Այս բնորոշումն ունեցող կառավարության ծրագիրն ուղարկվեց ԱԺ հաստատմանը
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կառավարությունը երեկ արտահերթ նիստ էր հրավիրելՙ հաստատելու եւ խորհրդարանի քննարկմանը ներկայացնելու համար իր գործունեության 2008-2012 թվականների ծրագիրը: Հիշեցնենք, որ նիստին լրագրողները հետեւում էին կառավարության մամուլի կենտրոնիցՙ օն-լայն ռեժիմով: Ծրագրի հիմնական դրույթները ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Ծրագրում կառավարության գործունեության մի քանի հիմնական գերակայություններ են հռչակված: Դրանք են ազգային անվտանգության եւ ակտիվ տնտեսական քաղաքականության միջոցով կայուն զարգացման ապահովումը, արդյունավետ պետական, տեղական ինքնակառավարման եւ մասնավոր հատվածի կառավարման համակարգի ձեւավորումը եւ կորպորատիվ մշակույթի ներդրումը, կրթության եւ գիտության զարգացումը եւ այդ ուղղությամբ 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելը, երկրի տարածքային համաչափ զարգացումը, Հայաստանի քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությունը սոցիալական, առողջապահության, կենսաթոշակային ապահովվածության եւ մշակույթի բնագավառներում:
Վերոնշյալ 5 տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը, իրագործելով իր հավակնոտ անվանվող ծրագրերը, ակնկալում է տարեկան ունենալ 8-10 տնտեսական (ՀՆԱ) աճ, ներդրումների առնվազն 10 տոկոս աճ, տարածքային տնտեսական անհամամասնությունների էական նվազեցում, ոչ գյուղատնտեսական զբաղվածության 10 տոկոս աճ, հարկային եկամուտների հավաքման աճՙ ՀՆԱ նկատմամբ տարեկան 0,3-0,4 տոկոսային կետի չափով, աղքատության էական հաղթահարումՙ մինչեւ 11,2 տոկոսից ցածր ընդհանուր աղքատության մակարդակ եւ 1,6 տոկոսից ցածր ծայրահեղ աղքատության մակարդակ 2012-ին եւ այլն:
Մասնավորապես, աղքատության հիմնարար կրճատումն ու անհավասարության նվազեցումը կառավարության գործունեության հիմնարար ուղղություններից առաջինն է նշված: Այնուհետեւ նշվում են կառավարման համակարգի բարեփոխումները եւ կոռուպցիայի դեմ պայքարը, տնտեսական զարգացումը, սոցիալական ոլորտում ծառայությունների որակի բարձրացումն ու մատչելիությունը:
Կառավարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ դիտողություններ եւ առաջարկներ ստացվեցին կառավարության անդամներից, իսկ մինչեւ նիստը առաջարկներ էին արվել նաեւ իշխանական կոալիցիայի մեջ մտնող կուսակցություններից, ինչպես նաեւ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունից: Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկեց հավանություն տալ կառավարության ծրագրին, նրա մեջ ներառելով նիստի ժամանակ արված դիտողությունները, եւ ներկայացնել Ազգային Ժողովի քննարկմանը:
Նիստի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեցին էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Ներսես Երիցյանը, անդրադառնալով կառավարության տնտեսական քաղաքականությանը եւ կոնկրետ այն թիրախներին, որոնք կարեւորվել են, նշեց, որ հավակնոտ ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ գլխավոր պայմանը Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումն է բոլոր բնագավառներումՙ հարկային եւ մաքսային, պետական կառավարման մեջ, ինչպես նաեւ հարկ է մոբիլիզացնել ներքին ռեսուրսները, ներգրավելով նաեւ արտերկրի ներդրումները: Նախարարը ընդգծեց ծրագրի այն կետը, որը նախատեսում է պահանջկոտ սպառողի ձեւավորում, ինչը կարեւոր խթան է երկրի տնտեսական զարգացման համար:
Տիգրան Դավթյանը կառավարության ծրագրերը հավակնոտ համարելով, միաժամանակ ընդգծեց, որ դրանք նաեւ իրատեսական են եւ որ դրանց իրականացմամբ մենք կունենանք նոր որակ տնտեսության մեջ եւ զարգացման նոր իրավիճակ: Շատ ծրագրերում, որոնք իրականացնում է պետությունը, ակնկալվում է, որ հասարակությունն ու մասնավորը եւս կմասնակցեն դրանց: Միաժամանակ, այն ծրագրերում, որտեղ մասնավոր հատվածը կունենա հետաքրքրություններ, պետությունը պատրաստ կլինի իր մասնակցությունն ունենալ:
Տիգրան Դավթյանը երեկ հայտնեց նաեւ, որ էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրումը, որն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ, արդեն այս տարի իրականություն կդառնա: Մասնավորապես, կառավարության աշխատակազմում, ֆինանսների նախարարությունում ու էկոնոմիկայի նախարարությունում կներդրվի միասնական փաստաթղթաշրջանառության համակարգ: Մինչեւ տարեվերջ նման համակարգ կստեղծվի համայնքների համար:
«Ազգի» հարցին, թե ներկայումս աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ շրջանառվող պետական ծառայողների կենսաթոշակային ապահովության օրենքի նախագիծն ըստ էության հակասում է կենսաթոշակային համակարգի բարեփոխումների ռազմավարությանը եւ հնարավո՞ր է, որ այն ընդունվի կառավարության կողմից, Ներսես Երիցյանը պատասխանեց, որ յուրաքանչյուր նախաձեռնություն նախ քննարկվում է, հիմա նաեւ հասարակության կողմից, տեղի են ունենում բանավեճեր, հետո դրվում կառավարության քննարկմանը: Շրջանառվող օրենքի նախագիծը կառավարության կողմից ընդունված է համարվում, եթե կա կառավարության որոշում: