Երեւանի գլխավոր ճարտարապետը այս տարվա ծրագրերի մասին
Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնելով, որ շարունակվում են մայրաքաղաքի տարբեր համայնքների գոտեւորման նախագծերը, ասաց, որ արդեն հայտնի է այս տարի նախատեսված Շենգավիթ համայնքի գոտեւորման նախագծի հաղթողըՙ «Ախիկոն» նախագծային կազմակերպությունը: 4060 հա կազմող համայնքի տարածքում գործող բոլոր այն տնտեսվարողներին, որոնք խնդիրներ ունեն, գլխավոր ճարտարապետը խորհուրդ տվեց համագործակցել նախագծող կազմակերպության հետ:
Մի քանի այլ համայնքների առանձին տարածքներում, որոնք ընդհանուր առմամբ կազմում են 1777 հա, նախատեսվում է իրականացնել գոտեւորում: Դրա գերակշիռ մասը Մալաթիա-Սեբաստիա համայնքում է, ապաՙ Էրեբունի եւ Ավան համայնքներում: Տարեվերջին այդ նախագծերը պատրաստ կլինեն:
Սամվել Դանիելյանը հայտնեց, որ սկսվել է Երեւանի ատլասի նախագծումը: Նա հատկապես կարեւորեց մեկ այլ փաստաթուղթ, որտեղ նշված են բոլոր այն ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը, որոնց անհրաժեշտությունն առաջանում է այժմ եւ առաջանալու է ապագայումՙ կառուցապատման այս տեմպերի դեպքում: Խոսքը ջրամատակարարման, էներգամատակարարման, գազամատակարարման ծառայություններով նորակառույց թաղամասերը անհրաժեշտ չափով բավարարելուն է վերաբերում: Փաստաթուղթը ստեղծվել է վերոնշյալ հանրային ծառայություններ մատակարարող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում եւ նախանշում է մինչեւ 2012 թվականի զարգացումները:
Երեւանի գլխավոր ճարտարապետն անդրադարձավ նաեւ իրացման գոտիներում ընթացող աշխատանքներին, ասելով, որ սկսվել են Կոնդի կառուցապատման նախագծերը 2 հատվածներում, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն հարակից տարածքի նախագծերը: Գլխավոր պողոտայում կառուցապատման աշխատանքները կհամակարգվեն, որովհետեւ որոշ հատվածներում շինարարությունը ավարտվում էր, իսկ մյուսներում դեռ չէր սկսվել: 2-3 ամսվա ընթացքում պատրաստ կլինի Կոզեռնի կառուցապատման նախագիծը, իսկ 33-րդ թաղամասումՙ «Երեւաննախագիծ» ինստիտուտի մոտ կսկսվի կառուցվել առաջին շենքը, որտեղ կբնակվեն թաղամասի բնակիչները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ