«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2008-04-05 | #66, 2008-04-08 | #67, 2008-04-09


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ. «ԳԼԽԱՎՈՐԸ ԵՐՋԱՆԻԿ ԼԻՆԵԼՆ Է»

Chesspro.ru ինտերնետային կայքէջում ընդարձակ հարցազրույց է տպագրված Լեւոն Արոնյանի հետ: Հարցազրույցի առավել հետաքրքրական հատվածները ներկայացնում ենք ընթերցողների ուշադրությանը:

- Շախմատում ինչպիսի՞ հաջողության կցանկանայիր հասնել, որ թոշակի գնալիս մտածեիր, թե շախմատային կյանքդ հաջողվել է:

- Նույնիսկ չգիտեմ: Երեւի թե մշտապես բոլորին հաղթեի, ընդ որում` տարբեր ոճերով: Սակայն որքան էլ գերագնահատենք շախմատի դերը, դա միայն կյանքի մի մասն է: Դժվար է պատկերացնել մի մարդու, նույնիսկ աշխարհի չեմպիոնի, որին շախմատը կատարյալ երջանկություն պարգեւած լինի: Իհարկե, եթե գեղեցիկ շատ պարտիաներ խաղացած լինեմ, գուցե դրանցով գոհ լինեմ:

- Մրցաշարերի ժամանակ շա՞տ ես լարվում:

- Մրցաշարեր կան, որոնցում հանգիստ ես խաղում, իսկ մյուսներում հարկ է լինում ուժերդ լարել: Այստեղ շատ բան տրամադրությունից է կախված: Ուստի մեկնարկից առաջ փորձում եմ հասկանալ, թե ինչպիսի հոգեվիճակում եմ:

- Ինչպե՞ս է ձեւավորվել քո շախմատային աշխարհայացքը:

- Փոքր տարիքում մարզվել եմ Մելիքսեթ Խաչիյանի մոտ, որն այժմ գրոսմայստեր է: Նա ինձ շատ բան է սովորեցրել: Հետագայում մոտ կես տարի աշխատել եմ Արշակ Պետրոսյանի հետ: Այդ կարճ ժամանակաընթացքում շատ բան իմացա, շախմատին այլ տեսանկյունով նայեցի:

- Հայ շախմատիստների ավագ սերունդը` Վահանյանը, Լպուտյանը կամ Հակոբյանը չե՞ն նախանձում քեզ:

- Ոչ: Թե՛ Ռաֆայելը, թե՛ Վովան մշտապես աջակցել են ինձ: Մենք միասնական մեկ ընտանիք ենք: Նրանք ուրախանում էին հաջողություններովս, խորհուրդներ տալիս: Նման վերաբերմունքը ինձ լրացուցիչ ուժ էր հաղորդում:

- Բայց չէ՞ որ դու նրանց առաջատար դիրքերից զրկեցիր:

- Մեր թիմում միմյանց նկատմամբ նախանձի զգացում չի եղել: Յուրաքանչյուրը ձգտում էր, որ առաջին խաղատախտակի վրա ինձ լավ զգայի: Այլապես մենք օլիմպիական չեմպիոն չէինք դառնա: Ի դեպ, Հակոբյանի հետ այժմ էլ մի թիմում ենք խաղում, Վահանյանի հետ մեկ տարի հավաքականում խաղացել ենք:

- Անդրադառնանք կյանքում քո համար գլխավոր գերակայություններին:

- Առաջին տեղում, անկասկած, ընտանիքն է, ընկերները: Հայերս ընդհանրապես ընտանեկան ավանդույթները հարգող ենք: Թեեւ Գերմանիայում եմ բնակվում, սակայն հստակ գիտակցում եմ, թե ով եմ, որտեղից են արմատներս:

- Պատմիր ընտանիքիդ մասին:

- Հայրս ֆիզիկոս է, այժմ վաստակած հանգստի մեջ է: Մայրս ինժեներ է: Գերմանիա տեղափոխվելով, այժմ անգործ է: Երբեմն իմ հետ մեկնում է մրցաշարերի: Ընդհանրապես, Բեռլինում գերդաստանով ենք բնակվում: Բացի ծնողներիցս, Գերմանիայում են քրոջս ընտանիքը, հորս եւ մորս հարազատները:

- Եվ նրանց ամբողջ հոգսը քո վրա՞ է:

- Շախմատից ստացվող եկամուտներս բավականացնում են, բացի այդ, նրանք էլ ձեռքները ծալած չեն նստում: Ինձ հարուստ չեմ համարում, սակայն կարող եմ թույլ տալ հաճախել ռեստորան կամ համերգ: Պրոֆեսիոնալ շախմատիստը հացը վաստակում է դժվարին աշխատանքով: Վարձատրությունից չեմ դժգոհում: Սակայն շատերը գտնում են, որ մենք ոչինչ չենք անում: Ինձ համար անհասկանալի է, թե ինչու շախմատիստները պետք է ավելի քիչ գումար ստանան, քան ասենք դերասանները:

- Գերմանիայում շախմատիստի մասնագիտությունը հարգանքի է արժանի: Դու այնտեղ քեզ փախստականի կարգավիճակում չե՞ս զգում:

- Ծնողներիս հետ 2001-ին եմ մեկնել Գերմանիա: Ինձ լավ եմ զգում, սակայն դա իմ հայրենիքը չէ: Չնայած հենց Գերմանիայում եմ հնարավորություն ունեցել բարձր մակարդակով շախմատ խաղալու:

- Գոնե հասցրե՞լ ես գերմաներեն սովորել:

- Առօրյա կյանքում կարողանում եմ բացատրվել, ինձ հասկանում են: Վերջին ժամանակներս ավելի շատ անգլերեն եմ գործածում. ընկերուհիս Ավստրալիայից է եւ առայժմ չի շտապում ռուսերեն կամ հայերեն սովորել:

- Ծնվել եւ մեծացել ես Երեւանում: Չե՞ս կարոտում հարազատ քաղաքդ:

- Կարոտում եմ եւ աշխատում եմ կարոտս առնել: Չեմ կարող ճշգրիտ որոշել, թե վերջին տարիներին որտեղ եմ ավելի շատ գտնվել` Երեւանո՞ւմ, թե Բեռլինում: Ամեն դեպքում շախմատային լուրջ պարապմունքներս անցկացնում եմ հիմնականում Հայաստանում: Այնտեղ շախմատից բացի, շատ ընկերներ ունեմ: Ամեն անգամ Հայաստան ժամանելիս զգում եմ, թե նրանք որքան թանկ են ինձ համար: Յուրաքանչյուր օր անցնում է շատ ուրախ: Դա ինձ լիցք է հաղորդում:

- Երբեւէ չե՞ս մտածել, թե ի՞նչ կլիներ, եթե շախմատով չզբաղվեիր:

- Փոքր տարիքում երաժշտությամբ եմ զբաղվել, նվագում էի դաշնամուր: Շատ հետաքրքրասիրություններ եմ ունեցել, որոնք լուրջ չեն եղել: Հայրս ցանկանում էր, որ իր հետքերով գնամ, ֆիզիկոս դառնամ: Վստահ չեմ, որ դա ինձ դուր կգար: Ամեն դեպքում, երեւի մտավոր գործունեությամբ կզբաղվեի:

- Մտածո՞ւմ ես ընտանիք կազմելու մասին:

- Առայժմ ոչ: Շատ ժամանակ եւ ուժեր է խլում շախմատը: Փառք Աստծո, առայժմ ամեն ինչ նորմալ է:

- Կարո՞ղ ես քեզ երջանիկ մարդ համարել, որն ամեն ինչ ունի:

- Որոշ առումով այո: Չեմ ուզում աչքով տալ, բայց հուսով եմ, որ ապագայում կյանքս ավելի կնմանվի իմ պատկերացմամբ իդեալականին: Կարեւորը երջանիկ լինելն է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4