Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է կառավարության նոր աշխատաոճի մասին: Ինչպես տեղեկացանք կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Տիգրան Սարգսյանը կարեւորել է կառավարության աշխատանքներում հասարակական ներգրավվածության սկզբունքի ներառումը: Նպատակներից առաջինը, ըստ վարչապետի, այն է, որ ապահովվի ներգրավված նախագծերի որակը, երկրորդը` կառավարության գործունեության լեգիտիմությունը: Այսինքն, կառավարության որոշումները պետք է դառնան հանրության քննարկման առարկա: Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս սկզբունքը ենթադրում է, որ հասարակության անդամները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու նախագծերի մշակման եւ քննարկման գործընթացներին եւ «ընդունված նախագծերի վերաբերյալ մենք պետք է ունենանք փոխադարձ կապ հասարակության հետ»: Դրա համար այսուհետեւ կառավարության եւ նախարարությունների ինտերնետային կայքերում պարտադիր պետք է տեղադրված լինեն նախագծերը:
Այնուհետեւ վարչապետը հայտնել է, որ ապահովվելու է կառավարության նիստերի ուղիղ հեռարձակումը կառավարության մամլո ասուլիսների սրահ, որտեղ հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն են ունենալու հետեւել կառավարության նիստերին` օն-լայն ռեժիմով: Տիգրան Սարգսյանը նաեւ նշել է. «Մեր աշխատակիցները չեն տիրապետում աշխատելու ժամանակակից մեթոդներին»: Նա այն կարծիքն է հայտնել, որ «ամոթ չէ չիմանալը, ամոթ է չսովորելը», եւ պետք է սովորենք ծանոթանալ աշխարհի ժամանակակից փորձին եւ այն, ինչ մեզ համար ընդունելի է, ներդնել Հայաստանի Հանրապետությունում:
Եվ վերջապես վարչապետը հայտարարել է նախարարներին, որ նրանց «աշխատանքային սեղանին պետք է դրված լինի երկու կարեւորագույն փաստաթուղթ: Առաջինը ՀՀ կառավարության գործունեության ծրագիրն է` մինչեւ 2012-ը, որը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացրել էր ԱԺ-ին եւ արժանացել է նրա հավանությանը, երկրորդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրն է: Այս երկու փաստաթուղթը ձեր աշխատանքային սեղանի կարեւորագույն փաստաթղթերն են, եւ դուք ամեն օր գործունեության ընթացքում պետք է հետեւեք, թե ինչ քայլեր են ձեր կողմից ձեռնարկվել, որպեսզի այդ մատնանշված նպատակները լինեն մեզ համար հասանելի»:
Ա. Մ.