«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2008-04-26 | #80, 2008-04-29 | #81, 2008-04-30


ՕՏԱՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ՈՐԴԵԳՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ՀԱՄԱՐ

«Հանուն որդեգրվող երեխայի շահի գերակայության իր ծննդավայրում եւ արտերկրում», այսպես կարելի է համառոտել այն սկզբունքը, որի շուրջը համախմբվել էին երեկ ՀՀ արդարադատության, սոցապահովության, ոստիկանության եւ արդարադատության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի UNICEF-ի հայաստանյան գրասենյակի բարձրաստիճան պատասխանատուները: UNICEF-ի կազմակերպած կլոր սեղանը խնդիր ուներ ոչ միայն եւս մեկ անգամ անդրադառնալու 2006 թվականին Հայաստանի վավերացրած «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիային, այլեւ գտնելու այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել օտար երկրներում որդեգրվածների անվտանգությունն ու ապահովությունը: Բանախոսները` արդարադատության նախարարից մինչեւ ոստիկանության աշխատակիցներ, միակարծիք էին, որ երեխան նախ պետք է երջանիկ լինի հարազատ ընտանիքում: Եթե դա անհնար է, երեխայից հրաժարվել են կամ նա ծնողազուրկ է, ապա պետք է ամեն բան անել նրա բարեկեցությունը հայրենիքում ապահովելու համար, իսկ եթե այս տարբերակն էլ է հարցականի տակ, ապա նրան հնարավոր է ընդգրկել այն երեխաների ցուցակում, որոնց կարող են առաջարկել արտասահմանցի որդեգրողներին: Սակայն հայաստանյան բանախոսների խոսքերից կարելի է ենթադրել, որ ավելի դյուրին է սեփական երեխան ունենալ, քան Հայաստանից երեխա որդեգրել, քանի որ դա բավականին տեւական գործընթաց է: Որդեգրվող երեխայի եւ որդեգրողների մասին տեղեկատվությունը քննարկվում է ՀՀ կառավարության յոթ հոգանոց պաշտոնյաների («արդարադատության, առողջապահության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ԿԳՆ նախարարներ, արտգործնախարարի եւ պաշտպանության նախարարի տեղակալներ, ՀՀ ոստիկանության պետ եւ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ» կազմով) հանձնաժողովում, որի, ինչպես նաեւ երեխայի բնակության վայրի ոստիկանության ու համայնքի համապատասխան բաժնի աշխատակիցների գրավոր թույլտվություններից հետո միայն հնարավոր է որդեգրման գրանցում: Տեւական ու խիստ վերահսկողության տակ գտնվող այս գործընթացի պարտադիր մաս են կազմում որդեգրողի ինքնության եւ սեփականության, ֆինանսական միջոցների բավարար առկայության եւ այլ վստահելի մանրամասներ որդեգրող երկրում կառավարության մակարդակով քննարկելուց եւ հաշվի առնելուց հետո միայն:

Արդարադատության նախարար Գ. Դանիելյանը ընդգծեց, որ երեխաների օտարերկրյա որդեգրումը ամենավերջին հնարավոր տարբերակներից է համարվում, որն այնքան էլ ցանկալի չէ: Այսպես թե այնպես, Հայաստանում վերջին 10 տարիներին օտարերկրյա որդեգրման են հանձնվել 500 երեխաներ, որոնք, ըստ ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Ա. Կարապետյանի հավաստիացման, շատ լավ վիճակում են եւ նրանցից որեւէ մեկի ճակատագրի համար անհանգստանալու հարկ չկա: Իսկ վերջին 3 տարիների որոշ վիճակագրական տվյալները ներկայացրեց արդարադատության նախարարը: Ըստ դրանց, Հայաստանից երեխաների օտարերկրյա որդեգրման 284 դիմում է ստացվել, որդեգրվել է 225 երեխա, որից 65 տոկոսը աղջիկներ են:

Ուշագրավ էր նաեւ Ա. Կարապետյանի այն հայտարարությունը, թե հայ որդեգրողները ավելի հակված են բարեկամական որդեգրմանՙ քույրը որդեգրում է եղբոր երեխային, եղբայրը` քրոջ, երկրորդ տեղում են մանկատներում պահվող առողջ երեխաները, իսկ հաշմանդամ երեխաներին հայաստանցիները չեն որդեգրում: «Ազգի» հետ առանձնազրույցում Ա. Կարապետյանը նշեց նաեւ, որ արտասահմանյան հիմնականում հայաշատ երկրներից են որդեգրման հայտ ներկայացնողները` ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Կանադան, որտեղի որդեգրողներից 65 տոկոսը հայ է կամ հայկական ծագում ունի:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4