«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2008-04-11 | #70, 2008-04-12 | #71, 2008-04-15


ԹՈՒՐՔԻԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔ Է ԳՆՈՒՄ

Ասում ենՙ թմրամիջոցներից հետո ամենաշահավետ բիզնեսը զենքի վաճառքն է: Ըստ երեւույթին այդպես է, քանզի ի՜նչ միջոցի ասես չեն դիմում զինավաճառ պետություններն իրենց ապրանքն իրացնելու համար: Ռուսներն, օրինակ, թուրքերին իրենց ռազմական ուղղաթիռը վաճառելու համար այն անվանել էին... «Էրդողան»: Ընդ որում, դա ոչ միայն երկրի վարչապետի անունն է, այլեւ թուրքերեն նշանակում է «բազե»: Ճիշտ է, թուրքերի լսողությունը շոյվեց, բայց բանակի համար հայտարարված մրցույթում ռուսները, այնուամենայնիվ, պարտվեցին: Բայցՙ չհուսահատվեցին:

Անցած շաբաթ, ահա, ռուսները հաղթող դուրս եկան: Ճիշտ է, ոչ ուղղաթիռների հարցում: Նրանք իսրայելցիներին ու ամերիկացիներին ծնկի բերեցին հակատանկային համալիրների մրցույթում. առաջիկայում նրանք Թուրքիայի զինված ուժերին կմատակարարեն միջին հեռահարության 80 հակատանկային հրթիռային համակարգեր, որոնք կունենան 800 հրթիռ: Կնքված պայմանագիրը «Ռուսօբորոնէքսպորտին» կբերի 80 միլիոն դոլար:

Պուտինի օրոք Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը ոտքի կանգնեց: Եվ գնորդներին նա գրավում է ոչ այնքան համեմատաբար ցածր գներով, այլ առաջին հերթին ռազմատեխնիկական արդյունավետ բնութագրումներով: Օրինակ, թուրքերին առաջարկված հակատանկային հրթիռները խոցում են ժամանակակից զրահատեխնիկայի բոլոր տեսակների առաջին պաշտպանական շերտը եւ հալեցնում բուն զրահը:

Տեսականորեն (եւ պատմականորեն) Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ Ռուսաստանի հավանական թշնամին է: Բայց երբ հարցը գալիս է փողին...

Ռ. Հ., Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4