«Անկախության ձեռքբերումից հետո ակադեմիան ստացավ մի կարգավիճակ, որ կոչվում էր խորհրդատվական գործառույթ, այսինքնՙ մենք իշխանությունների խորհրդատուն էինք, ինչից շատ շոյվեցինք ու սկսեցինք խորհուրդներ տալ: Մի քանի խորհուրդ տալուց հետո հասկացանք, որ դրանք «վտանգավոր» են, ու բավարարվեցինք միայն մեկ խորհրդով, մանավանդ որ մեր նախկին տնտեսագետ վարչապետներից մեկն այս ամբիոնից հայտարարեց, թե գիտությունների ակադեմիայում 20 գիտնական չկա ընդհանրապես: Մենք էլ հասկացանք, որ այդ 20-ից մեկն ինքն է, իսկ մնացած 19 հոգու համար ակադեմիան չարժե պահել, ու սկսեցինք ինքներս մեզ խորհուրդ տալՙ «ավելի է լավ է անկեղծորեն մեզ քննադատենք, չբավարարվենք միայն իշխանություններին քննադատելով: Մի խորհուրդ էլ նրանց տվեցինք, թեՙ «մեզ չփակեք, հա՞»: Իշխանություններն էլ այդ խորհուրդը լսելով մեզ չփակեցին ու սկսեցին մեզ աղքատավարձ տալ, որով մենք ոչ միայն նյութապես աղքատացանք, այլ որ ավելի վտանգավոր էՙ բարոյապես: Եվ հասարակությունը բարոյապես աղքատացավ, ու հենց այդտեղից էլ գալիս է մեր բոլոր դժբախտությունների պատճառը: Հասարակական կարծիք ասվածը մեզանում մեռավ, այն ժամանակ, երբ խորհրդային մամլիչի տակ կար հասարակական կարծիք, այսօր այն որպես այդպիսին չկա: Հասարակական կարծիք ձեւավորողները դարձան կուսակցությունները, իսկ մտավորականությունը քաշվեց կողքի: Հասարակական կարծիքը մեռավ ու դրա վտանգն այնքան մեծ էր, որ կանգնեցինք վերջին ծանր իրողության առջեւ, որովհետեւ հասարակական կարծիքի բացակայության պայմաններում ով ասես կարող է դառնալ լիդեր, կարող է խոսք հնչեցնել ծանրակշիռ ձեւով: Շատ դեպքերում կեղծ, արհեստական ընդդիմություններ եկան, որոնց առկայությունը պայմանավորված էր մեր ակադեմիայի գիտական մտքի պասսիվությամբ, որովհետեւ մենք քաղաքական հասարակական դաշտը թողեցինք ուրիշներին, իբր զբաղվեցինք միայն գիտությամբ, ասելով, թե դա մեր գործը չէ եւ ունեցանք մի վիճակ, որ ապրիլի 24-ին միայն իր ողբերգության մասին խոսող հայ ժողովրդի մոլորյալ հատվածն այս անգամ խոսեց այլ բաների մասին: Ահա այն դառը վիճակը, որ այսօր ունենք: Գիտությունների ակադեմիան չի կարող լինել ոչ պետականամետ, դա նրա առաքելությունն է, մնում է, որ մեր երկրի ղեկավարները լինեն գիտականամետ», Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովում երեկ ասաց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, թղթակից-անդամ Աշոտ Մելքոնյանը:
Նրա խոսքից առաջ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը զեկուցեց 2007-ի գիտական գործունեության հիմնական արդյունքների, ինչպես նաեւ գիտության ոլորտի բարեփոխումների մասին, մասնավորաբար շեշտելով հետեւյալը. «Քիչ են գիտության զարգացմանը նպաստող մտքերը, հիմնականում արվում են գիտությունը քայքայող առաջարկներ: Ակադեմիայի կարգավիճակի եւ կառուցվածքի որեւէ փոփոխություն հնարավոր է միայն այն դեպքում, եթե համոզիչ են ավելի լավ գիտական արդյունքներ ստանալու եւ դրանք տնտեսության մեջ ներդնելու ապացույցները: Եթե մենք չհամոզվենք դրանում, բարեփոխումների երբեք չենք գնա»:
Ակադեմիայի թղթակից-անդամ Գեւորգ Պողոսյանը հանդես եկավ նոր ինստիտուտներ ստեղծելու առաջարկովՙ հիմնավորելով աշխարհաքաղաքական զարգացումների բուռն ընթացքով: «Վաղուց ժամանակն էր ունենալու սփյուռքի, արդի հասարակության, Ղարաբաղի հիմնախնդիրների, կառավարման եւ այլ հարցերով զբաղվող հիմնարկներ: Մեր հիմնական խնդիրները գալիս են այնտեղից, որ վատ ենք ճանաչում մեր հասարակությանը: Չպետք է վախենալ գիտությանը շատ միջոցներ հատկացնելուց, պարզապես պետք է ավելի շատ պահանջել, ավելի խիստ լինել: Եթե առաջիկա 5 տարիներին կտրուկ ու համարձակ մոտեցումներ չդրսեւորենք, ուղղակի անդառնալի կորուստներ կունենանք, որովհետեւ աշխարհը շատ արագ է զարգանում», ասաց Պողոսյանը:
Ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին հրավիրված էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ուրիշներ: Բոլոր ելույթները լսելուց հետո նախագահը գիտնականների հետ ունեցավ բավականին անկեղծ զրույցՙ չխուսանավելով որեւէ վիճահարույց հարցից: «Դուք պետք է փարատեք հոռետեսների այն կանխատեսումները, թե գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացումը չի բերելու շոշափելի արդյունքների: Դա առաջին հերթին պետք է անեն ակադեմիան, գիտնականները: Այն իշխանությունը, որը փորձում է ուժով իրեն կապել գիտնականին, որեւէ ապագա չի կարող ունենալ: Ակադեմիան եւ գիտնականը պետք է ձգվեն դեպի իշխանությունը, որովհետեւ վերջինս պետք է շահագրգռված լինի գիտության զարգացման ու մտավորականի կայացման մեջ: Ամեն տարի կտրուկ ավելացնելու ենք գիտությանը հատկացվող միջոցները, բայց պետք է վստահ լինենք, որ դրանք օգտագործվում են արդյունավետ, այլ ոչ թե գիտական հաստատությունները կատարում են սոցապ նախարարության դեր:
Եթե այսօր որոշեք ֆինանսավորումը դարձնել միայն բազային, վստահ եմ, որ կառավարությունը կհամաձայնի, միայն թե վաղը չասեք, թե մենք այդպես որոշեցինք: Եթե թեմատիկ ֆինանսավորումն օգտագործել եք որպես բազային, նույն մարդուն ընդգրկել եք այստեղ եւ այնտեղ, հիմա ինքներդ որոշեք, թե գումարները ինչ ձեւով եք ծախսելու: Ես երբեք չեմ ասում այնպիսի բան, որը 10 անգամ ստուգված չի եղել: Մեր պայմանը մեկն էՙ որ գումարները ծախսվեն արդյունավետ: 21-րդ դարում կրթության ցածր մակարդակ ունենալը նշանակում է ունենալ ցածր կենսամակարդակ», ասաց նախագահը:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետը տեղեկացրեց, որ ժողովում հաստատված առաջարկների փաթեթը մոտակա շաբաթվա ընթացքում քննարկման կդրվի կառավարությունում: «Կարծում եմ, ամենակարեւորը հասարակության ուշադրությանն արժանանալն է, կառավարության ծրագրերի, նորամուծությունների շուրջ մարդկանց համախմբելն ու նրանց հավատ ներշնչելն է», ասաց Տիգրան Սարգսյանը:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ