Խոստանում է նոր կայքէջը
Նոր կայքէջիՙ www.efp.am ներկայացումը երեկ տեղի ունեցավ Կենտրոնական բանկում: Ինչպես հայտնեց ԿԲ ֆինանսական վարչության պետ Արթուր Նախշիկյանը, «Տնտեսական կանխատեսումների հարթակ» (Economic forecasting platform) նոր կայքը կլինի առաջին տեղեկատվական աղբյուրը, որտեղ տնտեսագետները հնարավորություն կունենան կանխատեսումներ անելու երկրի տնտեսական կարեւոր խնդիրների մասին: Մասնագետները ընտրվել են որոշակի սկզբունքներովՙ նրանք չպետք է լինեն պետական հատվածում եւ միջազգային կառույցներում աշխատողներ: Փաստորեն, Կենտրոնական բանկից դուրս կստեղծվի մի մարմին, որի հետ հնարավոր կլինի մասնագիտական բանավեճ վարել դրամավարկային քաղաքականության, մակրոտնտեսական ցուցանիշների եւ այլ հարցերի վերաբերյալ:
Ի պատասխան «Ազգի» հարցին, թե հնարավո՞ր է, որ վերջապես տնտեսագիտական հարցերի քննարկումները լինեն չքաղաքականացված, կայքէջի փորձագետներից Տիգրան Ջրբաշյանը պատասխանեց, որ 7 տարի առաջ իր նման նախաձեռնությունը չհաջողվեց, քանի որ քաղաքականացված տեսակետներն էին արտահայտվում: Իսկ թե ինչքանո՞վ նոր կայքէջում տեսակետներ եւ վերլուծություններ գրողները կլինեն անկախ եւ չքաղաքականացված, Տիգրան Ջրբաշյանի կարծիքով, պետք է գնահատեն կայք այցելողներն ու լրագրողները:
Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը նույնպես կարեւորեց կայքէջի բացումը, ասելով, որ պրոֆեսիոնալ տնտեսագետների կողմից տրվող լրացուցիչ տեղեկատվության աղբյուր է:
Ա. Մ.