 երկրներում: Ազգային փոքրամասնության լեզուն ունի տարածաշրջանային ելքի կարգավիճակ»:

Ինչ վերաբերում է ջավախահայության դիրքորոշմանը` ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, Թորոսյանը նշեց. «Ջավախքի հայության մեջ նստած է ռուսական կողմնորոշումը. նրանք միշտ ապահովություն էին զգում, երբ ռուսական ռազմաբազա կար այնտեղ` աշխատատեղեր, հոգեբանական ապահովության զգացողություն ունեին: Երբ ռուսական բազան դուրս էր բերվում` ռուս-վրացական խնդիր էր, մենք դրա հետ գործ չունեինք: Եվ այսօր հանապազօրյա հացի վաստակման խնդիրը Վրաստանում բնակվող հայերի համար Ռուսաստանն է, իսկ ջավախահայությանը Ռուսաստանի մուտքի վիզա չեն տալիս»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4