Արագ եւ ցավոտ բարեշրջումներ
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երեկ Ազգային ժողովում սկսվեց Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի քննարկումը: Ծրագրին հավանություն տալու հարցը 5 օրվա ընթացքում քվեարկությամբ պետք է որոշվի` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Երեկ վարչապետ Տ. Սարգսյանը հասցրեց ելույթ ունենալ եւ պատասխանել պատգամավորների հարցերին, այսօր ծրագրի վերաբերյալ կհնչեն պատգամավորների ելույթները եւ խմբակցությունների տեսակետները:
Վարչապետը նախ ներկայացրեց այն հիմնախնդիրները, որոնք կուտակվել են մեր երկրում եւ որոնց մասին կոալիցիա կազմող ուժերի ղեկավարները հնչեցրել են իրենց հրապարակային ելույթներում` հասարակության երկփեղկվածություն, բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ, ստվերային տնտեսության մեծ տեսակարար կշիռ, կոռուպցիա, պաշտոնյաների կամայականություններ, մրցակցության անհավասար պայմաններ, աղքատություն, որոնց լուծման գոյաբանական շրջանակը պետք է լինի արագ փոփոխվող աշխարհի ժամանակակից միտումներին համահունչ կանխատեսելն ու գործելը բարեշրջություն կատարելիս, աշխարհի զարգացած երկրների փորձի ոչ թե կրկնօրինակումը, այլ ուսումնասիրումն ու առաջ հայացք նետելը` պաշտպանվելով բացասական ազդեցություններից: Մեր զարգացման հիմնական ռեսուրսները ինտելեկտն ու տեղեկատվությունը պետք է լինեն, հասարակության եւ տնտեսության հենքը` գիտելիքը: Մի խոսքով` մեզ անհրաժեշտ են արագություն, անվտանգություն, հոգեւոր եւ մշակութային արժեքների պահպանում, մարդու ազատությունների ապահովում` փոխադարձ վստահության եւ հարգանքի մթնոլորտում: Ըստ ծրագրի` հասարակության պառակտման վերացման միակ եղանակը համատեղ ազնիվ աշխատանքն է, իսկ բամբասանքների, ստի, նենգության հաղթահարման ճանապարհը համատեղ քրտնաջան աշխատանքն է, իրագործման ճանապարհը` յուրաքանչյուր քաղաքացուն ծրագրի իրականացմանը մասնակից դարձնելը: Կառավարության արդյունավետ գործունեության որպես նախապայման նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից մեջբերվեց` Ներսես Շնորհալուց էլ հետը. «Միասնություն` գլխավորում, ազատություն` երկրորդայինում, սեր` ամեն ինչում»: «Մենք սատարելու ենք կառուցողական քննադատությունը, իսկ կազմաքանդող ապապետական քայլերը հանձնելու ենք ժողովրդի եւ օրենքի դատին», ասաց վարչապետ Սարգսյանը:
ԶԼՄ-ների հետ աշխատանքում այս կառավարությունը նոր մշակույթ է ներդնում` պատասխանատու լրատվամիջոցներ ունենալու համար նախ պետք է պատասխանատու կառավարություն ունենալ. «Մենք արձագանքելու ենք քննադատությանը, պատասխանատվության ենք կանչելու մեղավորներին, բայց պարտավոր ենք ազնիվ պաշտոնյաներին պաշտպանել զրպարտություններից եւ ստից»: Ծրագրի ներկայացումը մինչեւ այս միտքը ձգտում էր քաղաքական գնահատականների: Իսկ բուն ծրագրի գերակայություններն այս են. տնտեսական աճի բարձր տեմպի պահպանում (ցածր գնաճ, բյուջեի ցածր դեֆիցիտ, լողացող փոխարժեքի ռեժիմ), բարենպաստ դաշտ մասնավոր հատվածի համար: Կառավարության նպատակների մեջ են մտնում բիզնեսի եւ ներդրումների համար Հայաստանը տարածաշրջանային «գերազանցության կենտրոն» դարձնելը, սոցիալական ինտեգրումն ու համերաշխությունը, մարդկային կապիտալի զարգացումը, պետական եւ մասնավոր հատվածների արդյունավետ կառավարման համակարգի ձեւավորումը եւ կորպորատիվ համակարգի մշակույթի արմատավորումը, տարածքային համաչափ զարգացումը. այս գերակայությունների ֆոնին վարչապետ Տ. Սարգսյանը հռչակեց հինգ համազգային նախագծերի սկիզբը` Հայաստանը բիզնես-միջավայրի գերազանցության, կրթական, առողջապահական, կազմակերպված հանգստի, ֆինանսական կենտրոն դարձնելու վերաբերյալ:
Իսկապես հավակնոտ ծրագիր, ինչպես եւ իրենք` կառավարությունը ներկայացնողներն են սիրում կրկնել, որտեղ, ըստ վարչապետի, համայն հայության ներուժը դառնալու է մեր մրցակցային առավելությունը. «Մենք եկել ենք իրականացնելու փոփոխություններ: Հայաստանում ձեւավորված սպասումները թռիչքաձեւ զարգացման հնարավորություն են տալիս: Այն իրականացնելու համար մեզ անհրաշեշտ է ժողովրդի վստահությունը», ասաց վարչապետը: Նրա ուղերձներից անմասն չմնաց նաեւ ընդդիմությունը` կառավարության ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը մասնակցության հրավիրվեց:
Վարչապետն իր խոսքն ավարտեց էլի Ներսես Շնորհալու օգնությամբ. «Թող Աստված մեզ իմաստնություն տա ամեն ժամ խորհելու, խոսելու եւ գործելու, եւ փրկի, ազատի մեզ ամեն տեսակի չար խորհուրդներից, խոսքերից ու գործերից: Եվ ողորմի, ների մեզՙ արարածներիս եւ բազմամեղիս»:
Պատասխաններ լրագրողների հարցերին
Վարչապետ Տ. Սարգսյանը ԱԺ նիստի ընդմիջմանը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:
Հարուստները պետք է փոխեն իրենց կենցաղավարությունը, աղքատ երկրում չպետք է ցուցադրեն, եթե ուզում են համերաշխության մթնոլորտ ստեղծել` պետք է վարեն քրիստոնյա հայ մարդուն վայել կենցաղ. «Ինչպե՞ս ենք մեզ պահում մի երկրում, որի կառավարության թիվ մեկ խնդիրն աղքատության հաղթահարումն է»:
Մամուլի հետ աշխատանքում նոր ոճի որդեգրման վերաբերյալ տարբեր մեկնաբանություններին պատասխանեց. «Երբեւիցե դուք ծառայողական քննություն տեսե՞լ եք, որ իրականացվի վարչապետի հանձնարարականով մամուլում հրապարակված մի նյութի հիման վրա: Ուրեմն պաշտպանեք մեր մոտեցումը, ոչ թե միանգամից հարձակվեք մեզ վրա, ոչ թե այլափոխեք գաղափարը, այլ աջակցեք»:
«Ազգի» հարցերից մեկը վերաբերում էր վարչապետի ելույթի այն հատվածի մանրամասնմանը, թե մարդիկ նորովի չեն ուզում աշխատել եւ, օրինակ, մաքսային եւ հարկային համակարգում կա սաբոտաժ եւ շանտաժ. «Ես կարծում եմ` ինքներդ ականատես եք, թե մարդիկ ինչպես են ըմբոստանում, երբ մենք փորձում ենք օրենքը կիրառել ՀՀ-ում: Միանգամից հայտնվում են միտինգավորներ, որոնք բողոքում են, թե իրենց իրավունքը ոտնահարվում է, իրականում մենք փորձում ենք օրենքը ողջ ուժով կիրառել: Եվ չափազանց կարեւոր է, թե ովքեր են դրդում այդ մարդկանց հավաքվել կառավարության շենքի մոտ, որի նպատակն է, որ մենք մաքսային ծառայությունում բարեփոխումներ չանենք, այլ վերականգնենք հին ռեժիմը, երբ մաքսանենգ ճանապարհով կարելի էր ապրանքներ ներմուծել Հայաստան: Եվ երբ մենք հիմա փակել ենք այդ հնարավորությունը, այդ մարդիկ ցույցեր են կազմակերպում: Փոփոխությունները, որ մենք իրականացնում ենք, ցավոտ են, որովհետեւ մենք ստիպում ենք մարդկանց փոխել իրենց վարքագիծը, ցավոտ են, որովհետեւ մարդկանց մեջ իներցիոն մտածողություն եւ գործելակերպ կա»:
Եվրոպական հիմնարար չափանիշներին Հայաստանում հետեւելու հարցը ունեցավ մի փոքր անսպասելի պատասխան. «Մարդու իրավունքների, խոսքի ազատությունը ոչ թե եվրոպական չափանիշներ են, այլ հայկական չափանիշներ: Եթե ծանոթ եք Հայ առաքելական եկեղեցու նշանավոր գործիչներից մեկի` Մաղաքիա Օրմանյանի գրքին, նա խորիմաստ ամփոփումներ է կատարում Հայ առաքելական եկեղեցու մասին, դուք կտեսնեք, որ դրանք մեր ազգին բնորոշ հատկանիշներից են եղել: Ընդամենը պետք է բացահայտել եւ ներդնել: Եվ արհեստական մոտեցումը, թե մենք պետք է տրվենք եվրոպական արժեքների համակարգին` վիրավորական է: Վիրավորական է իրեն հայ համարող, արժանապատվություն ունեցող մարդու համար, որովհետեւ եվրոպական արժեքային համակարգը պետք է խարսխված լինի քրիստոնեական արժեքային համակարգի վրա, իսկ այսօր մենք տեսնում ենք եվրոպական բազմաթիվ այլանդակություններ, շեղումներ այդ համակարգից: Մենք կուրորեն չենք հետեւելու այնպիսի արժեքների, որոնք մեզ համար ընդունելի չեն, հարիր չեն հայ մարդուն, քրիստոնյա մարդուն: Եվ դա էլ կնշանակի գավառամտության հաղթահարում: Պետք չեն կրկնօրինակումներ, այլ պետք է վերադառնալ մեր ակունքներին», պատասխանեց սովորաբար եվրոպական արժեքներ կրողի համարում ունեցող վարչապետը: