Ինչպես տեղեկացանք բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից, երկարատեւ, ծանր հիվանդությունից հետ 71 տարեկանում մահացել է բասկետբոլի հայտնի մարզիչ Մարտուն (Ռաֆիկ) Չոլախյանը:
Չոլախյանը հայկական բասկետբոլի երախտավորներից էր, որի ջանքերով ժամանակին հիմնադրվել էր Գյումրիի «Բուրեվեստնիկ» կանանց թիմը, որը հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության 1-ին խմբում: Հենց այդ թիմի բազայի վրա էլ հետագայում կազմավորվեց հանրահայտ Աբովյանի «Հատիսը», որը բարձրագույն խմբի ուղեգիր նվաճեց: Չոլախյանի գլխավորությամբ «Հատիսը» երկու անգամ նվաճել է ԽՍՀՄ գավաթը, դարձել է բրոնզե մրցանակակիր, մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկությանը, որտեղ ընդգրկվել է 8 լավագույն թիմերի ցանկում:
Մեծ է Չոլախյանի ավանդը Հայաստանում բասկետբոլի զարգացման գործում, քանի որ նրա պատրաստած կադրերը պարբերաբար համալրում էին Հայաստանի հավաքականները: Անվանի մարզչի սաներից է նաեւ 1992-ի Բարսելոնի օլիմպիադայի չեմպիոնուհի Էլեն Բունիաթյանցը, որը նման հաջողության է հասել ԱՊՀ հավաքականի կազմում: Իսկ մինչ այդ Չոլախյանի գլխավորությամբ ԽՍՀՄ պատանեկան հավաքականը դարձել էր Եվրոպայի չեմպիոն: Ցավոք, վերջին 5 տարիներին ծանր հիվանդության պատճառով ՀՀ վաստակավոր մարզիչը զրկված էր մարզչական գործունեություն ծավալելու հնարավորությունից:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորապես ցավակցում է Մարտուն Չոլախյանի մերձավորներին անդառնալի կորստի կապակցությամբ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ