2008-ի փետրվարին ՀՀ բնապահպանության նախարարության եւ ՌԴ «Ռոսատոմ» ատոմային Էներգիայի գործակալության միջեւ ստորագրվեց հուշագիր ուրանի հանքաքարերի երկրաբանական հետախուզման, արդյունահանման եւ վերամշակման ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ: Հուշագրով հաստատվեց կողմերի մտադրությունը` հիմնել ՀՀ ուրանի հանքաքարերի եւ հարակից օգտակար հանածոների երկրաբանական հետախուզման համատեղ ձեռնարկություն: ՀՀ կառավարության որոշմամբ բնապահպանության նախարարությանը վերապահվեց ՀՀ անունից համատեղ ձեռնարկության հիմնադիր պայմանագրի հաստատման իրավունք:
Երեկ բնապահպանության նախարարությունում կողմերի միջեւ ստորագրվեց պայմանագիր ՓԲԸ-ի ստեղծման մասին: Պայմանագիրը կնքվեց «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ (ՌԴ) եւ ՀՀ բնապահպանության նախարարության միջեւ, որոնք էլ ստեղծվելիք ՓԲԸ-ի հիմնադիրներն են: Ռուսական կողմից պայմանագիրը ստորագրեց «Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վադիմ Ժիվովը, հայկական կողմից` ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
«Մեր գործընկերներիՙ «Ռոսատոմի» ներկայացուցիչների հետ մեծ աշխատանք է տարվել` մասնավորապես այս տարվա փետրվարի 4-5-ը, երբ հանդիպեցին երկու երկրների վարչապետները: Փաստաթղթային բոլոր ուսումնասիրություններից հետո անցնում ենք հաջորդ փուլ, ստեղծում ենք համատեղ ձեռնարկություն` ուրանի ուսումնասիրման կամ հետախուզական աշխատանքներ իրականացնելու համար: Մենք հնարավորություն կունենանք ՀՀ Սյունիքի մարզում իրականացնելու ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքները: Երկրաբանահետախուզական աշխատանքների ամբողջ գործընթացը նույնպես լինելու է թափանցիկ: Բոլոր պայմանները կան, եւ մենք արդեն իսկ այսօր հայտարարում ենք, որ այս գործընթացը գործնականորեն սկսված է եւ այս սկիզբը ենթադրում է առաջիկա վեց ամիսների ընթացքում կոնկրետ աշխատանքներ», նշեց Արամ Հարությունյանը:
«Ատոմռեդմետզոլոտո» ԲԲԸ-ն կառավարում է Ռուսաստանի ուրանարդյունաբերող ողջ ակտիվները, իրականացնում է նաեւ որոշ ծրագրեր Ղազախստանում: «Ատոմռեդմետզոլոտո»-ի ակցիաների 100 տոկոսը պատկանում են «Ատոմէներգոպրոմ» ԲԲԸ-ին, որն էլ մտնում է ՌԴ «Ռոսատոմ» գործակալության մեջ: Ուրանի պաշարներով «Ատոմռեդմետզոլոտո»-ն գրավում է աշխարհում երկրորդ տեղը:
Առաջիկա երեք ամիսների ընթացքում համատեղ ՓԲԸ-ն գրանցվելու է, ապա ընկերությանը տրվելու է Հայաստանի տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու արտոնագիր: «Ատոմռեդմետզոլոտո»-ն նախատեսում է երկրաբանահետախուզական աշխատանքները սկսել այս տարվա սեպտեմբերին: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 92.241.000 դրամ եւ բաժանված է 300 սովորական անվանական բաժնետոմսերի, յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը 307.470 դրամ է:
ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ