Շինհրապարակ այցելեց նախագահ Սերժ Սարգսյանը
«Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցվող Սարալանջի մայրուղու Մյասնիկյան-Հերացի փողոցները կապող թունելի շինհրապարակ երեկ այցելեց երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Թունելը Սարալանջի մայրուղու մի հատվածն է: Երեկ այն կառուցող շինարարական կազմակերպությունները երկու կողմից հորատելով, հասան միմյանց: «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանի համոզմամբ, գերազանց հորատանցում է կատարվել: Նա երեկվա օրը պատասխանատու համարեց, ասելով, որ Սարալանջի մայրուղու շինարարությունը սկսվել է անցյալ տարվա մայիսին եւ ամբողջությամբ պատրաստ կլինի այս տարվա սեպտեմբերին: Ըստ ԾԻԳ-ի տնօրենի, Երեւանի ճանապարհների վերականգնման համար «Լինսի» հիմնադրամի հատկացրած գումարը կազմում է 20 մլն դոլար: Կոնկրետ Սարալանջի մայրուղու կառուցման արժեքը 6 մլրդ դրամ է, որից թունելինըՙ 1 մլրդ դրամ: Մայրուղին, որը քաղաքի կենտրոնը շրջանցելով, միմյանց կկապի Հերացու եւ Ավետիսյան փողոցները, բաղկացած է երեք կարեւոր հատվածներից, որտեղ նրան են հատում մի քանի այլ փողոցներ:
Սերժ Սարգսյանի այցելության հաջորդ վայրը դարձյալ «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգվող Երեւանի թ. 56 Ստեփան Զորյանի անվան դպրոցն էր, որը մինչ նորոգումը սկսվելը գտնվում էր վթարային վիճակում: Ինչպես հայտնեց «Դպրոցաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Հրայր Սարգսյանը, դպրոցը կառուցված է 1964-ին եւ ուներ 4 հազար քմ տարածք: Այն կապիտալ նորոգվել է, ավելացվել է 700 քմ տարածք, կառուցվել է լոկալ ջեռուցման համակարգ, արդիականացվել եւ համապատասխանեցվել է 12-ամյա կրթության պահանջներին, ապահովվել նոր գույքով: Նա նաեւ հայտնեց, որ «Լինսի» հիմնադրամի միջոցներով նորոգվում են 10 դպրոցներՙ 5-ըՙ Երեւանում, 5-ըՙ մարզերում: Դրանք նույնպես պետք է ավարտվեն այս տարվա սեպտեմբերին:
Ա. Մ.