Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում կայացավ 2-րդ տուրը: Հայ շախմատիստներից երկրորդ հաղթանակները տոնեցին Գաբրիել Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սերգեյ Գրիգորյանցն ու Սերգեյ Մովսիսյանը: Սարգսյանը սեւերով հաղթեց գրոսմայստեր Բորիս Սավչենկոյին: Նույն գույնի խաղաքարերով Մկրտչյանն առավելության հասավ Աննա Ռուդոլֆի նկատմամբ: Մովսիսյանը պարտության մատնեց Պավել Մալետինին, իսկ Գրիգորյանցը հաղթեց Պրեդրագ Նիկոլիչին:
2-րդ տուրը հաղթական էր նաեւ Վլադիմիր Հակոբյանի համար, որն առավելության հասավ Ադամ Տուխաեւի նկատմամբ: Կարեն Ասրյանն էլ պարտության մատնեց Դավիթ Մագալաշվիլուն: Առաջին հաղթանակը տոնեց նաեւ Տիգրան Պետրոսյանը` պարտության մատնելով Սպաս Կոժուհարովին: Մեր շախմատիստների այս եռյակը վաստակել է 1,5-ական միավոր: Նույնքան միավոր ունեն իրենց պարտիաները ոչ-ոքի ավարտած Արտաշես Մինասյանը, Տիգրան Քոթանջյանը, Աշոտ Անաստասյանը: Առաջին կես միավորը վաստակեց Դմիտրի Հարությունյանը` ոչ-ոքի խաղալով Իգոր Եֆիմովի հետ: Կես միավոր ունեցող Սամվել Տեր-Սահակյանը պարտվեց Լեոնիդ Կրիցին:
Կանանց մրցաշարում առաջին միավորները վաստակեցին Նելլի Աղինյանն ու Սիրանուշ Անդրեասյանը, որոնք առավելության հասան համապատասխանաբար Ալեքսանդրա Ստիրի եւ Մարգարիտա Կոիմբրայի նկատմամբ: Էլինա Դանիելյանն առաջին պարտությունը կրեց` զիջելով Կատերինա Նեմցովային: Աննա Հայրապետյանն էլ պարտվեց Ֆրանցիսկո Ֆոյսորին: Միակ ոչ-ոքին գրանցվեց Լիլիթ Գալոյանի եւ Վերա Պապադոպուլոյի մրցավեճում:
Տղամարդկանց մրցաշարում 2-ական միավորով աղյուսակը գլխավորում են 37 շախմատիստներ: Կանանց առաջատարների թիվը 19 է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ