«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#73, 2008-04-17 | #74, 2008-04-18 | #75, 2008-04-19


ՄՈՌԱՑՎԱԾ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Երկու հայ կանանց ոդիսականը Ստամբուլում

Ոչ պաշտոնական տվյալներով, վերջին 15 տարիներին աշխատելու նպատակով Ստամբուլ է մեկնել 40.000 հայ, նրանց գերակշիռ մեծամասնությունը կանայք են: Հիմնական զբաղմունքն այստեղ հիվանդներին խնամելն ու տնային աշխատանքներ կատարելն է:

Քում Քափուն Ստամբուլի բանվորական թաղամասերից է: Հենց այստեղ էլ հիմնականում կենտրոնացված են աշխատելու նպատակով Ստամբուլ մեկնած հայերը: Ապրելակերպի տարբերություն նրանց միջեւ գրեթե չկա: Մեկ բնակարանում ապրում է մի քանի ընտանիք:

Զեմֆիրա Սողոմոնյանի վարձած բնակարանի տարածքն ընդամենը 15 քառակուսի մետր է: 63-ամյա Զեմֆիրա Սողոմոնյանը Ստամբուլում է ապրում արդեն 6 տարի: Խնամում է իրեն հասակակից կանանց եւ շատ հաճախ աշխատանք գտնելու համար թաքցնում է իրական տարիքը: Մասնագիտությամբ բանասեր եւ ապրանքագետ է, ապահովված ընտանիքի մայր է եղել եւ երբեւէ չի էլ պատկերացրել, որ կարող է զրկվել տարիների ընթացքում ստեղծածից: «Որդիս ավտովթարի ենթարկվեց: Հիվանդանոցի ծախսերը հոգալու նպատակով ահռելի տոկոսով գումար պարտք վերցրեցի: Հետո էլ պարտքս վերադարձնելու նպատակով բնակարանս վաճառեցի: Եվ հետո, ինչպես հաճախ է պատահում, օրերից մի օր հասկացա, որ կորցրել եմ ողջ ունեցվածքս», ասում է տիկին Զեմֆիրան:

Թուրքիայի տոմսն էժան արժեր: Այս հանգամանքն էլ որոշիչ է դառնում: «Գումար աշխատել, Հայաստանում բնակարան գնել եւ տուն վերադառնալ: Սա էր Թուրքիա գալուս նպատակը: 6 տարի արդեն այստեղ եմ, սակայն բավարար գումար դեռ չեմ կարողացել աշխատել: Հայաստան վերադառնալը վերջնական նպատակս է, բայց ինչպե՞ս: Թուրքերեն սովորել, հաղթահարել հոգեբանական բարդություններն ու կատարել թուրք տանտիրուհու պահանջները. այս ամենը հեշտ չէր: Հաղթահարել եմ այս դժվարությունները, սակայն նպատակս դեռ չեմ իրականացրել», նշում է Զեմֆիրա Սողոմոնյանը: Ամսական աշխատավարձը տնային աշխատանքները կատարելու համար 500-600 դոլար է: Երբ ավտոբուսի տոմսն արժե գրեթե մեկ դոլար, գումար խնայելն այստեղ այնքան էլ դյուրին չէ:

52-ամյա Լարիսա Խամոյանը Ստամբուլում է արդեն տասը տարի: Մասնագիտությամբ դերասանուհի է, 20 տարի աշխատել է Թալինի թատրոնում եւ պատմում է, որ հայրենի քաղաքի հասարակական կյանքի ակտիվ մասնակիցներից է եղել: Ստամբուլում եւս տիկին Լարիսան ակտիվ համայնքային կյանքով է ապրում: Հպարտությամբ ցույց է տալիս «Ակօսում» տպագրված իր հարցազրույցը, կարող է երկար խոսել Հրանտ Դինքի հետ ծանոթության, այնուհետեւ բարեկամության մասին: Հրանտ Դինքի սպանությունից հետո տիկին Լարիսայի սենյակի մի մեծ անկյունն ամբողջովին հայ լրագրողի նկարներով է պատվում: Թուրքիա գալու պատճառների մասին խոսել չի սիրում: «Պապերիս երկիրն եմ վերադարձել», սիրում է կրկնել, սակայն չի մոռանում նշել, որ Հայաստան վերադառնալու մասին չի դադարում մտածել: Հետո, մտերմիկ զրույցի ընթացքում պատմում է, որ Արցախյան պատերազմի մասնակից եղբայրը վիրահատության կարիք ունի, հարկավոր է ավելի քան 5 հազար դոլար աշխատել, նաեւ ծեր ծնողների ապրուստի համար գումար վաստակել:

Քում Քափուում կարող ես խոսակցություններ լսել ամենատարբեր լեզուներով: Այս թաղամասում լավագույն բիզնես է միջազգային հեռախոսազանգեր ապահովող փոքրիկ սրահներ աշխատեցնելը: Այդ սրահների դռներին փակցված են այն երկրների դրոշները, ուր ամենից հաճախ են զանգահարում: Հայաստանինը առաջիններից մեկն է:

ԱՐԵՎԻԿ ԲԱԴԱԼՅԱՆ, Ստամբուլ-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4