«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2008-04-09 | #68, 2008-04-10 | #69, 2008-04-11


ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Մաքսային հսկողության իրականացման մեթոդիկան սահմանելու որոշման մեջ կառավարության կատարած փոփոխությանն անդրադարձավ մաքսային կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, նշելով, որ դա պայմանավորված է մաքսային մարմիններում ներդրված TWM ավտոմատ համակարգով, Համաշխարհային բանկի առաջադրած մաքսային հսկողության կատարելագործման եւ մաքսային ընթացակարգերի պարզեցման համար: Ըստ մաքսային կոմիտեի ներկայացուցչի, այդ համակարգը նվազեցնում է շփումը մաքսավորի եւ ներկրողի կամ մաքսային բրոքերի միջեւ, հնարավորություն է ստեղծում ինքնահայտարարագրման միջոցով անցնելու մաքսային հսկողություն, որի դեպքում ոչ թե մաքսավորը, այլ համակարգչային ծրագիրը պետք է որոշի, թե ինքնահայտարարագրի մեջ ինչն է սխալ: Կարձանագրվի նաեւ հայտարարագրման ժամկետը:

Գագիկ Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ «Մաքսային ծառայության մասին» օրենքում կառավարության կատարած փոփոխության համաձայն, որոշակիորեն կպարզեցվի նաեւ մաքսային զննման «դեղին» ուղու գործընթացը: Նա նախ տեղեկացրեց, որ երեք այդպիսի ուղիներ կանՙ «կանաչ», «դեղին» եւ «կարմիր»: «Կանաչ» ուղիով բեռներն անցնում են առանց ստուգման, «դեղին» ուղիով անցնելիս կատարվում է միայն փաստաթղթային ստուգում եւ խմբաքանակի ստուգումՙ անհրաժեշտության դեպքում, իսկ «կարմիրով» ստուգվում են ե՛ւ փաստաթղթերը, ե՛ւ խմբաքանակները: Նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «դեղին» գործընթացով կկատարվի փաստաթղթային ստուգում եւ մասնակի զննումՙ միայն մաքսավորի գրավոր դիմումի դեպքում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4