«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2008-04-15 | #72, 2008-04-16 | #73, 2008-04-17


«ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔԻ ՈՏՆԱՀԱՐՈՒՄՈՎ»

ՀԺԿ գրասենյակում երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հետընտրական եւ մարտիմեկյան դեպքերի ժամանակ ձերբակալվածների գործերի քննության արդյունքներին անդրադարձան ՀԺԿ մամուլի խոսնակ Ռուզան Խաչատրյանը եւ մի քանի փաստաբաններ: Սեդա Սաֆարյանը, որը Մուշեղ Սաղաթելյանի փաստաբանն է, տեղեկացրեց, որ դատական քննության արդյունքը ցույց է տվել, որ մարդկանց մեղադրում են զուտ այն բանի համար, որ առնչություն են ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի հետ եւ մասնակցել կազմակերպած հանրահավաքներին: Իսկ Գավառի ՀԺԿ գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանին էլ ձերբակալել են ընտրակեղծիքների համար, սակայն փաստաբան Սեդա Սաֆարյանի պնդմամբ` Կարապետյանը ունակ չէր այդպիսի քայլերի գնալու եւ Կարապետյանին բնորոշեց որպես ազնիվ, անկեղծ մարդու:

Արամ Կարապետյանի, Գրիգոր Ոսկերչյանի եւ Շանթ Հարությունյանի փաստաբան Հարություն Բաղդասարյանն էլ նշեց, որ իր պաշտպանյալներին ձերբակալել են զուտ այն բանի համար, որ նրանցից մեկը հակառուսական էր, մյուսը` ուղնուծուծով ՀՀՇ-ական եւ այլն. «Ունենք այսպիսի մի քրեական գործ, որն ամբողջությամբ կարելի է վերագրել քաղաքական հայտարարության` մեղադրանք ներկայացնողները դատական գործընթացներում առաջնորդվում են հետեւյալ բառերով. «Աջակցելով, մասնակցելով այս կամ այն հանրահավաքին»... Ընկեր դատախազներ, գործեք իրավական դաշտում: Մենք չենք կարող իջնել, այսպես կենցաղային մակարդակով հարցեր լուծելու: Ունեք խնդիր, բերեք խնդիրը դրեք: Հայաստանում գոյություն չունի դատական իշխանություն»:

Փաստաբան Հովիկ Արսենյանն իր հերթին անդրադարձավ հունվարի 27-ին Թալինում տեղի ունեցած դեպքին եւ նշեց, որ դա էլ սադրանք էր` իրականացված իշխանությունների կողմից: Եվ որ քննչական մարմինները գործում են օրենքի ոտնահարումով. որ բոլոր մեղադրյալների պարագայում, անկախ նրանց վերագրվող հանցանքի աշխարհագրությունից, կիրառվում են գրեթե նույն առերեսվողները, որոնց իրենք արդեն անգիր գիտեն, գիտեն, թե ում են բերելու առերեսման իրենց պաշտպանյալի հետ: Իսկ ծեծի ենթարկվածներից շատերին էլ հիվանդանոց չեն տեղափոխում, դատաբժշկական փորձաքննության եզրակացություններն էլ չեն տալիս կամ էլ ձգձգվում է երկար ժամանակ:

Դավիթ Առաքելյանին ծեծի ենթարկելով` ըստ փաստաբան Սեդա Սաֆարյանի, ձերբակալությունից հետո վերջինիս դեմքն ամբողջովին կապտած է եղել. «Եվ կասկած էլ կար, որ կողոսկրերն են ջարդված եղել: Փորձագետները պարտավոր են օբյեկտիվ եզրակացություններ անել` մարմնական վնասվածքների մասին»:

Ի դեպ, Դավիթ Կարապետյանն էլ իր հերթին մեղադրվում է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու համար. «Մեզ էլ մեղադրում են` ասելով, որ քրեական գործը քաղաքականացնում ենք»:

Փաստաբանների ներկայացմամբ, եթե որեւէ մեկին ձերբակալում են, ապա դրա համար հիմքեր եւ առիթներ են պետք. «Սմբատ Այվազյանին բռնեցին` հիմնավորելով, թե կասկածվում է ապօրինի զինամթերք պահելու համար: Առանց որեւէ հիմքի` հետո արդեն Սմբատ Այվազյանին տարել են թմրանյութ օգտագործելու կասկածանքով: Սուրեն Սուրենյանցի վրա հոդված դրեցին 225-ի առաջին մասով, որ իբր թե մեկուսարանում նստած` կազմակերպել է իշխանության զավթում»:

Ինչեւէ, փաստաբանները ամաչում են համակարգի համար, եւ ինչպես իր նախագահության վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե պետական հեղաշրջման մեղադրանքով ձերբակալված անձանց փաստաբանները կտեսնեն, թե ինչ հանցանք են գործել իրենց պաշտպանյալները եւ կամաչեն նրանց պաշտպանելու համար, ՀԺԿ գրասենյակում ներկա փաստաբանները այն կարծիքին են, որ իրենք արդեն ամաչում են արդարադատության այն համակարգի համար, որտեղ գործում են այնպիսի բարքեր, որ իրենք որպես փաստաբան չեն կարողանում իրավական առումով օգտակար լինել իրենց պաշտպանյալներին, նրանց հանդեպ օրինական քննություն եւ դատավարություն ապահովելու համար:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4