Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ տուրում կենտրոնականն Աբովյանում «Արարատի» եւ «Բանանցի» միջեւ կայացած խաղն էր: Գավաթի եզրափակիչի մասնակիցները վճռորոշ հանդիպումից առաջ հնարավորություն ունեցան ծանոթանալու միմյանց: Երկու թիմերն էլ ակտիվ խաղ ցուցադրեցին: Խաղային որոշ առավելությունն արարատցիների կողմն էր, որոնց գրոհներն ավելի վտանգավոր էին:
Արդեն 7-րդ րոպեին Մարկոսի տուգանային հարվածից հետո «Արարատը» կարող էր բացել հաշիվը, սակայն հարվածը մի փոքր բարձր ստացվեց: Հյուրերն էլ վտանգավոր գրոհ ձեռնարկեցին 18-րդ րոպեին: Աջ թեւից Գյոզալյանը գնդակը հասցեագրեց տուգանային հրապարակ, որտեղից Զլատեւը փորձեց խոցել դարպասը, սակայն հաջող խաղաց «Արարատի» դարպասապահ Նիկոլայ Սարգսյանը: Այնուհետեւ երկու անգամ հաջողությանը մոտ էր արարատցի Սարգիս Մովսիսյանը: 28-րդ րոպեին եռաքայլ կոմբինացիայից հետո Մովսիսյանը հարմար դիրքից վրիպեց, իսկ քիչ անց կրկին հայտնվեց հարվածային դիրքում, սակայն այս անգամ դարպասապահ Մատյուգինը հետ մղեց գնդակը:
Դեռ նոր էր սկսվել 2-րդ խաղակեսը, երբ անկյունայինի խաղարկումից հետո Մովսիսյանը գրավեց դարպասը: Այդ գոլն էլ վճռեց հանդիպման ելքը: Մնացած ժամանակահատվածում թեեւ «Բանանցը» շատ ջանքեր գործադրեց, սակայն արարատցիները հմտորեն էին պաշտպանվում եւ կարողացան խաղը հասցնել հաղթական ավարտի: Թիմերի մարզիչները հետեւյալ կարծիքն արտահայտեցին:
Վարուժան Սուքիասյան («Արարատ»)-Ծանր խաղ էր: Երկու թիմերի ֆուտբոլիստներն էլ հոգնած էին, չէին հասցրել վերականգնել ուժերը գավաթի կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումներից հետո: Չորսօրյա ցիկլով խաղալը շատ դժվար է: Դաշտում ավելի շատ տակտիկական պայքար էր ընթանում: Երեւի մենք ավելի հաջողակ գտնվեցինք: «Բանանցը» լավ համալրված կոլեկտիվ է, ծանոթացել էինք թիմի լեգեոնականների խաղին, որոնք բավական վտանգավոր են գործում: Մեր պաշտպանությունը գերազանց գործեց` հնարավորություն չտալով մրցակցին լրջորեն սպառնալ դարպասին: Տղաների խաղից գոհ եմ:
Նեդելչո Մատուշեւ («Բանանց»)-Շնորհավորում եմ «Արարատին»: Այսօր լավ խաղ ստացվեց: Հաջողությունն «Արարատի» կողմն էր, որը մեկ գոլ խփեց ու հաղթեց: Մեր թիմը չկարողացավ ցուցադրել իրեն հատուկ խաղը: Այս ուղղությամբ դեռ շատ աշխատանք պետք է տանել: Նոր ֆուտբոլիստներ կան, որոնց ժամանակ է անհրաժեշտ կոլեկտիվին մերվելու համար: Առայժմ նրանք կայուն ելույթներով աչքի չեն ընկնում:
Անսպասելի արդյունք գրանցվեց Կապանում, որտեղ «Գանձասարը» 1-3 հաշվով զիջեց «Միկային»: Հյուրերը դեռեւս առաջին խաղակեսում 3 անգամ գրավեցին մրցակցի դարպասը` վճռելով խաղի ելքը: Հաշիվը 16-րդ րոպեին բացեց «Գանձասարի» նախկին ֆուտբոլիստ Արմեն Պետրոսյանը, ապա 2 անգամ աչքի ընկավ Նարեկ Բեգլարյանը: Միայն խաղի վերջին րոպեին Արսեն Ավետիսյանին հաջողվեց «թրջել» հաշիվը: Ներկայում «Գանձասարում» մեծ թվով լեգեոնականներ են հանդես գալիս: Ինչպես ցույց է տալիս թիմի մեկնարկը, առայժմ այդ քայլն իրեն չի արդարացնում: 3 հանդիպումներում կապանցիներն ընդամենը մեկ միավոր են վաստակել:
Առաջին հաղթանակը տոնեց «Ուլիսը»` խոշոր հաշվով (3-0) պարտության մատնելով «Կիլիկիային»: «Ուլիսի» կազմն այդ խաղում ամրապնդել էին «Միկայի» փորձառու ֆուտբոլիստներ Արտյոմ Ադամյանն ու Տիգրան Դավթյանը: Վերջինս նորամուտը գոլով նշեց: Մյուս երկու գոլերն իրենց օգտին գրանցեցին Արթուր Քոչարյանն ու Արթուր Բարսեղյանը:
Առաջնությունում անդրանիկ պարտությունը կրեց երկրի չեմպիոն «Փյունիկը»: Սեփական հարկի տակ փյունիկցիները 0-2 հաշվով զիջեցին «Շիրակին»: Չեմպիոնը առաջինը հնարավորություն ուներ բացելու հաշիվը, սակայն 21-րդ րոպեին Սարգիս Հովսեփյանը չիրացրեց 11 մ հարվածը: Իսկ ահա գյումրեցիներն իրենց հնարավորությունը ձեռքից բաց չթողեցին: Չորս րոպե անց նրանք ստացան 11 մ հարվածի իրավունք, որը Անդրանիկ Բարիկյանը հստակ իրացրեց: Ընդմիջումից քիչ անց Արարատ Հարությունյանն ամրապնդեց «Շիրակի» հաղթանակը:
Մրցաշարային աղյուսակ
Խ | Հ | Ո | Պ | Գ | Մ | |
1. Արարատ | 3 | 3 | 0 | 0 | 8-0 | 9 |
2. Միկա | 3 | 3 | 0 | 0 | 9-2 | 9 |
3. Շիրակ | 3 | 2 | 0 | 1 | 5-4 | 6 |
4. Փյունիկ | 3 | 2 | 0 | 1 | 2-2 | 6 |
5. Ուլիս | 3 | 1 | 0 | 2 | 3-3 | 3 |
6. Գանձասար | 3 | 0 | 1 | 2 | 2-5 | 1 |
7. Բանանց | 3 | 0 | 1 | 2 | 0-2 | 1 |
8. Կիլիկիա | 3 | 0 | 0 | 3 | 0-11 | 0 |
Ռմբարկուները
Նարեկ Բեգլարյան | «Միկա» | 5 |
Մարկոս | «Արարատ» | 3 |
Սարգիս Մովսիսյան | «Արարատ» | 3 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ