«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2008-04-12 | #71, 2008-04-15 | #72, 2008-04-16


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԿԱՄԱՎՈՐ ՓՈԽԱՆՑՈՂԸ

40-ամյա փաստավավերագրություն

Հայագետ-նախիջեւանագետ Արգամ Այվազյանի 40-ամյա գիտական գործունեությունը ուղղված է Նախիջեւանի պատմական գավառների հոգեւոր-մշակութային, ազգագրական արժեքների պահպանությանը: Նրա մտահոգությունները սկսել են դեռեւս 67-ականներից, երբ մշակի նվիրումով կամավոր ստանձնեց պատմությանը հանձնելու հայկական այդ տարածքների մշակութային ոչնչացվող արժեքների մասին վկայությունները: Դրանք բացառիկ աղբյուրագիտական հետազոտությունների արժեք են ներկայացնումՙ 200-ից ավելի ուսումնասիրություններ, որոնցից 22-ը առանձին գրքերով: Այդ հրատարակությունները հագեցած են փաստագրական նյութերով, լուսանկարներով, չափագրություններով: Հայկական անհետացող այդ քաղաքակրթությանՙ սերունդներին փոխանցողի միակ կրողը Արգամ Այվազյանն է, որի կատարած աշխատանքը կարեւորվում է թե՛ գիտական, թե՛ քաղաքական տեսանկյունից: Մանավանդ այս վերջին տարիներին, երբ Նախիջեւանի եւ Ադրբեջանի իշխանությունները հիմնահատակ ոչնչացրին հայկականության վերջին հետքերը:

Ահավասիկ 2007-ը Արգամ Այվազյանի համար հոբելյանական էրՙ ծննդյան 60 եւ գիտական գործունեության 40-ամյակներ: Այս թվականը նաեւ բեղուն էր հեղինակային հրատարակությունների առումով: Լույս տեսան նրա «Նախիջեւան. գրական էսսեներ, հետազոտման ուղեգրություններ»,. «Ջուղայի կործանված խաչքարերի սիմֆոնիան», «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը հատոր Գ, Գողթն գավառ» եւ «Nakhijevan. Map of Monuments» աշխատությունները, որոնց շնորհանդեսը կայացավ ՀԳՄ դահլիճում, երեկ: Գրքերը ներկայացրեց հեղինակը: Առաջինը Նախիջեւանի պատմության եւ մշակույթի մասին գրական ակնարկներ են, հուշարձանների հետազոտական ուղեգրություններ: Եռալեզու «Ջուղայի կործանված խաչքարերի սիմֆոնիան» ալբոմատիպ գիրքը ներկայացնում է Ջուղայի պատմական անցյալն ու մշակույթըՙ 727 գունավոր լուսանկարների տպագրությամբ, որը Ջուղայի հազարավոր ավերակված խաչքարերի փաստավավերագրական, աղբյուրագիտական միակ հրատարակությունն է: Մյուսըՙ «Նախիջեւանի վիմագրական ժառանգությունը» (լույս է տեսել պետպատվերով) Գողթն գավառի 27 բնակավայրերի վիմագրային վերծանություններ են, լուսանկարներ, գրչանկարներ եւ արժեքավոր այլ նյութեր, տեղեկություններ:

Գրքերի համառոտ ներկայացումին հետեւեց հարց ու պատասխանի բաժինը: Հեղինակն անդրադարձավ ներկայիս հայ իրականության խոցելիՙ հատկապես երկու երեւույթներին, նախՙ մշակույթի, հայագիտության, ազգային լուրջ հիմնախնդիրների հանդեպ իշխանությունների, գործարար աշխարհի անտարբերությունը: Իր այս վերջին գրքերից մեկի հրատարակության համար «Ազգում» աջակցության երկու հոդված-հայտարարություն տպագրելուց հետո, արձագանքներ չի ստացել: Հոդվածը պաշտոնական գրությամբ տարբեր ատյաններ ուղարկելուց հետո արձագանքել է միայն ճարտարապետ Նարեկ Սարգսյանը եւ «Արարատ» գինու եւ կոնյակի գործարանը:

Սովորաբար մեր իրականության մեջ նմանաբնույթ հրատարակությունները շատ սակավ աջակիցներ են ունենում եւ դժվարություններով են լույս աշխարհ գալիս, բայց այդուհանդերձ դրանց առկայությունից զատ կարեւորվում է հարցի միջազգայնորեն ճանաչելի դարձնելու փաստը: Սա հայ իրականության մյուս խոցելի կողմն է: Վերջին տարիներին պատկան մարմինների կատարած աշխատանքը առերեւույթ է, որովհետեւ չի դրսեւորել հետեւողականություն, դրսում մեր դիվանագիտական մշակույթի կցորդները պատշաճ վերաբերմունք չեն ցուցաբերում, հաճախ էլՙ անտեղյակության պատճառով: Նա օրինակ բերեց Մոսկվայում հայկական դեսպանատանը կազմակերպած լուսանկարչական իր մի ցուցահանդեսը, որին ներկա չի եղել դեսպանատան եւ ոչ մի աշխատակից, կամՙ 2007-ին, Հարվարդի համալսարանի հրավերով ԱՄՆ-ում կազմակերպված գիտաժողովների, ցուցահանդեսների, հանդիպումների նկատմամբ ազգային կառույցների անուշադիր վերաբերմունքը: Այս ամենի պատճառը պետական մտածողության բացակայությունն է, հասարակական անտարբերությունը: Նախիջեւանի խաչքարերի ոչնչացման առիթով որեւէ բողոքի ցույց կամ երթ եղա՞վ Երեւանում, հարց տվեց հեղինակը, պատկան մարմինները նույնպես անտարբեր կեցվածք ընդունեցին: Ադրբեջանն էլ օգտվելով առիթիցՙ վերացնում է հայկական մնացած շերտը, ստեղծում «իր» պատմությունը:

Այդպես էլ անտարբեր ենք մեր ազգային արժեքները պահպանողների, հոգածո մշակների հանդեպ: Գրող Սասուն Գրիգորյանը արժեւորելով Արգամ Այվազյանի գիտական գործունեությունն ու ազգային, քաղաքացիական մտահոգությունն ու կեցվածքը, ասաց, որ մեր իրականության տրամաբանությամբ, այսպիսի նվիրյալ անձինք մնում են անպատասխան, ոչ գիտական կոչումների են արժանանում, ոչ էլ վաստակն է գնահատվում:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4