Դեռեւս 2007-ի դեկտեմբերի 1-ին ԱԻՄ-ը որոշում էր կայացրել աջակցել նախագահի այն թեկնածուին, ով կպաշտպանի մշտապես ժողովրդավարական եւ ազգային արժեքներով առաջնորդվող ԱԻՄ կուսակցության պետութենական (քաղաքական) ծրագրերը: Կուսակցությունը մասնավորապես նշում էր հետեւյալ դրույթները` հրաժարվել 1921-ի մարտի 16-ի պայմանագրի ուղղակի կամ անուղղակի ճանաչումից, դադարեցնել Արցախի հարցով Ադրբեջանի հետ բոլոր բանակցությունները` ճանաչելով Արցախի ինքնորոշման իրավունքն ու բանակցային կողմ լինելու իրավասությունը, Ադրբեջանի հետ բանակցել Հայաստանի մեկուսացումը դադարեցնելու եւ Աթաթուրք-Լենին համաձայնությամբ ապօրինաբար Ադրբեջանին հանձնած Նախիջեւանը Հայաստանին վերադարձնելու վերաբերյալ:
Պարույր Հայրիկյանն էլ երեկ «Հայելի» ակումբում տեղեկացրեց, որ զրուցել է Սերժ Սարգսյանի հետ եւ ներկայացրել պայմաններ, որոնց իրագործման դեպքում կգործակցի իշխանության հետ: Հայրիկյանի ներկայացրած մոդելով Հայաստանը պետք է դարձնել աշխարհի ամենաժողովրդավար պետությունը: ԱԻՄ նախագահը ցանկանում է, որ առաջինն այդ մոդելը կիրառեն Լեռնային Ղարաբաղում: Հայրիկյանն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի տասնամյա ապապետութենական կառավարումից հետո այսօր արդեն Հայաստանում պետութենական նախագահ կա եւ պառլամենտ: Ըստ Հայրիկյանի` Ռոբերտ Քոչարյանը տասը տարի կառավարում էր` չլինելով քաղաքական գործիչ, չունենալով կուսակցական պատկանելություն: Սերժ Սարգսյանին համարելով պետութենական նախագահ` նկատի ունի, որ Սերժ Սարգսյանը քաղաքական համակարգի հստակ մաս է, ունի կուսակցական պատկանելություն: Հարցին, թե ի՞նչն է, որ Սերժ Սարգսյանին մղելու է երկրում փոփոխություն իրականացնելու, համակարգի որակը փոխելու, Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ առաջինըՙ համաշխարհային հանրության կարծիքը, եւ որ Հանրապետական կուսակցությունն իրեն համարում է Ազգային միացյալ կուսակցությունից սերված եւ նրա արժեքակիր քաղաքական ուժ:
Հայրիկյանն ասում է, որ Ադրբեջանը պետք է Ղարաբաղի հետ բանակցի, Հայաստանն էլ Ադրբեջանի հետ բանակցություն սկսի` բռնի ուժով Ադրբեջանին հանձնված Նախիջեւանի վերադարձի մասին: Հարցին, թե Հայաստանն ի՞նչ պետք է անի Նախիջեւանը վերադարձնելով, եթե այժմ ոչինչ չի արվում Ղարաբաղի ազատագրված տարածքների հետ եւ չի բնակեցվում դրանք, Պարույր Հայրիկյանը ասաց, որ ԱԻՄ-ը եղել է ազատագրված տարածքների բնակեցման առաջին ջատագովներից, եւ ընդգծեց, որ այդ խնդիրը եղել է, բայց հիմա քայլեր են կատարվում ազատագրված տարածքների բնակեցման ուղղությամբ: Հայրիկյանն ասաց, որ այժմ մեծ է արտագաղթելու ցանկություն ունեցողների թիվը, սակայն ինչ վերաբերում է Նախիջեւանին, ապա անպայման պետք է բարձրացվեն ազգային հիմնախնդիրները: Եվ բացի այդ, Հայրիկյանի պնդմամբ` Հայաստանը պետք է անցում կատարի ռազմավարության եւ այդ համատեքստում էլ վարի ոչ թե ցեղասպանության ճանաչման, այլ ցեղասպանության հետեւանքները վերացնելու նպատակ ունեցող քաղաքականություն:
Անդրադառնալով մարտի մեկի դեպքերի համար պատասխանատվություն կրողներին` ԱԻՄ նախագահը նշեց, որ եթե որեւէ երկրում տեղի է ունենում նման բան, ապա առաջին պատասխանատուն իշխանությունն է, որը պետք է կանխի այդօրինակ զարգացումը: ԱԻՄ նախագահի կարծիքով, եթե իշխանությունը տեղեկություն ուներ, որ հանրահավաքի մասնակիցները զինված են, ապա նա պետք է դիմեր հանրահավաքի կազմակերպիչներին եւ առաջարկեր նրանց հետ միասին իրականացնել խուզարկություն: Ըստ Հայրիկյանի` անհրաժեշտ է, որ իշխանությունը չղեկավարեն չեկիստի հոգեբանությամբ մարդիկ: Նրա կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը այդպիսի հոգեբանությամբ էր առաջնորդվում: Հայրիկյանը ասում է, որ Քոչարյանը հայտարարում էր, թե արտակարգ դրության վերացումից հետո ինքը նպատակահարմար չի գտնում հանրահավաքների ու երթերի անցկացումը: Ըստ Հայրիկյանի` երկրում որոշիչը ոչ թե Քոչարյանի քմահաճույքն է, այլ երկրի սահմանադրությունը:
«Մենք ինքնուրույն արտաքին քաղաքականություն իրականացնել չենք կարող, քանի դեռ մեր պետական-քաղաքական համակարգը ազատագրված չէ կագեբեի գործակալական ցանցից», ասում է Հայրիկյանը` եւ իր ծրագրում ներկայացնում մի դրույթ, որ պետք է գաղտնազերծել ՊԱԿ-ի գործակալական ցանցը, որն, ըստ էության, Հայաստանի ամենահզոր կազմակերպությունն է, եւ 5 տարով արգելել պետական պաշտոններում աշխատել հայ ժողովրդի դեմ գործած նախկին եւ ներկա գաղտնի գործակալներին:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ