«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#68, 2008-04-10 | #69, 2008-04-11 | #70, 2008-04-12


«ՀԱՐՍՏԱՆԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԳԻՏԵԼԻՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԶՈՌԲԱՅՈՒԹՅՈՒՆԸ»

Այս մոտեցումն ընդգծեց վարչապետ Տիգրան Սարգսյանը

Երեւանի պետական համալսարանը, Շրջանավարտների եւ կարիերայի կենտրոնը եւ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էին բանկային եւ ֆինանսական ոլորտի աշխատանքի առաջին տոնավաճառը: Հրավիրվածների թվում էր նաեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Աշխատանքի տոնավաճառը, փաստորեն, վարչապետ դառնալուց հետո նրա այցելած առաջին միջոցառումն էր:

«Սա բարեփոխումների կարեւորագույն ոլորտ է, որը պետք է առաջընթաց ապահովի երկրի համար», իր ելույթում ընդգծեց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ Հայաստանի նախագահի եւ կառավարության ծրագրերին ծանոթանալիս երեւում է, որ առաջնահերթություն է տրված հենց գիտության վրա հիմնված տնտեսությանը: Դրան, ըստ վարչապետի, Հայաստանն այլընտրանք չունի: Պետք է հեղափոխական փոփոխություն տեղի ունենա գիտակցության մեջ եւ մարդիկ իմանան, որ հարստանալու միակ տարբերակը գիտելիք ձեռք բերելն է, այլ ոչ թե զոռբայությունը, լկտիությունը: Սակայն այսօրվա ուսանողների մեջ չկա գիտելիք ձեռք բերելու ձգտումը, նրանք տեսնում են, որ գիտելիք ձեռք բերելը պարտադիր չէ հարստանալու համար: Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ ցանկանում են ազդակներ հաղորդել հասարակությանը, որ կարեւորվելու է գիտելիքը: Այդ հարցը բանկային համակարգում լուծված է, որտեղ աշխատում են բանիմաց մասնագետներ, որոնք ստանում են բարձր աշխատավարձեր, իսկ բանկերի կառավարիչները ստանում են եվրոպական մակարդակի աշխատավարձեր:

Վարչապետը ներկայացրեց կրթության եւ գիտության միջեւ կապ ստեղծելու երկու կոնցեպտուալ մոտեցումներ: Առաջինը, երբ բուհերն ու կրթական հաստատությունները պատրաստում են մասնագետներ շուկայի համար, որոնք ավարտելով այդ հաստատությունները, աշխատանք են գտնում շուկայում: Այստեղ կարեւոր նշանակություն ունի բուհի հեղինակությունը: Մասնավորապես, Կենտրոնական բանկն իր համար ընտրել է իր կադրերի պատրաստման համար երկու բուհ, որոնք մրցակցային շուկայում քննություն են բռնել: Դրանք են ժողտնտեսության համալսարանը եւ Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:

Երկրորդ մոտեցումը, որը կիրառվում է եվրոպական մի շարք երկրներում, այն է, երբ գործատուները գտնում են տաղանդավոր ուսանողների, հետեւում են նրանց ուսման ընթացքին, մասնակիորեն վճարում ուսման համար եւ ավարտելուց հետո աշխատանքի վերցնում նրան: Այսինքն, ուսանողը նախապես գիտի իր աշխատանքի վայրը: Այդպիսի մոտեցում է կիրառվում, օրինակ, հայ-գերմանական ֆինանսաբանկային քոլեջում: Տիգրան Սարգսյանը երկու մոտեցումներն էլ ընդունելի համարեց, ասելով, որ կյանքը ցույց կտա, թե որ մոդելն ավելի կենսունակ կլինի:

Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը հրավիրված միջոցառման մեջ կարեւորեց երեք հանգամանքՙ հավակնոտությունը, նախաձեռնությունը եւ հետեւողականությունը: Նա հայտնեց, որ նման նախաձեռնություններ կկազմակերպվեն նաեւ զբոսաշրջության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների համար: Նախարարը կարեւոր համարեց ուսանողների նախաձեռնող լինելը, ասելով, որ բիզնեսը հետաքրքրված է դրանում: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ վարչապետի մատնանշած հավակնոտ ծրագրերը 5-10 տարվա ընթացքում կիրականացվեն:

Կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանն այն կարծիքը հայտնեց, որ Հայաստանի տնտեսականՙ գործարար հատվածը սկսել է այդ երկխոսությունը մասնագիտական որակի վերաբերյալ: Մնում է, որ բուհերի դասախոսական կազմն այնպիսի գիտելիքներ տա ուսանողներին, որոնք նրան անհրաժեշտ կլինեն բուհն ավարտելուց հետո:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4