Աբխազիայում եւ Հարավային Օսիայում իր ներկայությունն ուժեղացնելու Մոսկվայի մտադրություններն էլ ավելի շիկացրին ռուս-վրացական հարաբերությունները: Քաղաքական մթնոլորտը հագեցած է բարձրագույն մակարդակով փոխադարձ մեղադրանքներով ու սպառնալիքներով: Ընդսմին, ոչ միայն երկկողմ:
Հատկանշական է, որ հակամարտության մեջ սկսում են ներգրավվել նաեւ ստորին խավերը: Օրերս Չերկեսկում կայացածՙ աբխազական պատերազմի վետերան-կամավորների արտակարգ համագումարը որոշում է ընդունել Վրաստանի կողմից Աբխազիայի նկատմամբ ուժով հսկողություն հաստատելու փորձերի դեպքում օգնության հասնել եղբայրական ժողովրդին: Քրիստոնյա օս հավատակիցներին իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանի հարավային տարածաշրջանների կազակները:
Չպետք է կարծել, թե սրանք լուրջ ուժեր չեն երկու պետությունների առճակատման պարագայում: Ժամանակին Թբիլիսիի դեմ կռվում էին երկու տասնյակից ավելի ժողովուրդների ներկայացուցիչներ, որոնց զինվորական ստորաբաժանումները ձեւավորվել էին ազգային հատկանիշով: Այսօր գուցեեւ տեղին չէ հիշել, սակայն չեչենների գումարտակը, օրինակ, գլխավորում էր տակավին ահաբեկիչ չդարձած Շամիլ Բասաեւը, եւ նրա մարտիկները լավագույն կռվողներից էին: Եվս մի հանգամանք, հակավրացական տրամադրությունները Ռուսաստանում այնքան ուժեղ են, որ անհրաժեշտության դեպքում Հյուսիսային Կովկասի ժողովուրդներից բացի Աբխազիայում կհայտնվեն նաեւ բազմաթիվ այլ կամավորներ:
1996 թվականից Կովկասի ժողովուրդների կոնֆեդերացիան դադարեցրել էր իր գործունեությունը: Սակայն հիշյալ համագումարում կոչեր հնչեցին վերածնելու այդ կազմակերպությունը Վրաստանի վերջին ագրեսիվ գործողությունների կապակցությամբ: Եթե վրացիները բարեկամներ ունեն Արեւմուտքում, ապա նրանք պիտի իմանան, որ աբխազներն էլ բարեկամներ ունեն, հայտարարեցին համագումարի մասնակիցները, եւ ժամանակն է միավորվելու եւ ստեղծելու միասնական կոորդինացիոն կենտրոն:
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա