«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2008-04-17 | #74, 2008-04-18 | #75, 2008-04-19


ՀՈՎՍԵՓ ԿԱՐԱԼՅԱՆԻ ԷՍՔԻԶՆԵՐԸ «ՆՌԱՆ ԳՈՒՅՆՈՒՄ»

Վերհուշի նկարիչ են համարում գեղանկարիչ, գրաֆիկ, պլակատիստ, գրքի ձեւավորող Հովսեփ Կարալյանին: Փաստում են, որ ամենուր ինքնատիպ է, հարազատ` իր միջավայրին ու անցյալին կենդանություն տվող: Այդպիսին է համարել նրան նաեւ Սերգեյ Փարաջանովը:

- Մի քանի անգամ մերժեց Փարաջանովի առաջարկըՙ հեղինակել «Նռան գույնը» ֆիլմի կերպարների զգեստները: Ասում էր` փորձ չունեմ: Համաձայնվեց, երբ Փարաջանովն հերթական անգամ տուն եկավ ու ասաց. «Կա՛մ դու կանես գործը, կա՛մՙ ոչ ոք»:

Այսպես է եղել երկու թիֆլիսեցի ստեղծագործողների համատեղ աշխատելու պայմանավորվածությունը, որ ներկայացրեց Հովսեփ Կարալյանի դուստրըՙ Բելա Կարալյանը: Հենց նա է պահպանել «Նռան գույնը» ֆիլմի համար հոր հեղինակած էսքիզները: Դրանցից 60-ը ներկայացված են Ազգային պատկերասրահի ֆիլմերի ծրագրերի ղեկավար Մելիք Կարապետյանի կազմակերպած ցուցահանդեսում: Այն նվիրված է Հովսեփ Կարալյանի ծննդյան 110-ամյակին ու կտեւի 3 շաբաթ: Ցուցահանդեսի գաղափարը, կազմակերպչի հավաստմամբ, ծագել է 2006 թվականին, երբ նախաձեռնել էին հայկական ֆիլմերի ազդագրերի ցուցահանդես: Նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ պահպանվել են էսքիզները եւ ցուցադրման համար լիովին պատշաճ տեսքով:

- Շատ տարբեր էին, բայց ընդհանուր էր նրանց Թբիլիսին, ընդհանրություններ կային ընկալումներում: Առաջին անգամ հորիցս լսեցի Փարաջանովի տաղանդի մասին: Հակիրճ ասաց. «Նա հանճար է»: Տեղեկացրեց Բելա Կարալյանն ու փաստեց, որ հոր կյանքն ու գործունեությունը հարուստ են եղել ու անցել Խորհրդային Միության տարբեր քաղաքներում, բայց նրա ստեղծագործություններում ամենից վառ արտացոլվել է հենց ծննդավայրըՙ Թբիլիսինՙ իր կենցաղով, մտածողությամբ, կերպարներով...

Նույն այդ արտացոլքը կա նաեւ Ազգային պատկերասրահում ընթացող ցուցահանդեսի նմուշներում, որոնք ստեղծվել են ֆիլմի սցենարին համապատասխան: Թբիլիսիում եւ Մոսկվայում մասնագիտական կրթություն ստացած Կարալյանը նաեւ դասավանդել է նույն այդ քաղաքներում, աշխատել-ապրել է նաեւ Բաքվում ու Աշխաբադում: 1953-ից հիմնավորվել ու մինչեւ կյանքի վերջըՙ 1981 թվականը ապրել է Երեւանում: Հովսեփ Կարալյանի գործերը պահպանվում են ՌԴ կենտրոնական թանգարաններում, նաեւ Հայաստանի Ազգային պատկերասրահում եւ այլ թանգարաններում:

Ի պատիվ նկարչի հոբելյանիՙ ապրիլի 20-ին Ազգային պատկերասրահում կցուցադրվի «Նռան գույնը» ֆիլմը:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4