Պլովդիվում մեկնարկել է շախմատի Եվրոպայի կանանց եւ տղամարդկանց առաջնությունը: Երկու մրցաշարերն էլ անցկացվում են շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: Բացի առաջնության պարգեւներից, տղամարդիկ վիճարկում են աշխարհի գավաթի խաղարկության 22 ուղեգիր, իսկ կանայք կխաղարկեն աշխարհի առաջնության 13 ուղեգրեր: Հավասար միավորների դեպքում մրցանակակիրները կորոշվեն լրացուցիչ մրցախաղում: Տղամարդկանց մրցաշարում հանդես են գալիս 336 շախմատիստներ, կանանց մրցաշարում պայքարի ոլորտն են ընդգրկվել 139 շախմատիստուհիներ: Հայաստանն այս մրցաշարում ներկայացնում են 9 շախմատիստներ եւ 6 շախմատիստուհիներ: Բացի այդ, մասնակիցների թվում են նաեւ հայազգի երկու շախմատիստներ` Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը եւ ռուսաստանցի Սերգեյ Գրիգորյանցը:
Մեկնարկային տուրում տղամարդկանց մրցաշարում չորս հայ շախմատիստներ իրենց օգտին հաղթական միավորներ գրանցեցին: Գաբրիել Սարգսյանը հաղթեց Յուրե Սկոբեռնին, Արտաշես Մինասյանը պարտության մատնեց Ալեքսանդր վան Բեքին, Աշոտ Անաստասյանն էլ առավելության հասավ Անտոնիոս Հաձիմանոլիսի նկատմամբ: Իսկ ահա Տիգրան Քոթանջյանը միավոր վաստակեց առանց խաղալու, քանի որ նրա մրցակիցը` Լենարտ Արկադիուշը չէր ներկայացել հանդիպմանը: Կառլսոն-Հակոբյան, Պապադոպուլոս-Ասրյան, Պոտկին-Տեր-Սահակյան, Բուտնորիուս-Պետրոսյան պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Դմիտրի Հարությունյանը զիջեց Գեորգ Մայերին:
Մեր շախմատիստներից հաղթանակով մեկնարկեցին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը` պարտության մատնելով համապատասխանաբար Վոլկուին եւ Գոլուբենկոյին: Աննա Հայրապետյանը ոչ-ոքի խաղաց Դվորակովսկայայի հետ, իսկ Նելի Աղինյանը, Սիրանուշ Անդրեասյանը եւ Լիլիթ Գալոյանը պարտվեցին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ