Ֆրանսիայում եւ այլուր լայնորեն հայտնի դերասան եւ բեմադրիչ Սերժ Ավետիքյանի որդին` Հովնաթան Ավետիքյանը, որոշել է գնալ հոր հետքերով եւ վերջին տարիներին հանդես է եկել մի շարք ներկայացումներում, մասնավորապես նշանավոր բեմադրիչ Իրինա Բրուկի «Երազին սպասելիս» թատերախաղում: Փարիզի «Աշխարհ» թերթը հաղորդում է, որ մոտ օրերս Ֆրանսիայի մայրաքաղաքի թատրոններից մեկում նա Մարկոս Անտոնիոսի դերը կկատարի Շեքսպիրի «Հուլիոս Կեսարում»: Հուլիոս Կեսարի դերում հանդես կգա հայրը` Սերժ Ավետիքյանը:
Հովնաթանը «Աշխարհ» թերթին օրերս տված հարցազրույցում խոստովանել է, որ դպրոցում ինքը աչքի չի ընկել ջանասիրությամբ, քանի որ դասավանդվող առարկաներից շատերն իրեն չէին հետաքրքրում: 15 տարեկանում թողել է դպրոցը, բավական զայրացնելով ծնողներին: Գրպանի փող ունենալու նպատակով աշխատել է բար-սրճարաններում, մեկ տարի զբաղվել պատահական գործերով:
Իրեն հրապուրող թատերական արվեստի մեջ մասնագիտանալու նպատակով Հովնաթանը ընդունվել է Փարիզի 10-րդ շրջանի դրամատիկ արվեստի դպրոց, ապա կրթությունը շարունակել մեկ ուրիշ ուսումնական հաստատությունում:
18 տարեկանում հանդիպել է Իրինա Բրուկին եւ մի շարք դերեր կատարել նրա բեմադրած պիեսներում: Դրանցից վերջինը 2008-ի ապրիլին փարիզյան թատրոններից մեկում բեմադրված «Մի ոդիսականն» է:
Հովնաթանն ասում է, որ Իրինա Բրուկի հետ իր դերերը պատրաստելիս ինքը անսում է սեփական մարմնի ձայնին, հղկում իր շարժումները: Ինչ վերաբերում է տեքստերին, դրանց յուրացումն իր համար որեւէ դժվարություն չի ներկայացնում:
Հարցազրույցում Հովնաթանը նաեւ պատմում է, որ իր դասընկերներից ոմանք աշխատում են հեռուստատեսությունում, բավական շատ են վաստակում, բայց ինքը նախընտրում է մնալ թատրոնում, որն իր «հոգեւոր սնունդն» է:
Մարսելի «Կոմպանի Սկեչափ» թատերախմբի հետ Հովնաթանը խաղացել է բելգիահայ Կարոլին Սարաֆյանի «Հայկական փաստաթղթեր» պիեսում, որը պատմություն է գնացքում մի երիտասարդ հայի եւ մի թուրքի հանդիպման մասին:
Արտասահմանյան շրջագայությունների ընթացքում Հովնաթանը ելույթներ է ունեցել Ֆրանսիայի անդրծովյան տիրույթ Ռեունյոն կղզում, Գերմանիայում եւ այլուր: Նա պատմում է, որ արտերկրում ֆրանսալեզու հանդիսականները ներկայացումները դիտում են մեծ ոգեւորությամբ եւ ջերմ ընդունելություն են ցույց տալիս, իսկ Փարիզում հանդիսականն ուրիշ է եւ դերասաններին վերաբերվում է կամ չարությամբ, կամ էլ ներողամտությամբ:
Ինչ վերաբերում է Հայաստանին, երիտասարդ դերասանն այնտեղ 8 տարի առաջ նկարահանվել է «Հողաչափը» ֆիլմում, բայց դրանից հետո չի այցելել մայր հայրենիք: Ինքը կուզենար շրջել ոչ միայն Հայաստանում, այլեւ Թուրքիայում, Կիլիկիայում, Սիրիայում, վայելել Արեւելքի ջերմ ու հյուրընկալ մթնոլորտը:
Պատրաստեց Պ. Ք.