«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#77, 2008-04-23 | #78, 2008-04-24 | #79, 2008-04-26


«ԲԻԼԱՅՆԸ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀՈՎԱՆԱՎՈՐ

Երեկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում «Արմենտել» ՓԲԸ-ի (որը մատուցում է հեռահաղորդակցության ծառայություններ Beeline ապրանքանիշով) եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի միջեւ համագործակցության պայմանագիր ստորագրվեց, որով «Բիլայնը» Պեկինում կայանալիք ամառային 29-րդ օլիմպիական խաղերի ժամանակ ստանձնում է Հայաստանի օլիմպիական հավաքականի գլխավոր հովանավորի դերը: Պայմանագիրը ստորագրեցին ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Հայաստանում «Արմենտելի» գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գենադի Կալգաշկինը: Համագործակցության հուշագիր ստորագրեցին նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը եւ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը:

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն շատ լուրջ աշխատանքներ է տանում Պեկինի օլիմպիադային մեր մարզիկներին լավագույնս նախապատրաստելու ուղղությամբ: Մենք շատ ուրախ ենք, որ հենց «Բիլայնն» է ստանձնում Հայաստանի օլիմպիական հավաքականի գլխավոր հովանավորի առաքելությունը», նշեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Դմիտրի Պլեսկոնոսն էլ հետեւյալ կերպ արտահայտվեց. «Օժանդակելով Հայաստանի օլիմպիական թիմինՙ մենք ցանկանում ենք մեր լուման ներդնել հանրապետության օլիմպիական շարժման զարգացման եւ խոստումնալից մարզիկների պատրաստման գործում, ինչպես նաեւ քարոզել առողջ ապրելակերպ: Բացի այդ, մասնակցելով այսպիսի իրադարձությանը, մենք հնարավորություն ենք տալիս մեր բաժանորդներին նորովի ընկալել «Բիլայնի» ապրանքանիշի էությունը: Հայաստանի օլիմպիականներին միմիայն հաղթանակներ ենք ցանկանում Պեկինի օլիմպիադայում»:

Նշենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանի մարզիկները պաշտոնապես 17 օլիմպիական ուղեգիր են նվաճել: Դրանցից 6-ը բաժին է ընկնում ծանրորդներին, 4-ըՙ բռնցքամարտիկներին, 4-ըՙ ըմբիշներին, մեկականՙ ձյուդոյիստներին, հրաձիգներին ու թեթեւ ատլետներին: Օլիմպիական ուղեգրերի թիվը առաջիկայում հնարավոր է աճի: Մասնավորապես ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը լրացրել է օլիմպիական վարկանիշ եւ սպասում է մարզաձեւի միջազգային ֆեդերացիայից օլիմպիական ուղեգրի պաշտոնական ձեւակերպմանը:

Ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբիշները դեռ պետք է մասնակցեն վարկանիշային մրցաշարերի: Նույնը վերաբերում է նաեւ թեթեւ ատլետներին: Բացի այդ, բացառված չէ, որ ՄՕԿ-ը Հայաստանին այսպես կոչված «սպիտակ քարտ» հատկացնիՙ իրավունք վերապահելով որոշ մարզիկների եւս հանդես գալ օլիմպիական խաղերում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4