«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2008-04-24 | #79, 2008-04-26 | #80, 2008-04-29


ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԸ

Համաձայն ԵԱՀԿ-ի վերջերս իրականացրած հետազոտության, Հայաստանի արտագնա աշխատողների տարեկան քանակը կազմում է 17000 (ինչն աշխատուժի ընդհանուր թվում կազմում է տղամարդկանց 14 եւ կանանց 3 տոկոսը): Աշխատանքային միգրանտների մոտ 93 տոկոսը մեկնում է Ռուսաստան: Հայաստանից մեկնած արտագնա աշխատողների 90 տոկոսը շարունակում է աշխատել Ռուսաստանում` չունենալով դրա իրավունքը: Հաճախ այս անօրինական աշխատողները շահագործվում են` աշխատելով եւ բնակվելով ծանր պայմաններում, զոհ են դառնում մաքսանենգությամբ եւ թրաֆիկինգով զբաղվող կազմակերպված խմբավորումներին:

Վերջին ինը ամիսների ընթացքում «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի գործընկեր «Զինվորի մայր» հանրապետական բարեգործական ՀԿ-ն ավելի քան 500 անձանց խորհրդատվություն է տրամադրել արտագնա աշխատողների զինվորական ծառայության հարցի վերաբերյալ: Կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ն, որը Մարտունիում հյուրընկալում է ԵՀՀ «Միգրացիայի եւ վերադարձի ռեսուրս-կենտրոններ»-ին, օժանդակել է Արամ Գրիգորյանին նոր անձնագիր ստանալու եւ զինվորական ծառայությունից խուսափելու պատճառով քրեական հետաքննությունից զերծ մնալու հարցում, ինչը նա չէր կարող անել անձամբ, քանի որ աշխատում էր արտասահմանում: 2007-ի դեկտեմբերի 11-ին քրեական գործը կասեցվել է:

«5 տարուց ավելի զբաղվում ենք այս պրոբլեմով, թե ինչպես կարող են տղաները գալ Հայաստան, երբ արտագաղթել են 91-92-ին Ռուսաստանի տարբեր գյուղեր ու քաղաքներ, որտեղ անձնագրեր չեն տալիս: Կա օրենք, որտեղ ասվում է, թե ինչպես 27 տարեկան երիտասարդը կարող է գալ Հայաստան եւ գումար մուծել յուրաքանչյուր բաց թողած զորակոչի համար», երեկ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Զինվորի մայր» ՀԿ-ի նախագահ Գրետա Միրզոյանը:

Պարտադիր զինվորական ծառայություն չանցած եւ 27 տարին լրացած զինապարտ քաղաքացիները կարող են մուծել նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով: Իսկ բոլոր նրանք, ովքեր հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով ճանաչվել են ծառայության համար ոչ պիտանի` հանվելով զինվորական հաշվառումից, կարող են մուծել նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով եւ այլն:

Օտարերկրյա պետություններում գտնվող պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին կարող է դիմում ներկայացնել օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ծառայությանը կամ հյուպատոսական հիմնարկ: Դիմումի պատասխանը ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում սահմանված վճարները մուծում են բանկային համակարգի միջոցով: Այդ վճարներն էլ մուտքագրվում են ՀՀ պաշտպանության պետական լիազոր մարմնի կողմից այդ նպատակով բացված հատուկ հաշվում:

Սակայն, ինչպես նշեց Գրետա Միրզոյանը, 2005-ից չեն եղել այնպիսի երիտասարդներ, որոնք լքել են հայրենիքը ծառայությունից խուսափելու համար. «Տղաներն ուզում են վերադառնալ` այստեղ գտնելու իրենց երկրորդ կեսին: Վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում հայտնվել են 24 երիտասարդներ, որոնք չունենալով փաստաթղթեր հայտնվել են լուրջ պրոբլեմների առաջ: 310 հոգի արդեն վերադարձել են, իսկ ովքեր ունեն Ռուսաստանի գրանցում, ծառայում են այնտեղ: 5 տարվա մեջ 3000 մարդ մեզ են դիմել տարբեր հարցերով: 2005-ից հետո թույլ չենք տալիս երկրից դուրս գալ նրանց, ովքեր զորակոչի ենթակա են»:

Հայաստանի «Միգրացիայի եւ վերադարձի ռեսուրս-կենտրոնների» եւ Ռուսաստանի նմանատիպ կենտրոնների միջեւ փոխանակման խթանումը հնարավորություն է տալիս ռեսուրս-կենտրոնների աշխատակազմերին ավելի տեղեկացված լինել աշխատանքային միգրացիային առնչվող ՌԴ օրենսդրության վերաբերյալ, խորքային պատկերացում կազմել երկու կողմերի աշխատանքային միգրանտների առջեւ ծագող խնդիրների եւ մարտահրավերների մասին, ինչպես նաեւ հաստատել գործընկերական հարաբերություններ տեղեկությունների շարունակական փոխանակման եւ համագործակցության նպատակով:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4