Ըստ մարդու իրավունքների պաշտպանի
«Ես համոզված եմ, որ մենք պետք է նոր իրականություն ստեղծենք` նախկինից տարբերվող նրանով, որ ռեալ, իր բովանդակությամբ ժողովրդավարական հասարակություն պետք է կառուցենք, այլ ոչ թե ավտորիտար համակարգ` ժողովրդավարական ֆասադով»:
Սա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի եզրակացությունն էր «Կոնգրես» հյուրանոցում իր արտահերթ հրապարակային զեկույցի ավարտին: Իսկ արտահերթ զեկույցի անհրաժեշտությունը ծագել էր մարտի 1-ին տեղի ունեցածի ու հետընտրական զարգացումների ֆոնին, համաձայն օրենքի, որով եթե մարդու իրավունքների խախտման զանգվածային դեպքեր են տեղի ունենում եւ լայն հնչողություն ստանում` ՄԻՊ-ն իրավունք ունի արտահերթ հրապարակային զեկույցով հանդես գալու:
Զեկույցի շարադրանքի տրամաբանության հիմքում ընկած է այն անժխտելի փաստը, որ նախագահական ընտրությունների ժամանակ հասարակության մի ստվար մասի դժգոհությունը, համապատասխան ուղղվածություն ստանալով` նոր որակներ ձեռք բերեց. ակնհայտ սոցիալական եւ տնտեսական բեւեռացումը, հանրային եւ հատկապես իրավապահ մարմինների նկատմամբ գոյություն ունեցող հասարակական անվստահությունը, իշխանության գերկենտրոնացումը, իշխանության երեք թեւերի միջեւ զսպումների եւ հակակշիռների մեխանիզմի ոչ արդյունավետ գործողությունը, մարդու եւ քաղաքացու իրավունքների անբավարար երաշխավորված լինելը, արտոնյալ խավի փակ համակարգի ձեւավորումը հասարակության մի զգալի մասին դրդեցին կտրուկ եւ շրջադարձային փոփոխություններ փնտրել այս խնդիրներին լուծումներ տալու համար: Կարող է թվալ, որ վերը նշված մտքերը թունդ ընդդիմադիր մի քաղաքական գործչի ելույթից են: Բայց ոչ, սա ՄԻՊ զեկույցի համառոտ տարբերակից է: Ա. Հարությունյանը զեկույցում շարունակեց զարգացնել այս թեման. հասարակության մի ստվար զանգվածի մեջ ձեւավորվեց ծայրահեղական գործունեության պահանջարկ, որի հանդեպ էլ մի շարք քաղաքական ուժեր ձեւակերպեցին համապատասխան առաջարկ, հասարակության բեւեռացման եւ անհանդուրժողական մթնոլորտը խորացավ: «Երկրում ձեւավորվել էր արտոնյալ` յուրայինների եւ հասարակության մնացած մասի համար փակ համակարգ: Ձեւական բնույթ ունեին իշխանության կազմակերպման ժողովրդավարական սկզբունքները: Դրանով իսկ սահմանափակվել էին օրինականության շրջանակներում քաղաքական պայքար մղելու հնարավորությունները», գնահատական է տալիս զեկույցը փաստորեն իշխանությունների մասով եւ անցնում ընդդիմությանը, որն ըստ զեկույցի որդեգրեց նույն ծայրահեղական միջոցները` դուրս գալով փողոց եւ հասարակությունը բեւեռացնելով «մենքի» եւ «ոչ մենքի` մոլորյալների. «Թե՛ իշխանության մի մասի, թե՛ ընդդիմության ծայրահեղականությունից տուժեց հասարակությունը, քանի որ մարտի 1-2-ի իրադարձությունները հնարավոր դարձան հենց այդ ծայրահեղական միջոցների գործադրման արդյունքում... Այս առումով, հասարակությունում հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորումն առաջնային խնդիր է դառնում»:
Մի խոսքով, ըստ զեկույցի, նորընտիր նախագահը եւ ձեւավորվող նոր իշխանական համակարգը շատ ծանր ժառանգություն են ստացել իրենց նախորդից... եւ բոլորս միասին պետք է հաղթահարենք այս իրավիճակը: Զեկույցն իրավիճակը հաղթահարելու համար 7 հիմնախնդրի լուծման անհրաժեշտություն է տեսնում`ապահովել հասարակական վերահսկողության տակ գործող իշխանություն եւ ընդդիմություն, բարեփոխել ընտրական օրենսդրությունը (վերանայել ընտրական հանձնաժողովների ձեւավորման, վերահաշվարկի անցկացման կարգը), էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմակարծություն եւ անկողմնակալություն ապահովել (ընդհուպ այդ լրատվամիջոցները համակարգող եւ վերահսկող մարմիններում ընդդիմության հավասար մասնակցություն), բացառել մարդու իրավունքներն անհիմն սահմանափակող օրենքների առկայությունը (հանրահավաքներ, ցույցեր անցկացնելու օրենքի վերջին փոփոխությունները), վերացնել տնտեսությունում առկա մենաշնորհը, ինչը թույլ կտա վերացնել կառավարման օլիգարխիկ համակարգը (բա՞-Մ.Խ.), արդյունքում քաղաքական ծայրահեղականության պահանջարկ էլ չի ձեւավորվի, արմատախիլ անել պատճառները` հետեւանքների դեմ պայքարելու փոխարեն: «Ամենավտանգավոր եւ անհեռանկար բանը, որ կարող ենք անել այժմ, բարեփոխումների իմիտացիան է», իր առաջարկներն ամփոփում է Արմեն Հարությունյանը` արտահերթ հրապարակային զեկույցի կարճառոտ տարբերակն ավարտելով, որն, ի դեպ, մեզ ավելի շատ քաղաքական փաստաթուղթ թվաց` ի տարբերություն 68 էջանոց ավելի հանգամանալից եւ մանրամասն զեկույցի. վերջինս արդեն տեղադրված է ՄԻՊ կայքէջում, եւ ծանոթանալու դեպքում կարելի կլինի նաեւ արձագանքել:
Լրագրողները հետաքրքրվեցին մարտիմեկյան իրադարձությունները քննող անկախ հանձնաժողովի վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի պատկերացումներով, մանավանդ որ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այդպիսի հանձնաժողովի ստեղծումը նպատակահարմար էր գտել ՄԻՊ շրջանակում. «Տեխնիկական խնդրի մասին եք հարցնում, մենք այսօր կոնցեպտուալ հարց ենք բարձրացնում. ես սկզբունքի տեսակետից կպատասխանեմ` այնպես պետք է ձեւավորվի եւ այնպես գործի, որպեսզի հասարակության մեծ մասին հավատ ներշնչի նրա գործունեությունը: Եթե հասարակության մեծ մասն այդ հանձնաժողովի նկատմամբ հավատ չունենա, մենք այս իրավիճակից ոչ թե դուրս կգանք, այլ լրացուցիչ քայլ կանենք անջրպետը խորացնելու», ասաց նա` նկատելով, որ այնտեղ պետք է մասնակցություն ունենա նաեւ արտախորհրդարանական ընդդիմությունը:
Հնչեց հարց, թե քաղբանտարկյալնե՞ր են արդյոք ձերբակալվածների մի մասը, ինչպես որ իրենք են պնդում: Ա. Հարությունյանը նկատեց, թե այդքան շատ մարդու 300 հոդվածով դատելը վստահություն կարող է չներշնչել, այսինքնՙ կարող են կասկածներ լինել քաղբանտարկյալների մասով, բայց նաեւ այն մարդիկ են ճիշտ, որոնք սպասում են դատարանների վճիռներին` դրանցից հետո եզրակացություն անելու համար: Իսկ նրանք, ովքեր չեն հավատա նաեւ դատարանների վճիռներին, պետք է դիմեն մարդու իրավունքների եվրոպական դատարան:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ