Պլովդիվում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնությունում հայ շախմատիստներից առայժմ բոլորից հաջող է հանդես գալիս ռուսաստանցի Սերգեյ Գրիգորյանցը, որը չորս տուրից հետո նույնքան միավոր է վաստակել եւ Էմիլ Սուտովսկու ու Լեւան Պանցուլայայի հետ գլխավորում է աղյուսակը: Գրիգորյանցը հերթական հաղթանակները տոնեց Զբինեկ Հրաչեկի եւ Էմանուել Բերգի նկատմամբ:
Հաջող է խաղում նաեւ Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը: 3-րդ տուրում նա հերթական հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով Ստոցեկի նկատմամբ: Եվ միայն 4-րդ տուրում, Իգոր Կուռնոսովի հետ մրցավեճում Սերգեյն առաջին կես միավորը կորցրեց:
Հայաստանցի շախմատիստներից 3-ական միավոր են վաստակել Վլադիմիր Հակոբյանն ու Տիգրան Պետրոսյանը: 3-րդ տուրում նրանք ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Տոմի Նիբաչի եւ Դրագիսա Բլագոեւիչի հետ, իսկ հաջորդ խաղում հաղթեցին Սերգեյ Զիգալկոյին ու Ալոիզ Յանկովիչին: 2,5-ական միավոր են վաստակել Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Քոթանջյանը, Կարեն Ասրյանը եւ Աշոտ Անաստասյանը: Գաբրիելը 3-րդ տուրում առաջին պարտությունը կրեցՙ զիջելով Յան Վեռլեին, իսկ հաջորդ տուրում հաշտություն կնքեց Վալերի Ավեսկուլովի հետ: Քոթանջյանը ոչ-ոքի ավարտեց պարտիաները Միխայիլ Ռոիզի եւ Սպիրիդոն Կարնիսիսի հետ: Անաստասյանն էլ 3-րդ տուրում առաջին անգամ պարտվեցՙ զիջելով Իվան Իվանիշեւիչին: Հաջորդ տուրում Աշոտը շտկեց դրությունըՙ հաղթելով Իլյա Խմելնիկերին: Ասրյանը մրցախաղերը ավարտեց խաղաղ արդյունքովՙ միավորը բաժանելով Միրչեա Պարլիգրասի եւ Վլադիսլավ Նեւեդնիչնու հետ: Արտաշես Մինասյանը վաստակել է 2, Դմիտրի Հարությունյանըՙ 1,5 միավոր:
Կանանց մրցաշարում մեր շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, որոնք վաստակել են 3-ական միավոր: Դանիելյանը երկու անընդմեջ հաղթանակ տոնեց Եկատերինա Ֆահրիդոուի եւ Նինո Բացիաշվիլու նկատմամբ: Իսկ Մկրտչյանը ոչ-ոքի ավարտեց պարտիաները Կատերինա Լահնոյի եւ Սոֆիկո Խուխաշվիլու հետ: 2,5-ական միավոր ունեն Նելլի Աղինյանն ու Լիլիթ Գալոյանը, 1,5ՙ Աննա Հայրապետյանը, 1ՙ Սիրանուշ Անդրեասյանը: Իսկ առաջատարը Եկատերինա Կովալեւսկայան է, որն առայժմ միավոր չի կորցրել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ