«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2008-04-26 | #80, 2008-04-29 | #81, 2008-04-30


ՄԱՔՐԱԳՈՐԾՈՂ ՄԹՆՈԼՈՐՏ

Մի համերգի տպավորությամբ

«Շարական» հնագույն երաժշտության անսամբլի «Հայաստանը երգերում» (Կամերային երաժշտության տուն, ապրիլի 28) գողտրիկ, շատ գեղեցիկ համերգային ծրագիրը ոգեպինդ էր` ներշնչմամբ: Երգերի ընտրանին սկսած հնագույն շրջանից մինչ այս օրերը ներկայացնում էր հոգեւոր, ազգային, հայրենասիրական, գեղջկական-ժողովրդական բազմաոճ երաժշտապատկեր: Կատարված նուրբ ընտրությունը հայ երգարվեստի մշակույթը արժեւորելուց զատ ուներ ծրագրային նպատակ` արտաշխարհային զանազան անմաքուր «հարձակումներից» անաղարտ պահելու հայ մարդու, մշակույթի հոգեւոր նկարագիրը: Հնագույն տաղերն ու շարականները, ազգային հայրենաշունչ երգերն արտահայտում էին մարդկային կյանքի զանազան ելեւէջումներ` ուրախություն-վշտից մինչեւ պայքար-ընդվզումի ոգեկոչումներ:

Համույթի գեղ. ղեկավար Դանիել Երաժիշտը` արմատներով ազգային հոգեւոր մշակույթից սերվող մտավորական, համերգային ծրագիրը արդիաշունչ դարձնելու համար ներքին բովանդակությունն առնչել էր ներկա օրերի հայ մարդու հոգու տագնապներին: Համերգի լեյտմոտիվը «Որքան կապրի հայկական երաժշտությունը, այնքան կապրի Հայաստանը» Կոմիտասի խոսքերն էին: Ողջ համերգը ուղեկցող զրույց-մեկնաբանությունը Դանիել Երաժիշտին հատուկ մեղմ հումորով, անմիջական բնույթ, ընտանի, ջերմ մթնոլորտ էր ստեղծում: «Բրամսը երկու կարեւոր իրադարձություն հավասարեցնում էր իրար` Գերմանիայի միավորումը եւ Բախի ստեղծագործությունների հրատարակումը: Կոմիտասի երկերը հրատարակվել են, մնացել է Հայաստանի միավորումը»: Նա հիշեց նաեւ Գարեգին Նժդեհի այն խոսքերը, որ աշխարհագրական տարածքը երկրի մարմինն է, մշակույթը (մարդը)` հոգին, պիտի պահպանել երկուսն էլ:

Համերգին հնչեցին Մաշտոցի «Ապաշխարենք» շարականը, Ն. Շնորհալու «Ծննդյան տաղը», Պ. Ղափանցու «Տաղը», Մխիթար Այրիվանցու «Գանձը», ժողովրդական երգերի մշակումներ` «Ուստի կուգաս», «Երկինքն ամպել ա», Սայաթ-Նովայի գործերիցՙ նորովի մեկնաբանությամբ, «Կիլիկիա»-ի «Շարականի» տարբերակը, «Ողբ Վասպուրականի», «Գարահիսար», Կոմիտասի` 1915-ին գրված վերջին երգը` մանկան շուրթերով աղոթք առ երկինք` հայրենի երկրի փրկության համար (կատարողներ` Անահիտ Պապայան, միջազգային մրցույթի դափնեկիր Արմինե Սեյրանյան, Գեւորգ Հաճյան եւ դահլիճից նրանց միացած Գրիգոր Համբարյան):

Համերգը արժեքավոր էր ինչպես կատարողական-երաժշտական, այնպես էլ մեկնողական-տեղեկատվական տեսանկյունից, այն հարուստ էր համաշխարհային մշակույթի տարբեր երեւույթներին ու դեպքերին հընթացս աղերսվող իրազեկումով:

Եթե երաժշտությունը իրոք «ամենամաքուր հայելին է ցեղի», ապա դա կրկին հաստատեց «Շարական» համույթի այս վերջին համերգը: Հանդիսականը, վստահաբար, զգաց հայ տոհմիկ երգի, հոգեւոր ակունքներից սնվող զուլալ մեղեդու մաքրագործող ներազդեցությունը, այն իրոք կոչված է սեր ու միություն տարածելու: Ցավոք, այսպիսի մշակույթ կրողներն ու տարածողներն այսօր շատ սակավ են, եւ հանրությունը զրկված է այս հաղորդակցումից: Փոխարենը` հեռուստալսարանի վրա տեղում է այսօրվա տիրապետող երաժշտական աղբարկղի անճաշակ ու բութ արտադրանքը, եւ սերունդը փաստացի զրկված է իր մշակութային ինքնությունը ճանաչելու հնարավորությունից:

Կամերային երաժշտական դահլիճը, իհարկե, լեցուն չէր, բայց համերգի ավարտին բեմը ողողվեց ծաղիկներով:

Մարտի 1-ից հետո մշակութային օջախ չէի մտնում, սիրտ չունեի: Բայց պետք է շնորհակալ լինել այսպիսի երաժիշտներին, որոնք մեր հանրային կյանքի դժվարին ցնցումի այս օրերին կարողանում են մշակույթի ազգային զարկերակը պահել, ոգին, ողնաշարը պահել, թեկուզ` մի անկյունում:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4