«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2008-04-17 | #74, 2008-04-18 | #75, 2008-04-19


«ԽՑԱՆՈՒՄ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՉԼԻՆԻ»

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը կանոնավոր երթեւեկության ապահովման պահանջներ դրեց եւ առաջարկներ արեց

Երեւանի քաղաքապետարանում երեկ կայացած խորհրդակցությունում, որին բացի քաղաքային իշխանություններից մասնակցում էին շինարարական կազմակերպությունների ու ճանապարհային ոստիկանության ղեկավարները, քաղաքապետ Երվանդ Զախարյանը հանձնարարականներ տվեց նրանց ձեռնարկել միջոցառումներ խցանումներ մայրաքաղաքում բացառելու համար: Քաղաքապետն ընդգծեց, որ վերջին 10-15 օրերին ավտոտրանսպորտի հետ կապված խնդիրներ են առաջացել, որոնք դժվարություններ են առաջացնում տրանսպորտային միջոցների եւ հետիոտների համար, հարուցում մարդկանց արդարացի դժգոհությունը: Նա հայտնեց, որ այս հարցի կարգավորման վերաբերյալ հանձնարարական է տվել երկրի նախագահը:

Ըստ Երվանդ Զախարյանի, մայրաքաղաքում ստեղծվել է իրավիճակ, երբ իրականացվում են լայնածավալ շինարարական աշխատանքներ մի շարք խոշոր տրանսպորտային հանգույցներում եւ ճանապարհներում: Մյուս կողմից էլ տարեց տարի ավելանում են Հայաստան ներկրվող ավտոմեքենաները: Եթե 2004-ին Հայաստան է ներկրվել 17 հազար ավտոմեքենա, ապա 2007-ինՙ դրանից կրկնակի ավելի, 34 հազար, իսկ այս տարվա միայն առաջին եռամսյակումՙ 9 հազար ավտոմեքենա: Գաղտնիք չէ, որ դրանց գերակշիռ մասը շահագործվում է Երեւանում:

Ինչ վերաբերում է շինարարական աշխատանքներին, ապա դրանք ընթանում են «Այրարատ» կինոթատրոնից մինչեւ Աբովյան պուրակ, ամբողջ Խանջյան փողոցի տարբեր հատվածներում, Աբովյան պուրակից մինչեւ Մյասնիկյան ընկած հատվածում, սկսվել է Իսահակյան փողոցի եւ Չարենցի փողոցի կամրջի վերակառուցումը: Շուտով նախատեսվում է սկսել Սայաթ-Նովայի փողոցի խաչմերուկի կառուցումը: Այս բոլոր աշխատանքները նախատեսվում են ավարտել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:

Քաղաքապետը հայտնեց, որ պատրաստվում են ճանապարհային սխեմաներ եւ դրանք շուտով կտեղայնացվեն, ինչը, սակայն, հարցի վերջնական լուծում չէ: Երթեւեկության կանոնավորման համար անհրաժեշտ է, որ ճանապարհային ոստիկանությունը շուրջօրյա հերթապահություն սահմանի խցանում առաջացնող ճանապարհների վրա եւ կարգավորի երթեւեկությունը: Երվանդ Զախարյանը հիշատակեց անցյալ տարի քաղաքի տարբեր հատվածներում իրականացվող շինարարության մասին, երբ սկզբնական շրջանում դարձյալ դժվարություններ կային, բայց հետո երթեւեկությունը կանոնավորվեց:

Խցանման երկու տեսակ առանձնացրեց Երվանդ Զախարյանըՙ երբ մեքենաների շարժը թեեւ դանդաղ, բայց ընթանում է եւ երբ ընդհանրապես շարժ չկա: Քաղաքապետը բացառեց երկրորդ տարբերակը, որն առաջանում է ճանապարհային ոստիկանության, քաղաքապետարանի աշխատակիցների եւ շինարարական ընկերությունների անբավարար աշխատանքի, ինչպես նաեւ որոշ վարորդների անպատասխանատվության հետեւանքով: Երվանդ Զախարյանը փաստեց, որ անձամբ ինքը Դավիթ Անհաղթի փողոցից Նոր Նորք է հասել ավելի քան 40 րոպեում եւ այդ խցանման ժամանակ ոչ մի պետավտոտեսուչ չի եղել: Նա խնդիր դրեց աշխատանքները կազմակերպել այնպես, որ շարժ չունեցող խցանում չլինի: Կարող է լինել արագության դանդաղում, 30-40 կմ/ժ արագության փոխարեն 5-10 կմ/ժ արագությամբ հոսք:

Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչները, սակայն, երթեւեկության կանոնակարգման իրենց հիմնական պարտականության չկատարման վերաբերյալ պարզաբանումներ տալու եւ այդ իրավիճակը շտկելու մասին խոսելու փոխարեն, մեկ այլ հարց բարձրացրինՙ լուսացույցների արդիականացման եւ վերատեղադրման: Վերջին 1-2 տարում լուսացույցների սպասարկումը ստանձնած քաղաքապետարանը Երեւանի կենտրոնի փողոցների մեծ մասում փոխել եւ նոր լուսացույցներ է տեղադրել: Ընդ որում, մինչ այդ տարիներ շարունակ լուսացույցները սպասարկվում էին ճանապարհային ոստիկանության կողմից եւ չէին արդիականացվում:

Երվանդ Զախարյանն առաջարկեց, որ ճանապարհային ոստիկանության հիմնական ուժերը պետք է լինեն քաղաքի կենտրոնում, այլ ոչ թե ծայրամասերում: Անհրաժեշտ է նաեւ հեռուստատեսությամբ եւ զանգվածային լրատվամիջոցներով տեղեկացնել, թե որ փողոցից է նախընտրելի օգտվել, տեղադրել անհրաժեշտ ճանապարհային նշաններ, անհրաժեշտության դեպքում վերատեղադրել լուսացույցները, շինարարական աշխատանքներն իրականացնել շուրջօրյա եւ սահմանել քաղաքապետարանի աշխատակիցների հերթապահություն, փողոցներում ավտոմեքենաների կանգառումը սահմանափակել, իսկ որոշ դեպքերում ընդհանրապես արգելել ավտոմեքենաների կանգառը հասարակական տրանսպորտի համար նախատեսված կանգառներում եւ հասարակական տրանսպորտի միջոցների կանգ առնելը այդ կանգառներից դուրս: Կարեւորվեց նաեւ ոստիկանության կողմից տեսախցիկների տեղադրումը լուսացույցների մոտ:

Քաղաքապետը հանձնարարեց խիստ հետեւողական լինել ավտոմեքենաների կանգառման առնչությամբ եւ մեկ շաբաթվա ընթացքում համալիր ուսումնասիրություններ անցկացնել այստեղ: Նախատեսվում է նաեւ ավտոտրանսպորտի կարգավորման համապարփակ ծրագիր կազմել, նկատի ունենալով տրանսպորտային միջոցների հետագա աճը:

Ամփոփելով խորհրդակցությունը, Երվանդ Զախարյանն այն կարծիքը հայտնեց, որ պետք չէ խցանումների պատճառները փնտրել շինարարության ծավալների եւ ավտոմեքենաների թվի ավելացման մեջ, այլ պետք է ճանապարհային ոստիկանության հետ աշխատանքներ տանել իրավիճակը շտկելու համար:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4