«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#78, 2008-04-24 | #79, 2008-04-26 | #80, 2008-04-29


«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄՆ» ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռալֆ Երիկյանը համատեղ հուշագիր են ստորագրել Արցախի բջջային օպերատորի հերթական նվիրատվության մասին: Այս անգամ «Ղարաբաղ Տելեկոմը» որոշել է կատարել 500 միլիոն դրամի նվիրատվություն, որը կուղղվի Արցախում առողջապահական ծրագրերի իրականացմանը: Մասնավորապես, Ստեփանակերտում կստեղծվի նոր բժշկահետազոտական լաբորատորիա, ձեռք կբերվի ռեանիմոբիլ, ինչի կարիքն Արցախում խիստ է զգացվում: «Ղարաբաղ Տելեկոմի» շնորհիվ սկիզբ կդրվի նաեւ Մարտակերտի շրջանային նոր հիվանդանոցի կառուցմանը, որն, ի դեպ, ծրագրված էր իրականացնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով, սակայն գումարները չհերիքելու պատճառով շինարարությունը չէր սկսվել:

Ռալֆ Երիկյանը բավականին համեստ արտահայտվեց իրենց բարեգործական նախաձեռնության առթիվ եւ կոչ արեց Ղարաբաղում տնտեսական գործունեություն ծավալող սուբյեկտների ղեկավարներին, որպեսզի նրանք էլ սեփական եկամուտներից մասհանումներ անեն պետականանպաստ ծրագրերին:

Հուշագրի ստորագրումից հետո վարչապետը պատրաստակամություն հայտնեց պատասխանելու արարողությանը լրագրողների հարցերին: Մասնավորապես, հարց հնչեց, թե ինչո՞ւ Մարտակերտի շրջանային բուժհիմնարկի կառուցման ֆինանսավորումը չի իրականացվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից, ո՞ւր են կորել այդ նպատակով հանգանակված գումարները: Արա Հարությունյանը խորհուրդ տվեց լրագրողներին` նման հարցադրումով դիմել հիմնադրամի պատասխանատուներին: Նրա կարծիքով, սակայն, գումարները չհերիքելու պատճառը դոլարի արժեզրկումն էր:

Հնարավո՞ր է, որ «Ղարաբաղ Տելեկոմի» բարեգործությունները հետագայում փոխհատուցվեն հեռախոսավարձի սակագների բարձրացմամբ: Արա Հարությունյանն ասաց, որ կապված թվայնացման հետ, սակագները կփոխվեն: Դեռեւս ուսումնասիրություններ են կատարվում, սակայն ամենայն հավանականությամբ` ամսվա կտրվածքով մինչեւ 500 րոպե խոսելը կլինի անվճար: Նրա հավաստմամբ` դա միջին վիճակագրական ցուցանիշ է:

Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչպիսին կլինի մայրաքաղաքում ջրամատակարարման վիճակը հատկապես ամռան ամիսներին: Արա Հարությունյանը տեղեկացրեց, որ լուրջ ծրագրեր իրականացվում են: Ամառվա ընթացքում ստեփանակերտցիներն ամեն օր ջուր կունենան, իսկ շուրջօրյա ջրամատակարարման հարցը կլուծվի արդեն առաջիկա տարիներին:

Հարցերից մեկն էլ վերաբերում էր պետության կողմից ոչ պետական լրատվամիջոցներին աջակցելուն: Այս տարվա պետբյուջեով նախատեսված են նման գումարներ, սակայն առ այսօր ոչ մի լրատվամիջոց սուբսիդիա չի ստացել: Նախորդ տարիներին մի շարք ԶԼՄ-ներ տարբեր ծավալի ֆինանսական օժանդակություններ պետությունից ստանում էին: Վարչապետը նշեց, որ հասարակական կազմակերպություններին եւ զանգվածային լրատվամիջոցներին ֆինանսական աջակցման նպատակով ստեղծված է հանձնաժողով, բայց թե այդ ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկել հանձնաժողովը` ինքը տեղյակ չէ:

Լրագրողները դժգոհեցին նաեւ, որ որոշ նախարարներ խուսափում են մամուլի ասուլիսներից: Իր անձնական օրինակը բերելով, Արա Հարությունյանն ասաց, որ կառավարության թափանցիկ աշխատանքը միշտ ապահովված է, ինչ մնում է լրագրողներից խուսափող նախարարներին, նա խոստացավ այդ հարցը քննարկել:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4