«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2008-04-19 | #76, 2008-04-22 | #77, 2008-04-23


ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ԱՆՏԱՌԸ ԿՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ

Բնապահպանները տարիներ քննադատում էին, որ Ծիծեռնակաբերդի անտառում ծառեր էին կտրվում, որոշ հատվածներում ամեն տարի բռնկվող հրդեհները (կամ դիտավորյալ են այրում` տարբեր հեռահար նպատակներով) պարբերաբար բավական կանաչ տարածք են ոչնչացնում: Շրջելով Ծիծեռնակաբերդի ծառուղիներով, հատկապես Հրազդանի կիրճին նայող հատվածներում, երեկ էլ մենք տեսանք երեւի ոչ վաղ կտրված հնամենի ծառերի կոճղեր, եւ չենք կարող ասել, թե դրանց ո՞ր մասն է ապօրինի հատված: Կառավարությունը 21 մլն դրամ է տրամադրել, որպեսզի Ծիծեռնակաբերդի 15 հա տարածքում ջրագծերը թարմանան, անտառի վերականգնման աշխատանք կատարվի: «Հայաստանի անտառների վերականգնման հիմնադրամը» (նախագահ Վլադիմիր Մովսիսյան), տնկելու է 10600 ծառ եւ թուփ` Երեւանի համար կենսական նշանակություն ունեցող կանաչ տարածքը վերականգնվում է: Անտառի ընդհանուր տարածքը 100 հա է, տարի առ տարի պետք է վերականգնվի, բարեկարգվի եւ հասարակական զբոսայգի դառնա: Իսկ հյուսիսարեւելյան հատվածում բավականին մեծ-չուսումնասիրված հնագիտական հուշարձան է: Ըստ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի` թանգարանը միջոցներ է տրամադրում շատ կարեւոր այդ գոտին պեղելու-ուսումնասիրելու համար, որպեսզի դառնա զբոսաշրջիկների այցելության վայր:

Որ Ծիծեռնակաբերդը հնագույն պատմական հուշարձան է` հայտնի է բոլորին, տողերիս հեղինակը «Հրազդանի կիրճի պատմամշակութային հուշարձանները» տեսաֆիլմում հնագետ Աշոտ Փիլիպոսյանի գիտական խորհրդատվությամբ նկարահանեց այդ վայրում գտնվող հնագույն չպեղված միջնաբերդը, որտեղ հենց հողի մակերեսին ջնարակված խեցեղեն էր սփռված: Սակայն այն միտքը, որ պատմական անգին հուշարձանը պետք է պեղել ու հրամցնել զբոսաշրջիկներին, ակնհայտորեն լավագույն գաղափարը չէ. հնագետները դողում են հուշարձանների վրա, եթե պեղումներն ավարտին հասցնելու բավարար գումարներ չեն լինում` նրանք սովորաբար առաջարկում են ոչ թե պեղել ու թողնել բախտի քմահաճույքին, այլ գերադասում են պահարկել` մինչեւ լավ ժամանակներ: Այնպես որ անտառը վերականգնելու գաղափարը հիանալի է, սակայն հին հուշարձանը տուրիզմի վայր դարձնելը` ոչ այնքան:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4