«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2008-04-24 | #79, 2008-04-26 | #80, 2008-04-29


ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՂԵԿԱՎԱՐԻ` ԼՂՀ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԾԵՐԸ ԱԺ-ՈՒՄ ՏԱՐԲԵՐ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ ՈՒՆԵՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ԶԼՄ-ներում մի շարք մեկնաբանություններ պատճառ էին դարձել, որ երեկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպի լրագրողներին: Խոսքը ԵԽԽՎ-ի` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» բանաձեւի եւ «Հանրահավաքների, ցույցերի, երթերի եւ զանգվածային միջոցառումների անցկացման մասին» օրենքի նախագծի փոփոխությունների վերաբերյալ ԱԺ նախագահի մեկնաբանություններին էր վերաբերում:

Բանաձեւի մասով. ըստ ԱԺ նախագահի, առաջարկներ կան, որ կարեւոր են, բայց դրանց զգալի մասը կապ չունեն մարտի 1-ի իրադարձությունների հետ: Կան դրույթներ, որոնք լիարժեք չեն համապատասխանում կատարված իրադարձությունների պատկերին` ակնհայտորեն սա ԵԽԽՎ լավագույն բանաձեւը չէ, քանի որ ԵԽԽՎ-ն կարճ ժամանակ է ունեցել բանձեւը կազմելու: Կան կարեւոր առաջարկներ, որոնց մասին պետք է խոսել, ուսումնասիրել բանաձեւի առաջարկները` մանավանդ ո՞վ չգիտե, որ մենք խնդիրներ ունենք ժողովրդավարության զարգացման, քաղաքացիական հասարակության կայացման, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների կարգավորման ասպարեզում: Այնպես որ, ըստ ԱԺ նախագահի, մենք պետք է հաշվի առնենք ամեն փաստաթուղթ, որն ուղղված է մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը:

Ընդդիմության հետ երկխոսության առաջարկի հիմքը ո՞րը պետք է լինի, ինչի՞ վրա պետք է կառուցվի երկխոսությունը, հարցրեց Տ. Թորոսյանը` նկատելով, թե պիտի ճշտվի երկխոսության ձեւաչափը եւ «ինչի՞ շուրջը»: Արտախորհրդարանական ընտրությունների մասին առաջարկներին էլ ի պատասխան ասաց, թե խորհրդարանական ընտրությունները 10 ամիս առաջ են եղել, ով ցանկություն ունեցել է` մասնակցել է, ում ընտրել են` նա խորհրդարանում է. ամեն տարի էլ մի ուժի մասին կարող են ասել, թե խորհրդարանում չէ. ուրեմն տարին մեկ ընտրություն պետք է անե՞լ, հարցրեց նա: Մարտի 1-ի իրադարձությունները քննող հանձնաժողով չի բացառվում, որ ստեղծվի հենց Ազգային ժողովում, եթե խորհրդարանական խմբակցությունները քննարկեն եւ նպատակահարմար համարեն:

Եթե նույնիսկ այդպիսի բան լինի` այս խնդիրը չափազանց մեծ պատասխանատվություն է պահանջում, այդ հանձնաժողովում աշխատող խորհրդարանականները չափազանց պատասխանատվությամբ պետք է վերաբերվեն խնդրին:

Երթերի, ցույցերի օրենքի փոփոխությունների մասով. ժամանակին, երբ օրենքը հապշտապ փոխեցին` ԱԺ նախագահը վստահ էր, որ այդ փոփոխություններն էլի հետ են փոխելու, սակայն այն ժամանակ իրավիճակն այլ էր: Հետմարտիմեկյան նոր փոփոխությունների վերաբերյալ քննարկումները եվրոպացի փորձագետների հետ ԱԺ նախագահի ձեւաչափով` էլի սուղ ժամանակի պատճառով էին, այժմ օրենքի փոփոխությունների նախագիծը բաց է, առաջարկ անել ցանկացողները կարող են այժմ էլ անել այդ առաջարկները, իսկ Վենետիկի հանձնաժողովը, ում փորձաքննության են ուղարկվել օրենքի փոփոխությունները, մինչեւ մայիսի 15-ը Ազգային ժողովին կուղարկի իր եզրակացությունը նոր փոփոխությունների վերաբերյալ:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի արտահերթ զեկույցին ԱԺ նախագահը դեռ չէր ծանոթացել, սակայն վերջինս իր զեկույցում, ըստ ԱԺ նախագահի, երեւում է, ասել է այն բոլորն, ինչ կարելի էր ասել այդ թեմայով. սա ակնարկ էր ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի այն ակնարկին, թե մարտիմեկյան իրադարձությունները քննող անկախ հանձնաժողով կարող է նաեւ ստեղծվել մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի ձեւաչափում:

Երեկ, ի դեպ, Ազգային ժողովը քվեարկությամբ մերժեց Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման վերաբերյալ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ «Ժառանգություն» խմբակցության` արդեն մի քանի ամիս շրջանառության մեջ գտնվող օրենքի նախագիծը: Նախագիծն այս քառօրյայի օրակարգում ընդգրկելու ելույթների ընթացքում ԱԺ նախագահն ու «Ժառանգության» պատգամավորները հասցրին նեղանալ իրարից: Ասվեց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այդ նախագծի բովանդակությանը դեմ չէ, սակայն դեմ է ներկայացնելու պահին եւ ձեւին, բացի այդ` նախագիծը ԼՂՀ-Հայաստանի արտաքին գերատեսչություն- ՀՀ ԱԺ եռաչափ քննարկում չի անցել նախապես: Իսկ, օրինակ, ՀՀԿ-ական Համլետ Հարությունյանն այդ օրինագծի գոյությունը համազգային խնդիրների սեփականաշնորհման փորձ համարեց մի ուժի կողմից: Մինչդեռ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը համարում էր, որ այս օրինագծի քննարկումը առիթ կդառնար բոլոր տեսակետները լսել խնդրի վերաբերյալ: Ի դեպ, երեկ Ազգային ժողովի դահլիճում շարունակեց քննարկվել ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը` սկսված նախորդ քառօրյայում հենց ԱԺ նախագահի առաջարկով, որի մասին մենք Տ. Թորոսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք նույն եռաչափ քննարկումն այս նախագիծն անցե՞լ է: Ըստ Աժ նախագահի` այստեղ խոսքը միայն Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին` մեր համարժեք վերաբերմունքի ձեւավորման մասին է միայն, ավելի լայն քննարկումներ ակնկալել պետք չէ, բացի այդ` ԱԺ կանոնակարգով հենց նախագահի առաջարկով հայտարարությունն այս ձեւաչափով էլ հենց պետք է քննարկվի:

Երբ Րաֆֆի Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք այս հայտարարության քննարկումն առիթ չէ՞ ԼՂՀ հարցի մասին ամբողջական տեսակետներ հայտնելու, ինչպես որ իր օրինագծի դեպքում էր ակնկալում, վերջինս նկատեց. «Այդ հայտարարությունն անատամ, անսկզբունք նմանակում է եւ փաստորեն փորձում է թույլ հիմունքներով փոխարինել ԼՂՀ-ն ճանաչելու օրենսդրական նախաձեռնությունը», ասաց նա` հիմնավորելով, թե այս հայտարարությունը հիմնված է ԵԽԽՎ 1614 բանաձեւի վրա, մինչդեռ ով ամբողջությամբ կարդա այդ բանաձեւը, կտեսնի, որ այնտեղ կա դիվանագիտական մտահոգություն, եթե չասենք` պարտություն:

Հ. Գ. Ի դեպ, երեկ ԱԺ նախագահին հարց ուղղվեց, թե կոալիցիոն նոր գործընկերոջը` ՕԵԿ-ին պորտֆելներ բաշխելիս տուժել է հենց ՀՀԿ-ն. «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը ոչինչ չի կորցրել. ճիշտ հակառակը, ստացել է ավելի մեծ պատասխանատվություն` ունենալով իր կուսակցության նախագահը որպես հանրապետության նախագահ, այդպիսով մեծացել են ե՛ւ մեր պատասխանատվությունը, ե՛ւ առաջադրած հարցերի իրականացման հնարավորությունը», պատասխանեց ԱԺ նախագահը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4