«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2008-04-12 | #71, 2008-04-15 | #72, 2008-04-16


ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԾԱՆՐ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ Է ՍՊԱՍՈՒՄ

Նա պետք է կարողանա փոխել հասարակական գիտակցությունն ու կառավարության աշխատաոճը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանի մի քանի օր առաջ արած հայտարարությունը, որ պետք է հասարակական վերաբերմունքը փոխվի եւ պետք է ընկալվի, որ Հայաստանում հարստանալու միակ ճանապարհը գիտելիք ձեռք բերելն է, այլ ոչ թե զոռբայությունն ու լկտիությունը, կարելի է բնութագրել որպես նոր մոտեցում պետական քաղաքականության մեջ: Նախկինում շատ է խոսվել Հայաստանի տնտեսական զարգացման ուղղությունների, տնտեսության այս կամ այն ճյուղին առաջնահերթություն տալու գիտության եւ արտադրության կապի ստեղծման մասին:

Գիտելիքահենք տնտեսության մասին խոսվեց վերջին մեկ-երկու տարում, անգամ համապատասխան հայեցակարգ ընդունվեց հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության կողմից: Գիտելիքի վրա հիմնված տնտեսության առաջնահերթության մասին նշվում էր Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարության եւ նախագահական նախընտրական ծրագրերում: Սակայն, հավանաբար, հասարակության մեջ քչերն են հավատում, որ դա կյանքի կոչվելու, այլ ոչ թե թղթի վրա մնալու ճակատագիր ունեցող փաստաթուղթ է: Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, որն արվեց հենց աշխատանքի տոնավաճառ կոչվող միջոցառման ժամանակ, հույս է, որ գիտելիքահենք տնտեսության մասին ծրագրերը չեն մնա որպես ծրագրեր, այլ կյանքի կկոչվեն:

Սակայն հայտարարությունն ինքնին չէր կարող այդպիսի հույս համարվեր, եթե չլինեին նրաՙ ԿԲ նախագահ աշխատելու ընթացքում արձանագրած արդյունքները: Մասնավորապես Կենտրոնական բանկում կարեւորվել են գիտելիք ունեցող մասնագետները եւ այդ մասնագետներն իսկապես ֆինանսապես ապահով են գիտելիք ունենալու շնորհիվ: Հենց այդ մասնագետների աշխատանքի արդյունք է նաեւ բանկային համակարգի մեկ քայլ առաջ գտնվելը տնտեսության մյուս բոլոր ճյուղերից եւ նույնՙ բարձր պատրաստվածության մասնագետների պահանջարկը բանկային համակարգում եւ ֆինանսական հատվածում ընդհանրապես: Միանշանակ է, որ մեր տնտեսության այլ ճյուղերում նման պատկեր գոյություն չունի: Հազվադեպ են ընկերությունները, որտեղ տնօրենները ընկերության սեփականատիրոջ, ասենք, մորաքրոջ տղան կամ աներորդին չեն, իսկ մնացած աշխատողների գերակշիռ մասըՙ հարեւան, բարեկամ, ծանոթների միջնորդած մարդիկ: Թերեւս նաեւ դա է պատճառը, որ որակական թռիչք հայկական ձեռնարկությունները չեն կարողանում ապահովել:

Անշուշտ, բանկային համակարգում նման խնդիր իրագործելն ավելի հեշտ գործ է, քանի որ բանկային բիզնեսն ինտելեկտ պահանջող բիզնես է: Փոխել հասարակական գիտակցությունը եւ անել այնպես, որ գիտելիքը դառնա տնտեսության եւ հասարակական կյանքի զարգացման շարժիչ ուժը, անհամեմատ դժվար է: Դժվար է, քանի որ հասարակության մեջ այլ արժեքային համակարգ է ձեւավորվել: Մարդիկ տեսնում են, թե ովքեր են հարստացել եւ ինչ ճանապարհներովՙ չնչին գնով այս կամ այն օբյեկտը ձեռք բերելով, գործընկերոջը «գցելով», շողոքորթելով եւ կաշառքի միջոցով բարձր պաշտոն ձեռք բերելով ու «տանիքով» բիզնես ունենալով եւ այլն: Կոնկրետ ապացույցներ են պետք, որպեսզի մարդիկ համոզվեն, որ իսկապես գնահատվում է գիտելիքի դերը, որ լավ մասնագետները ֆինանսապես ապահով են ապրելու: Այս ուղղությամբ առաջին քայլերը պետք է արվեն հենց կառավարությունում եւ նախարարությունում: Առաջին պատասխանատուն այստեղ երկրի նախագահը պետք է լինի, քանզի, խորհրդակցելով կոալիցիայում ներգրավված քաղաքական ուժերի եւ վարչապետի հետ, հենց նա է նշանակում նախարարներին: Իսկ գործնականում նախատեսված ռազմավարության իրականացման անմիջական պատասխանատուն պետք է լինի վարչապետը, եւ շատ կարեւոր է, որ նա կարողանա իր լուրջ խոսքն ու դերն ունենալ նախարարների նշանակման հարցում, քանզի հենց վարչապետն է աշխատելու կառավարության այդ կազմի հետ: Բացի այն բանից, որ պետք է կարողանա աշխատել քաղաքական տարբեր ուժեր ներկայացնողների հետ, նա պետք է ունենա պրոֆեսիոնալների թիմ, որը կարողանա իրականացնել նախանշված ծրագրերը: Մի խոսքով, Տիգրան Սարգսյանին իսկապես ծանր փորձություն է սպասում: Նա պետք է լինի ճկունՙ կոալիցիայում ընդգրկված քաղաքական ուժերի միջեւ խնդիրներ չառաջացնելու համար, բայց եւ միաժամանակ կամք պետք է դրսեւորի, որպեսզի կառավարությունն աշխատի որպես միասնական եւ համակարգված թիմ, իրագործելով նախանշված ռազմավարական ծրագրերը: Դրա համար նա պետք է ունենա երկրի նախագահի անվերապահ աջակցությունը եւ պետական համակարգում ներդնի աշխատանքի կազմակերպման նոր գործելաոճ:

Ինչ մնում է խորհրդարանում հայտնված այն պատգամավորներին (որքան էլ տարօրինակ էՙ ընդդիմադիր), որոնք գտնում են, որ Տիգրան Սարգսյանը «ավտարիտետ» չէ վարչապետ աշխատելու համար, ապա տրամաբանորեն նրանք պետք է հանդես գային գիտելիքի կարեւորությունն առաջնահերթ ու ծրագրային համարող վարչապետին կողմ եւ «ավտարիտետներին» ղեկավար պաշտոններում նշանակելու դեմ, այլ ոչ թե «ավտարիտետ» ունեցող վարչապետ տեսնել ցանկացողի դերում: «Ավտարիտետներից» զզվել ենք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4