Արձագանքելով Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման երեւանյան միջոցառումներին
Ամեն անգամ, երբ մոտենում է ապրիլի 24-ը, Թուրքիան սեւեռուն ուշադրության առարկա է դարձնում Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման համար Հայաստանում, հայկական սփյուռքում եւ աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվող միջոցառումները: Դա ազդակ է, որ Թուրքիայի ղեկավարների շահախնդիր շահագրգռություններին արձագանքի թուրքական մամուլը:
Մինչ թուրքական մամուլի արձագանքներին անդրադառնալը նշենք, որ այս տարի Թուրքիայի քաղաքական շրջանակները ուշադրության կենտրոնում են պահել ոչ միայն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի, այլեւ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլքսանչորսյան ելույթը:
Ինչպես ենթադրվում էր, այս տարի եւս նախագահ Բուշը չարտասանեց ցեղասպանություն բառը, սակայն դա չխանգարեց, որ նա տա այդ բառի ՄԱԿ-ի ցեղասպանության կոնվենցիային մեծապես համապատասխանող սահմանումը: Այնուամենայնիվ, ԱՄՆ նախագահի ելույթը դժգոհելու տեղիք չի տվել թուրքական քաղաքական շրջանակներին:
Ինչպես վերաբերում է ՀՀ նախագահի ելույթին, ապա «Զամանը» դրա առնչությամբ գրել է. «Համարելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության անքակտելի բաղադրամաս, Սերժ Սարգսյանն ասաց. «Համայն հայության հայրենիք Հայաստանը պետք է կրկնապատկի պատմական արդարության վերականգնմանն ուղղված ջանքերը»: Հայաստանի ղեկավարը միաժամանակ նշեց, որ դրանց գործադրումը վրեժխնդրության եւ թշնամանքի զգացումներ չի ենթադրում: Վերջում նա օգտագործեց «վաղվանից պատրաստ ենք կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները» արտահայտությունը»:
Ըստ երեւույթին, թուրքական քաղաքական շրջանակներին դժգոհության առիթ չպետք է տա նաեւ Սերժ Սարգսյանի ելույթը: Սակայն միջոցառումներում թուրքական դրոշի այրման, առավել եւս ոտքի տակ տրորման դեպքերը ոչ միայն դժգոհության ու ակնհայտ վրդովմունքի, այլեւ շահարկման պատճառ են դարձել: Որոշ թերթեր երեկվա համարներում գրել են, թե Թուրքիայի դրոշը հուշարձանի ներսում, անմահական կրակի մոտ իբր տրորել է նաեւ ՀՀ նախագահը: Մինչդեռ դրոշի տրորման դեպքեր տեղի են ունեցել ապրիլի 23-ին ջահերով երթի ժամանակ միայն, իսկ ՀՀ նախագահը Եղեռնի հուշարձան է այցելել ապրիլի 24-ին:
Ի տարբերություն թուրքական թերթերի, համանուն հանրային հեռուստատեսությունը թուրք հեռուստադիտողի ուշադրությունը հրավիրեց PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին պատկերող երկու ցուցապաստառներին, որոնցով «Հայոց ցեղասպանությունը դատապարտելու» համար Ծիծեռնակաբերդ էին բարձրացել քրդերը:
Պետք է ասել, որ Թուրքիայի դրոշի տրորման դեպքերը երբ էլ որ կատարվեն, ոչ թե նպաստում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլ խրախուսում են թուրք ազգայնամոլներին, որոնք ճանաչումը պայմանավորում են Թուրքիայի եւ թուրքերի նկատմամբ իբր Հայաստանում տիրող թշնամանքով, միաժամանակ երկրում վերջիններիս հակահայկական դրսեւորումների արդարացման նախապայմաններ են ստեղծում:
Ինչ վերաբերում է Օջալանի պատկերով պաստառներին, ապա Հայոց ցեղասպանությունն այդ պաստառներով դատապարտելիս, քրդերն ակամա դատապարտումը ծառայեցնում են ինչպես PKK-ի, այնպես էլ նրա առաջնորդի քարոզչության նպատակներին: Քանի որ դա կատարվել է Ծիծեռնակաբերդում, ուրեմն փորձ է արվել քարոզչության այդ նույն նպատակներին ծառայեցնել Մեծ եղեռնի հուշահամալիրը:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ